
Ցամաքած գետի «տիրակալը», կամ ծաղկող ու չորացող Սպահանի լուռ վկան
Սպահանի կենտրոնական Չահարբաղի փողոցը Նոր Ջուղա հայկական թաղամասին կապող «Սիոսեփոլ» կամուրջը քաղաքը խորհրդանշող տեսարժան վայրերից է: Համացանցում «Սպահան» որոնելիս այն միանգամից հայտնվում է որոնման համակարգի տարբեր էջերում: 17-րդ դարի ֆրանսիացի ոսկերիչ և ճանապարհորդ Ժան Շարդենն այն նույնիսկ պատկերել է, երբ այցելել է Սպահան:
«Սիոսիփոլ» անվանումը եկել է կամրջի 33 կամարներից, և պարսկերենից թարգմանաբար նշանակում է «սիո-սե»՝ «եռեսուներեք սյունամեջ տարածքներ» և «փոլ»՝ «կարմուրջ»: Այլ կերպ ասած` «33 կամարների կամուրջ»:
Սակայն դա կամուրջի միակ անվանումը չէ: Այն կոչում են նաև «Ալլահվերդի խանի կամուրջ»: Ալլահվերդին պարսից զորքերի հայազգի հրամանատար է եղել Սեֆյան հինգերորդ արքա Շահ Աբաս Առաջինի օրոք: Նրա վերահսկողության ներքո էլ 1599-1602թթ. կառուցվել է 33 կամարների կամուրջը:
Չնայած հայերի և վրացիների միջև դեռևս բանավերճ է ընթանում Ալլահվերդի զորավարի ազգույթան շուրջ, որովհետև վրացիները Ալլահվերդի զորավարին վրացի են համարում, իսկ հայերը` Վրաստանի ծագման հայ` նաև փաստարկելով, որ Նոր Ջուղա հայկական թաղամասը Սպահանին կապելու շահագրգռվածությունը հայ զորավարը կարող էր ունենալ:
«Սիոսեփոլը» Զայանդերուբ գետի վրա կառուցված 11 կամուրջներից ամենաերկարն է` մոտ 300 մետր է, լայնությունը՝ 14։ Այն երկհարկանի է, վերևի հարկը կառուցված է կավից և աղյուսից, ներքևինը` քարից: Կամարների ներսն ի սկզբանե նկարազարդ է եղել, և այդ նկարները Սպահան այցելած զբոսաշրջիկները բնութագրել են «էրոտիկ»:
Կամրջի սկզբում թեյարան է գործել, որի տակից հոսել է Զայանդերուբը և գրավել զբոսաշրջիկներին: Սակայն այժմ այնտեղ թեյարան չի գործում, որովհետև ցամաքել է նաև Զայանդերուբը:
Զայանդերուբ գետը, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է` «կյանք տվող գետ», 2010 թվականից սկսեց ցամաքել Սպահանում: Նախկինում Զայանդերուբն ամենաջրառատ գետն էր, որը նաև մշտահոս էր, չնայած Իրանի այլ գետերի, որոնք ամռան ամիսներին ցամաքում էին: Զայանդերուբը նույնիսկ ամենաշոգ ամիսներին էական հոսք էր ունենում:
Զայանդերուբի ավազանից սնվել և ոռոգվել է 2700 քկմ տարածք: Զայանդերուբի ջրերը «կյանք են տվել» կենտրոնական Իրանի, մասնավորապես Սպահանի և կրոնական Յազդ քաղաքի բնակիչներին: Նրանցից յուրաքանչյուրին քաղաքային տարածքներում օրական 240 լիտր ջուր էր բաժին հասնում, գյուղական հատվածներում` 150 լիտր: 1970-ականներին գետի հոսքը գնահատվել է վայրկյանում 38 խմ:
Համաձայն պաշտոնական հաշվարկների` այժմ գետի հոսքի 80%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 10%-ը` մարդիկ են սպառում խմելու և տնային կարիքների համար, 7%-ն օգտագործվում է արդյունաբերական նպատակներով` մետաղական, նավթաքիմիական վերամշակման գործարանների և հիդրոէլեկտրակայանների համար, իսկ 3%-ն այլ ուղղություններով է ծախսվում:
Անապատի կենտրոնում գտնվող քաղաքի կենսունակությունը, բնակչության թվի աճը, տնտեսական վերելքն ու զարգացումը, ինչպես նաև կանաչապատումն ապահովել է հենց Զայանդերուբը: 1939-41թթ. անցկացրած մարդահամարի տվյալներով Սպահանը 205 հազար բնակչություն է ունեցել, 1996թ. մարդահամարի տվյալներով` 1,2 մլն բնակիչ: 2016-ին արդեն Սպահանի բնակչության թիվը հասել է 2 մլն-ի:
Պայմանավորված գետի հոսքի նվազմամբ` տարբեր տարիներին մի քանի նախագծեր են մշակվել Իրանի այլ գետերից ջրի հոսքը Զայանդերուբ ուղղելու նպատակով, սակայն դրանք ևս նշանակալի արդյունքներ չեն տվել, և հազիվ կարողացել են բավարարել խոշորացող համայնքների և տնտեսական հսկաների ջրի պահանջարկը:
Չնայած Զայանդերուբի ցամաքելու պատճառները կառավարող մարմինները փորձում են կապել գլոբալ տաքացման և ջրազրկման հետ, այդուհանդերձ, բնապահպաններն ընդգծում են մարդածին գործոնները և առավել կարևոր համարվող տնտեսական շահերը:
Ջրավազանի ոչ արդյունավետ կառավարումն ու անվերահսկելի ջրօգտագործումը բերել են նրան, որ Զայանդերուբը ցամաքել է մինչ Սպահան հասնելը: Այսօր արդեն Սպահանում խոսում են օդի գերաղտոտվածության, հիվանդությունների թվի աճի և սկսված զանգվածային արտագաղթի մասին:
33 կամարների կամուրջը շարունակում է մնալ քաղաքի հնագույն ու պատմական արժեք ունեցող տեսարժան վայրը, և նույնիսկ ցրտերին զբոսաշրջիկների գրավում հեռվից լույս տվող իր լապտերներով:
«Սիոսիփոլը», սակայն, արդեն ոչ թե որպես գետի երկու հատվածները կապող կամրջի իր գործառույն է կատարում, այլ դարձել է հուշարձան և հիշողություն, որ մի ժամանակ Սպահանն ու Նոր Ջուղան գետով էին բաժանված: Այն վկան է եղել Սպահանի ծաղկման, զարգացման ու վերելքի, իսկ այժմ լուռ հետևում է նրա հետընթացին:
Մեկնաբանել