HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Հրաժե՞շտ «Ֆանտաստիկ դեսպանին»

Ջոն Էվանսը՝ Հայոց ցեղասպանության «զոհ»

Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Մեթյու Բրայզան թեեւ Երեւանում «ֆանտաստիկ դեսպան» որակումը տվեց Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար æոն Էվանսին, վերջինիս ետ կանչելու հավանականության մասին խոսակցությունները չեն դադարում: Մարտի 7-ին Երեւանում հրավիրած ասուլիսում Բրայզան ասաց, որ նման տեղեկություններ չունի: «Նա ֆանտաստիկ դեսպան է: Նա, ինչպես մենք բոլորս, ծառայում ենք Մ. Նահանգների նախագահին: Որոշում կայացնելը նախագահի գործն է: Բայց ես ուզում եմ ասել, որ դեսպան Էվանսն այստեղ հիանալի թիմ է հավաքել»,-ասաց Բրայզան:

Ասուլիսի ընթացքում դեսպան Էվանսը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց իրեն ետ կանչելու լուրերը: «Իմ կարծիքով՝ որեւէ դեսպան հավերժ չի մնում: Ես չգիտեմ, թե երբ եմ հեռանալու Հայաստանից եւ իմ՝ աշխատանքից դուրս գալու փաստաթղթերը չեմ ներկայացրել»,-ասաց նա:

Դեսպան Էվանսին ետ կանչելու մասին տեղեկություններն արդեն մեկ տարի շրջանառության մեջ են, եւ կան մեկնաբանություններ, որ դրա պատճառը մոտ մեկ տարի առաջ նրա արտահայտած տեսակետներն են ամերիկահայերի հետ Սան Ֆրանցիսկոյում կայացած հանդիպման ընթացքում: 2005թ. փետրվարի 19-ին Էվանսը «ցեղասպանություն» էր որակել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Մեծ եղեռնը: «Այսօր ես կանվանեմ դա Հայոց ցեղասպանություն»,-ասել էր նա՝ հավելելով, որ խորհրդակցել է Մ. Նահանգների պետքարտուղարության իրավաբանի հետ, որը հաստատել է, որ 1915թ. իրադարձությունները «ձեւակերպմամբ ցեղասպանություն էին»: Էվանսը նշել էր, որ չնայած ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները խուսափում են «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց, նրանցից ոչ ոք չի ժխտել այն»: Մյուս կողմից, դեսպանը նկատել էր, որ ամերիկացիներին հարիր չէ բառախաղով զբաղվել: «Հայոց ցեղասպանությունն առաջին ցեղասպանությունն էր 20-րդ դարում... Մենք շատ սխալներ գործեցինք Առաջին համաշխարհային պատերազմից հետո»,-ասել էր նա:

Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում ամերիկահայերի հետ հանդիպմանը Էվանսը պնդել էր նաեւ, որ չնայած Մ. Նահանգների վարած պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման քաղաքականությանը, «բոլորը հասկանում են, որ Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանին, քանի որ դա աղետալի քայլ կլինի»: Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովի այն հայտարարությունը, թե «25 տարի անց քարտեզի վրա Հայաստան չի լինի», դեսպան Էվանսը զայրացուցիչ էր անվանել այդ խոսքերը եւ հայտարարել, որ «այն հետ է բերել հայերի բոլոր վատ հիշողությունները»:

Ընդամենը մի քանի օր անց, արդեն Երեւանում, Էվանսը սրբագրեց իր խոսքերը՝ ասելով. «Չնայած ես նշել եմ, որ Մ. Նահանգների քաղաքականությունը հայկական ողբերգության վերաբերյալ չի փոխվել, սակայն օգտագործել եմ «ցեղասպանություն» բառը, որն արտահայտում էր իմ անձնական տեսակետը: Սա, թերեւս, տեղին չէր»: Լեռնային Ղարաբաղի առնչությամբ դեսպան Էվանսը նկատել էր, որ «ԱՄՆ կառավարությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ կարծում, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների միջոցով»: Հայտարարության վերջում դեսպան Էվանսը «խոր ափսոսանք էր հայտնել իր մեկնաբանությունների արդյունքում ձեւավորված թյուրըմբռնումների համար»:

Էվանսի հայտարարություններից հետո Արտաքին քաղաքականության ամերիկյան ասոցիացիան որոշեց Հայաստանում Մ. Նահանգների դեսպանի խիզախությունը գնահատել եւ նրան շնորհել «Քրիսթիան Ա. Հերթեր» կամ «Կառուցողական այլախոհ» մրցանակը: Սակայն կարճ ժամանակ անց ասոցիացիան վերանայեց իր որոշումը եւ Էվանսին զրկեց մրցանակից, որը շնորհվում է ամերիկացի այն պաշտոնյաներին, ովքեր արտահայտում են ամերիկյան քաղաքականությունից տարբերվող տեսակետ: 2005թ. հունիսի 9-ին հեղինակավոր «Washington Post»-ը բացահայտեց, որ Էվանսը մրցանակից զրկվել է «Պետքարտուղարության շատ լուրջ անձանց ճնշման տակ»:

Մ. Նահանգների պետքարտուղարության խոսնակ Շոն ՄքՔորմաքը նախորդ շաբաթ մամուլի ասուլիսում ասաց, թե տեղյակ չէ Էվանսին ետ կանչելու լուրերից. «Տեղյակ չեմ, որ մենք որեւէ մեկին ետ ենք կանչել: Կարծում եմ, որ նա դեռեւս ծառայում է իբրեւ դեսպան Հայաստանում»:

Անցած շաբաթ Կոնգրեսի լսումների ընթացքում Կալիֆոռնիայից կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով խորհրդական Դենիել Ֆրիդին գրավոր հարց է ուղղել՝ փորձելով պարզել' արդյո՞ք ճիշտ է, որ Էվանսը ետ է կանչվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, եւ եթե դա այդպես չէ, ինչո՞ւ է դեսպանի ծառայության ժամկետը Հայաստանում կարճվում: Ինչպես հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը, կոնգրեսականը Ֆրիդին հարցրել է նաեւ. «Արդյո՞ք պետքարտուղարության աշխատակիցներին պաշտոնապես արգելվում է 1,5 միլիոն հայերի կոտորածը ցեղասպանություն որակել»:

Հայկական «Կալիֆոռնիա կուրյեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը պարբերականի վերջին համարում գրել էր, որ առաջիկայում Էվանսին ետ են կանչելու, իսկ Հայաստանում Մ. Նահանգների դեսպանի նոր հավանական թեկնածուն Ռիչարդ Հագլանդն է, ով ներկայումս Մ. Նահանգների դեսպանն է Տաջիկստանում: Սասունյանը իր տեղեկությունները ստացել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից, ում Էվանսը տեղեկացրել է առաջիկայում Հայաստանին հրաժեշտ տալու մասին:

Ի դեպ, մարտի 10-ի երեկոյան հայկական «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերից Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը դեսպան Էվանսին ետ կանչելու մասին հարցին ի պատասխան ասաց. «Ոչ ուզում եմ հաստատել, եւ ոչ էլ հերքել: Ես իրավունք չունեմ դրա մասին խոսել»:

Եթե Էվանսն, իրոք, ետ կանչվի, ապա նա կլինի Հայաստանում Մ. Նահանգների բոլոր դեսպաններից առաջինը, որի դիվանագիտական առաքելության ժամկետը տեւում է երեք տարուց պակաս: Էվանսը դեսպան է նշանակվել 2004թ. ամռանը: Ամերիկյան մյուս դեսպանները' æոն Օրդուեյը ( 2001-2004 ) , Մայքլ Լեմոնը ( 1999-2002 ) , Փիթեր Թոմսոնը ( 1996-1998 ) , Հարրի Գիլմորը ( 1993-1995 ) , Երեւանում մնացել են երեք տարի: Սթիվեն Մանը, ով այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահն է, եղել է Հայաստանում Մ. Նահանգների առաջին դեսպանը, ավելի ճիշտ' ժամանակավոր հավատարմատարը (1992-1993):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter