HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմավիրի անձնագրային բաժանմունքի պետի դուստրը որոշել է ծառայություններ մատուցել Երևանի անձնագրային ծառայության ստորաբաժանումներում

Անձնագրային և վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի պետ Արա Ավանեսյանը որոշել է անձնագրային և վիզաների վարչության, դրա տարածքային որոշ ստորաբաժանումների շենքերում լուսանկարահանման, պատճենահանման և նմանատիպ այլ ծառայություններ մատուցել:

Ավանեսյանի 22-ամյա դստերը պատկանող «Հուռնետ» ընկերությունը ամիսներ առաջ անձնագրային ծառայություններից մի քանիսում արդեն իսկ այդ ծառայություններ մատուցող սարքավորումներ է տեղադրել:

Անձնագրային ծառայությունների հարակից տարածքում գործող անհատ ձեռնարկատերերը իրենց մտահոգությունն են հայտնել այս ընկերության մենաշնորհային դիրքից:

«Հուռնետ» ընկերությունը գրանցվել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, դրա 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Արա Ավանեսյանի դուստրն է՝ Արմինե Ավանեսյանը: Նա ընկերության սեփականատեր է դարձել, երբ դեռ 20 տարեկան էր:

Արմավիրի անձնագրային բաժանմունքի պետ Արա Ավանեսյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ «Հուռնետ» ընկերության գործունեության վերաբերյալ։ «Չէ, ոչ մի հարցի ես չեմ կարող պատասխանել: Իմ աղջիկը ստեղ չի հիմա», - նշեց նա:

Հարցին՝ տեղյակ չէ այս ընկերության գործունեությունից, Ավանեսյանն ասաց՝ ոչ և անջատեց հեռախոսը:

Արա Ավանեսյանին պատկանող ընկերությունը լուսանկարահանման, պատճենահանման և նմանատիպ այլ ծառայություններ մատուցելու համար ոստիկանություն անձամբ է դիմել հենց հիմնադրման տարում:

Ոստիկանությունից հայտնել են, որ 2017 թվականին «Հուռնետ» ընկերությունը առաջարկել է անձնագրային և վիզաների վարչության, տարածքային ստորաբաժանումներում տեղադրել լուսանկարահանող, պատճենահանող և նմանատիպ այլ ծառայություններ մատուցող սարքավորումներ: Ընկերությունը ոստիկանությանը խոստացել է՝ այդ ծառայությունների շնորհիվ էապես բարելավել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և որ քաղաքացին ստիպված չի լինի նմանատիպ ծառայությունների համար դուրս գալ շենքից՝ մոտակայքում փնտրելով այդ ծառայությունները մատուցող ընկերություններ:

Ոստիկանությանը այս առաջարկը հետաքրքրել է: Կնքվել է նախնական համագործակցության համաձայնագիր: Փորձնական շահագործման պայմանով տեղադրվել են սարքավորումները։ «Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մատուցվող ծառայությունների արժեքները մի քանի անգամ ավելի մատչելի են գումարային առումով, առանց շենքից դուրս գալու քաղաքացիները ստանում են այդ ծառայությունները», - հայտնել է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանության փոխանցմամբ՝ «Հուռնետ» ընկերության հետ վերջնական պայմանագրի կնքումից հետո պետբյուջե կվճարվեն տարածքի վարձակալության համապատասխան գումարներ, իսկ այժմ սարքավորումները չեն գործում, անջատված և հանված են, մինչ ոստիկանության կողմից փաստաթղթերը կուղարկվեն պետական գույքի կառավարման կոմիտե, որտեղ այս ծառայության մատուցման համար անցկացված մրցույթի հաղթողի հետ կկնքվի պայմանագիր:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» պաշտոնական կայքէջի տվյալներով՝ այս ընկերությունը «1000 դրամների» հիմնադրամին մինչ օրս վճարում չի կատարել:

Անհատ ձեռնարկատերերը բողոքում են «Հուռնետ» ընկերության մենաշնորհային և արտոնյալ դիրքից: Նրանք բաց նամակով դիմել են լրատվամիջոցներին:

Սուսաննա Գրիգորյանը արդեն 15 տարի պատճենահանման, լուսապատճենման, լուսանկարչական, թարգմանչական ծառայություններ է մատուցում անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի դիմաց:

Տիկին Սուսաննան ահազանգում է,  որ «Հուռնետ» ընկերության գործունեության պատճառով աշխատանքը կորցնելու եզրին է: Ասում է՝ այս ընկերությունը արտոնյալ կարգով, հենց անձնագրային ծառայության շենքում նույնատեսակ ծառայություն է մատուցում:

«Ես գրավ եմ դրել իմ տունը, գումար եմ վերցրել, նոր տեխնիկա գնել: Աստված չանի փակվի, իմ պարտքը ո՞վ է ինձ տալու: Ես ուրիշ ձև չեմ կարող գոյատևել, ես ընտանիք եմ պահում», - «Հետք»-ի հետ զրույցում նշեց նա:

Սուսաննա Գրիգորյանի խոսքով՝ այս պահին հաճախորդներ չունեն, անձնագրային բաժանմունք եկած քաղաքացիներին ուղղորդում են ներսում գտնվող գրասենյակ:  Տիկին Սուսաննան որպես օրինակ նշում է, որ եթե նախկինում օրվա ընթացքում 5-10 լուսանկար էին անում, այժմ մեկ լուսանկար չեն կարողանում անել:

«Եթե այդ ընկերությանը տեղ են տալիս, թող ինձ էլ տեղ տան: Ինքը (ընկերությունը-հեղ.) անգամ չեկ չի տալիս: Ես փորձվեմ մի անգամ ՀԴՄ չտամ, դուք տեսեք ինչ պատերազմ կանեն: Եթե այդ ընկերությունը ծառայություն է մատուցում, թող բերի, ոնց իմն է դուրսը դրած, իրեն էլ դուրսը դնի, թող մարդիկ արդեն ընտրության առաջ կանգնեն»:

Անհատ ձեռնարկատերերը իրենց բաց նամակում մտահոգություն են հայտնել, որ 2018-ի նոյեմբերից անձնագրային ծառայության Կենտրոնական /Օվիր-Դավթաշեն/, Էրեբունի, Շենգավիթ, Արաբկիր վարչական շրջանների անձնագրային ծառայությունների շենքերում գործող «Հուռնետ» ընկերության պատճառով չեն կարողանում աշխատել: Վերջինս նույն ծառայությունները մատուցում է հենց անձնագրային բաժանմունքում, ինչը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել, գործում է արտոնյալ և մենաշնորհային պայմաններում, քանի որ տեղակայված է անձնագրային բաժանմունքի ներսում: ԱՁ-ները ոստիկանությանն առաջարկում են կամ իրենց բոլորին տեղավորել անձնագրային ծառայություններում՝ «Հուռնետ» ՍՊԸ-ի հետ հավասար պայմաններում, կամ այս ընկերությանը դուրս հրավիրել ոստիկանության անձնագրային բաժանմունքներից:

Մեկնաբանություններ (3)

Անի Զոհրաբյան
Մ. Վանյան։կա օրենքի խախտում։մենք ապրում էնք ազատ և անկախ Հայաստանում և հետևաբար նման ամրագրված օրենք չկա,որ մեկին արտոնություն տան՝ մյուսներին դուրս մղելով մրցակցությունից։և հետո եթե փորձնական լիներ այդքան թանկարժեք սարքավորումից մեկ հատ կբերեին ոչթե 10 հատ
Մ.Վանյան
Իսկ օրեմքի խքխտում կա՞ որևէ.....եթե մեկն նի բիզնես է դրել,այլևս որևէ մեկին արգելված է՞՞՞ ճամանակակից աբբսուրդ????
Լիլիթ Հայրապետյան
Ազատ մրցակցության կոպիտ խախտում,մենաշնորհի գերակայություն,որի արդյունքում գործազուրկ կդառնա հասարակության որոշակի զանգված,իսկ մի քանի հոգի կկուտակեն ահռելի կարողություն,որը լուրջ դժգոհության առիթ կդառնա հասարակության լայն շրջանակներում,բայց կարելի է շատ չանհանգստանալ,որովհետև այժմ մեր երկրում ունենք օրենքի գերակայություն,այդ «չարաբաստիկ բիզնես պլանը» նաագծվել է դեռևս մինչ «Թավշյա» հեղափոխությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter