HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարը ռուս գործընկերոջ հետ քննարկել է ծխելու դեմ պայքարի վերաբերյալ հարցեր

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովի գլխավորած պատվիրակությանը:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են մեր երկու երկրներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ մի շարք հարցեր

Արսեն Թորոսյանն ու Դմիտրի Կոստեննիկովն անդրադարձել են նաև ծխախոտի և ծխելու դեմ պայքարին: Ռուսաստանի գործընկերները կիսվել են իրենց երկրի փորձով, պատրաստակամություն հայտնել աջակցելու ծխելու և ծխախոտի դեմ պայքարում` իրավական դաշտում բարեփոխումների համատեքստում նաև տրամադրելով  փորձագիտական, տեղեկատվական ու կիրառական բնույթի խորհրդատվություն:

Այս առումով կողմերը փոխգործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծխելու դեմ պայքարում Հայաստանում մեկնարկած քայլերը, նաև անդրադարձել տարվա ընթացքում եղած հանրային քննարկումներին:

«Ռուսաստանի փորձը շատ օգտակար է Հայաստանի համար և մեր նախարարությունների միջև փոխգործակցությունը շատ կարևոր է: Այստեղ տեսնում ենք ռուս զբոսաշրջիկների, որոնք զարմանում են ռեստորաններում ծխախոտի օգտագործման համար: Վստահ եմ, որ քննարկումները շատ բուռն են անցնելու մեր երկրում, բայց միաժամանակ կարծում եմ, որ ճիշտ բացատրելու դեպքում օրենքը կընդունվի հենց այս տարի»,- ասել է նա՝ հավելելով, որ ծխախոտի օգտագործումը չարորակ նորագոյացությունների, մասնավորապես՝ շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկային գործոնն է:

ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովին նշել է, որ ծխելու դեմ օրենքը իրենց երկրում ուժի մեջ է մտել այնպիսի ժամանակահատվածում (2014 թվականին), երբ երկրում ճգնաժամային իրավիճակ էր և թերահավատորեն կարծում էին, թե սննդի կետերը կտուժեն, բայց ժամանակը ցույց է տվել, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը:

Ռուսաստանի ներկայացուցիչները կիսվել են թեմայի վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներով: Ըստ մշտադիտարկման արդյունքների` հասարակական սննդի կետերը օրենքի ընդունումից մեկ օր հետո 94-96%-ով սկսել են հետևել ծխախոտը արգելող օրենքին:

2009 թվականի տվյալներով` Ռուսաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը մեծահասակ բնակչության շրջանում կազմել է 39,4%, որից 60,7% տղամարդ և 21,7% կին: Երկրում տարեկան գրեթե 400 հազար մարդու մահվան պատճառը կապվել է ծխախոտի օգտագործման հետ:

2016 թվականին ծխախոտի օգտագործման տարածվածությունը չափահաս բնակչության շրջանում կազմել է 30,9%, որից տղամարդկանց շրջանում՝ 50,9%, իսկ կանանց շրջանում՝ 14,3%: Ռուսաստանում ծխախոտ օգտագործողների թիվը նվազել է շուրջ 10%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter