HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Սեդրակյանի պարզաբանումը

Դավիթ Մհերի Սեդրակյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսան Խաչատրյանը «Հետք»-ում հրապարակված՝ «Ծաղկաձորի պիոներական ճամբարները դարձել են պաշտոնյաների ու գործարարների սեփականությունը» հետաքննության առնչությամբ «հերքում» վերատառությամբ գրություն է ուղարկել խմբագրություն: Դավիթ Սեդրակյանի ներկայացուցչի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«2019 թվականի հունվարի 31-ին hetq.am կայքում հրապարակվել է «Ծաղկաձորի պիոներական ճամբարները դարձել են պաշտոնյաների և գործարարների սեփականությունը» վերնագրով նյութ, որում նշվում է՝ «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գրեթե միաժամանակ ճամբարների շենք շինությունները և հողակտորները  զանգվածաբար սեփականաշնորհվեցին»: Այնուհետև նշվում է. «ճամբարների սեփականատերեր են դարձել մի շարք անձինք, որոնց թվում նշվում է՝ «Ազգային Ժովողի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Մհերի Սեդրակյանը»: Նշվում է նաև՝ «Փայտաշեն տնակներում տեղակայված  «Ակադեմիա» պիոներական ճամբարի տեղում գործում է Թեղենիս հանգստի գոտին: Երկու սեփականատեր փոխելով ճամբարը դարձել է կադաստրի կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Դավիթ Սեդրակյանի սեփականությունը: Վերջինս այն նվեր է ստացել»:

Հայտնում ենք, որ Դավիթ Մհերի Սեդրակյանը որևէ առնչություն չի ունեցել և չունի  Թեղենիս հանգստի գոտու հետ: Կարևորում ենք  լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված  ազատությունը և բարձր գնահատում դրանց չափազանց մեծ դերը պետության և քաղաքացիական հասարակության կայացման ու զարգացման հարցում: Կարծում ենք, որ Դավիթ Մհերի Սեդրակյանի անվան կապումը նշված տարածքի հետ ուղղակի ոչ լիարժեք ճշտման արդյունք է և որևէ միտում չունի: Խնդրում ենք հերքել Դավիթ Մհերի Սեդրակյանի վերաբերյալ վերը նշված տեղեկատվությունը»:

Հ. Գ. «Հետք»-ը նախորդ տարի դիմել էր Ծաղկաձորի քաղաքապետարան, որտեղից 29 հոկտեմբերի 2018 թ-ին «թիվ 441» պատասխան գրությունը, որում ասված էր. ««Ակադեմիա» պիոներական ճամբար: Այն գործում էր Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոց թիվ 31 հասցեում, պատկանել էր ՀՀ գիտությունների ակադեմիային: Ճամբարը տեղեկայված էր փայտաշեն տնակներում: «Ակադեմիա» ճամբարի տարածքում կառուցվել են 25-ից ավելի քոթեջներ»: Հիմք ընդունելով «Տանձաղբյուի 31» հասցեն՝ մենք դիմել ենք կադաստրի պետական կոմիտե: Որտեղից էլ 18 դեկտեմբերի 2018 թ.-ին ստացել ենք տեղեկություն, այն մասին, որ Տանձաղբյուրի փողոց 31 շենք հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2005 թ.-ին բաժանման հատակագծի հիման վրա գրանցվել է Օլիմպիական կոմիտեի անվամբ: Նույն գույքը 2006 թվականին գնել է Վաչագան Դավթյանը, որն էլ այն 2009 թ-ին նվիրել է Էդգար Նահապետյանին, իսկ վերջինս 2013 թ-ին իր հերթին նվիրել է Դավիթ Մհերի Սեդրակյանին: Դավիթ Սեդրակյանի ներկայացուցիչը մեր ներկայացրած փաստերի առնչությամբ ասաց, որ այդ տարածքը առնչություն չունի «Թեղենիս» հանգստի գոտու հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter