HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Հակասություններ Մինսկի խմբում

Երեւանը եւ Վաշինգտոնը, ի տարբերություն Մոսկվայի, «սառեցված» հակամարտությունները մեկ հարթության վրա չեն դիտում

Չնայած ղարաբաղյան կարգավորման միջազգային միջնորդների, հեղինակավոր կազմակերպությունների, ինչպես նաեւ հակամարտության մեջ ներքաշված կողմերի շարունակական պնդումներին, թե համանախագահող պետությունները' Ռուսաստանը, Մ. Նահանգները եւ Ֆրանսիան, միասնական են աշխատում, անցնող շաբաթվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ ԱՊՀ տարածքում «սառեցված» հակամարտությունների (Լեռնային Ղարաբաղ, Հարավային Օսիա, Աբխազիա, Մերձդնեստր) եւ Կոսովոյի կարգավորման հարցերում առնվազն հակասություններ կան Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ:

Մարտի 7-ին Վաշինգտոնում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի միջեւ տեղի ունեցած հանդիպումից հետո Լավրովը լրագրողներին ասել էր, որ տեղական տարբեր հակամարտությունների կարգավորման հարցում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հայացքներն այնքան էլ չեն համընկնում:

Շատ ավելի կտրուկ էր Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդի հայտարարությունը, որը նա արել էր Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում:

«Մոսկվայում ոմանք Վաշինգտոնի հարաբերությունները Ռուսաստանի հարեւանների եւ եվրասիական այլ երկրների հետ ընկալում են մեկ խաղի համատեքստում, որում կարող է հաղթել միայն մեկ կողմը (zero-sum game): Մենք ռուսներին հրապարակավ եւ մասնավոր կերպով ասել ենք, որ ընկալման այս մոդելը սխալ է: Մենք ձգտում ենք աշխատել Ռուսաստանի եւ այլ երկրների հետ' Հարավային Օսիայում, Մերձդնեստրում, Աբխազիայում եւ Լեռնային Ղարաբաղում առկա վտանգավոր եւ հյուծիչ հակամարտությունների լուծման համար: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կգիտակցի Հարավային Օսիայի հակամարտության խաղաղ կարգավորման Վրաստանի առաջարկների առավելությունը եւ կաշխատի այնպիսի լուծման ուղղությամբ, որը միաժամանակ կհարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ Հարավային Օսիայի շահերը»,-ասել էր Ֆրիդը:

Իսկ Մ. Նահանգների պետքարտուղարության խոսնակ Շոն ՄքՔորմաքը ամենշաբաթյա ասուլիսում մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ Կոսովոյին անկախության տրամադրումը կարող է նախադեպ ստեղծել հետխորհրդային հակամարտությունների կարգավորման համար, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Օսիայի հակամարտություններն ունեն իրենց առանձնահատկությունները, եւ դրանք պետք է ընկալել որպես «առանձին հարցեր»:

Նկատենք, որ հակասություններ կան ոչ միայն Մոսկվայի եւ Վաշինգտոնի, այլեւ ռազմավարական դաշնակիցներ համարվող Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Մարտի 1-ին Վլադիմիր Պուտինի արտահայտած կարծիքին ի պատասխան, թե Կոսովոյի ապագա կարգավիճակը պետք է ունիվերսալ բնույթ կրի, Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանն ասել էր. «Ինձ չվերապահելով այլ պետության նախագահի հայտարարությունները մեկնաբանելու իրավունք՝ այնուամենայնիվ, ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ Հայաստանը հակամարտությունները մեկ հարթության վրա չի դիտում»: Պաշտոնական Երեւանը կարծում է, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատճառները, պատմական եւ իրավական հիմքերը, որոնք թելադրում են ուրույն տրամաբանություն եւ կարգավորման ուղիներ:

Հայաստանի նախագահը մարտի 2-ի հեռուստաասուլիսում Մինսկի խմբի համանախագահների միջեւ «որեւէ հակասություն, իրարից նախաձեռնություն խլելու երեւույթ, փորձ» չէր նկատել: «Նման բան չկա առնվազն վերջին 7-8 տարիների ընթացքում, ոչ թե վերջին 1-2 տարվա մասին է խոսքը: Գուցե սա է նաեւ պատճառը, որ մենք, այնուամենայնիվ, չնայած դժվարություններին, բավական մեծ ճանապարհ անցել ենք: Այդ է նաեւ պատճառը, որ կար Քի Վեսթը, երբ բավական մոտ էինք, եւ կար Ռամբույեն, երբ իրականում նույնպես բավական մոտ էինք»,-ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Մյուս կողմից, Հայաստանի արտգործնախարարը չի բացառում, որ համանախագահող տերությունների միջեւ ապագայում կարող են ինչ-որ բարդություններ առաջանալ: Վարդան Օսկանյանը մարտի 10-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասաց նաեւ, որ չի կարծում, թե «Մ. Նահանգների կողմից կա նախաձեռնությունը վերցնելու փորձ, եւ միգուցե այդ տպավորությունը ստեղծվել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հաճախակի այցերով Հայաստան. Մեթյու Բրայզան էր Երեւանում, առաջիկա օրերին սպասվում է Դենիել Ֆրիդի եւ Սթիվեն Մանի այցելությունը Երեւան եւ Բաքու»: «Համանախագահների գործողություններում հակասություններ չեմ նկատել, միգուցե ապագայում կարող են ինչ-որ բարդություններ առաջանալ»,-ասաց նա:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդունում է, որ հակամարտության չկարգավորվածության գլխավոր պատճառներից մեկը կողմերի հակադիր դիրքորոշումն է. հայերը չեն կարող ընդունել ԼՂ-ի վերադարձը Ադրբեջանի կազմ, ադրբեջանցիները չեն հաշտվում ԼՂ-ի եւ հարակից տարածքների կորստի հետ: «Բայց ակնհայտ է նաեւ, որ հակասություններ կան Մինսկի խմբի համանախագահող տերությունների, մասնավորապես Ռուսաստանի եւ Մ. Նահանգների միջեւ: Եթե Մոսկվայի միջնորդությամբ է 1994թ. հրադադար հաստատվել, ապա ինչու պետք է Ռուսաստանը նախաձեռնությունը զիջի խնդրի քաղաքական կարգավորման հարցում»,-ասաց Աթանեսյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ֆինն համանախագահ (մինչեւ 1994թ. Մինսկի խումբն ուներ մեկ նախագահող երկիր ի դեմս Իտալիայի, ապա ձեւավորվեց համանախագահությունը. նախ Ռուսաստանի եւ Շվեդիայի, ապա Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի մասնակցությամբ, իսկ 1997թ.-ից գործում է եռանախագահության ձեւաչափը' Ռուսաստան, Ֆրանսիա, Մ. Նահանգներ-Թ.Հ.) Հեյկի Տալվիտիեն Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Փարիզի միջեւ հնարավոր հակասությունների մասին ասում է, որ եթե Երեւանն ու Բաքուն գտնեն լուծում, ապա եռանախագահող տերությունները եւ միջազգային հանրությունը կհամաձայնեն դրան:

«Եթե վերցնենք Ռուսաստանը, Մ. Նահանգները եւ Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, այս երկրները տարբեր գաղափարներ ունեն' ինչպե՞ս պետք է կարգավորվի հակամարտությունը: Բայց եթե վերցնենք համանախագահներին, նրանք միասին են աշխատում, որպեսզի կողմերի համար գտնեն ընդունելի լուծում: Ըստ էության, համանախագահներն աշխատում են հետեւյալ կերպ. Հայաստանին եւ Ադրբեջանին հարցնում են, թե ո՞րն է հնարավորը, եւ եթե տեսնում են լուծման հնարավորություն, նրանք կարգավորման նախագիծ են ներկայացնում»,-ասաց Տալվիտիեն:

Նկատենք, որ չնայած Ռամբույեի բանակցությունների ձախողմանը, Մ. Նահանգները, ի տարբերություն Ռուսաստանի, չի կորցրել լավատեսությունը 2006 թվականին ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորությունների հարցում:

Մասնավորապես, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով Մ. Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Մեթյու Բրայզան Երեւանում մարտի 7-ին տված ասուլիսում ասաց. «Ես չեմ համաձայնի նրանց հետ, ովքեր կարծում են, որ Ռամբույեն ձախողվեց, որ գործընթացը փակուղի է մտել, կամ էլ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, որ Մինսկի խումբը իրեն սպառել է: Ռամբույեում ճեղքում չեղավ, բայց դա չի նշանակում ձախողում: Կողմերը չափազանց մոտ են համաձայնությանը կամ ժամանակավոր համաձայնությանը, սակայն վերջին մի քանի քայլերն են, որոնք կարեւոր եւ դժվար են»:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը, ով առաջիկա օրերին ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի հետ այցելելու է Երեւան եւ Բաքու, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հորդորել է «բաց չթողնել պահը եւ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 7-8-ը Վաշինգտոնում կայացած խորհրդատվություններից հետո տարածել են համատեղ հայտարարություն, որով Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել քայլեր ձեռնարկել «իրենց ժողովուրդներին խաղաղության, եւ ոչ թե պատերազմի նախապատրաստելու»: Համանախագահների հաջորդ հանդիպումը նախատեսված է մարտի 20-ին Ստամբուլում:

Ի դեպ, բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի վերլուծաբանների խումբը բավական հոռետեսորեն է գնահատում ղարաբաղյան կարգավորման գործընթացը տեսանելի ապագայում: Ըստ «Էկոնոմիստի»՝ 2006-2007 թվականներին հարցի լուծման հավանականությունը նվազել է, քանի որ 2007 թվականից Հայաստանում եւ Ադրբեջանում նախատեսված են ընտրություններ, ինչը կդժվարացնի իշխանությունների՝ ղարաբաղյան հարցի փոխզիջումային լուծման անհրաժեշտությունը հիմնավորելու գործը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter