HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրյալների թիվը հասել է 11-ի

Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող մեղադրյալների թիվը հասել է 11-ի: Նրանցից մեկը գտնվում է հետախուզման մեջ: Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից:

Նշենք, որ գործով անցնող 5 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները դատարանները մերժել են: Նրանց մեջ է նաև ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մանուկյանի կալանքը մերժելու վերաբերյալ որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը, իսկ ավելի վաղ մեկ այլ դատավոր՝ Ռոբերտ Պապոյանը, ոչ իրավաչափ էր ճանաչել նաև Մանուկյանի ձերբակալման որոշումը:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանցից մեկը Աբովյանում գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակից Վարդան Գրիգորյանն է: Մյուս կալանավորվածը Արթուր Վարդանյանն է, ում անունը շրջանառվում է որպես Ծառուկյանների թիկնազորի անդամի:

Նշենք, որ երկու մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, սակայն այս պահին դեռևս որոշում չկա:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ միջադեպից հետո Աբովյանի բժշկական կենտրոն տեղափոխված Վահրամ Գրիգորյանը` ավտոտեխսպասարկման կետի տնօրենը, կալանավորված Վարդան Գրիգորյանի եղբայրը:

Նշենք, որ միջադեպի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 7 անձանցից 5-ը Մելիք Մանուկյանի ազգականներն են:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով մեկ անձ՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գևորգյանը, մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանության փորձ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը) եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter