HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հարկային ծառայության համար փակ կազմակերպություններ չկան

«Պատասխանը մեկն է' որ ես ոչ թե փորձեմ համոզել ձեզ, որ Դուք սխալ եք, այլ փորձեմ այն կազմակերպությանը, որի անունը Դուք տալիս եք, բերել հարկային դաշտ. սա կլինի իմ գործը»,- ասում է Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը:

Մեր հարցազրույցը Ֆելիքս Ցոլակյանի հետ նպատակ ունի պարզաբանել ծառայության' այս տարվա հունվարին հրապարակած 300 խոշոր հարկատուների ցուցակի առանձին տնտեսվարողների մուծած հարկատեսակների անհամամասնությունը:

Ցուցակում կան մի քանի տասնյակ կազմակերպություններ, որոնց վճարած ուղղակի հարկերը' եկամտահարկը եւ շահութահարկը, նրանց վճարած հարկերի չնչին տոկոսն են կազմում: Իսկ դա նշանակում է, որ այդ կազմակերպությունները գրեթե շահույթ չեն ունեցել, եւ նրանց աշխատողները կամ գրանցված չեն, կամ էլ աշխատավարձը եկամտահարկի հարկման սանդղակը չի անցնում, ինչը նույնպես քիչ հավանական է:

- 300 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների մի մասի' օրինակ՝ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»-ի եւ Սամվել Ալեքսանյանի «Ֆլիտֆուդ»-ի վճարած հարկերը չեն համապատասխանում նրանց իրական շրջանառություններին, անգամ 1% չեն կազմում:

- Հավանաբար, խոսքը վերաբերում է ներմուծման ծավալների նկատմամբ երկրի ներսում վճարած հարկերի տեսակարար կշռին: Չբացահայտելով Ձեր նշած կազմակերպությունների կոնկրետ ցուցանիշները, քանի որ դրանք հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ են եւ պաշտպանվում են օրենքով, նշեմ միայն, որ տվյալ կազմակերպությունների' հարկային մարմինների միջոցով ապահովված մուտքերն ավելին են, քան վերջիններիս ներմուծման արժեքի 1%-ը: Սակայն, կարեւորն այս դեպքում հետեւյալն է. պետական բյուջեի հետ տնտեսվարող սուբյեկտի փոխհարաբերությունները քննարկելիս մաքսային սահմանին եւ երկրի ներսում վճարած գումարները պետք է միասին դիտարկել, առավել եւս, եթե խոսքը վերաբերում է հստակ ներմուծման ուղղվածություն ունեցող գործունեությանը: Այսինքն՝ անպայմանորեն պետք է հասկանալ, թե պետությունը, համաձայն ընդունված օրենքների, ինչ գումարներ է գանձել մաքսային սահմանին նախքան համապատասխան ապրանքատեսակների ներսբերումը, իրացումը եւ համապատասխան եկամուտների ապահովումը սուբյեկտի կողմից: Եվ եթե Ձեր նշած կազմակերպությունների օրինակով ներմուծման մաքսային արժեքը համադրում ենք սահմանին եւ երկրի ներսում վճարված գումարների հետ, ապա ստանում ենք մատնանշվածից անհամեմատ բարձր ցուցանիշ:

Նույնը վերաբերում է նաեւ ալկոհոլային խմիչք ներմուծող ընկերություններին, որոնք, համաձայն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի, հիմնական վճարումները կատարում են մաքսային սահմանին:

- Ինչո՞վ եք բացատրում, որ նրանց կողմից վճարված ուղղակի հարկերն անհամեմատ ավելի քիչ են:

- Ցանկում ընդգրկված կազմակերպությունների մի մասը օտարերկրյա ներդրումներով կազմակերպություններ են, որոնք օգտվում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով (Տես հոդվածը) տրված արտոնություններից, այն է' եթե օտարերկրյա ներդրողի փաստացի կատարված ներդրման արժեքը կազմակերպության կանոնադրական կապիտալում գերազանցում է 500 մլն դրամը, ապա այդ կազմակերպությունների շահութահարկի գումարը, սկսած 1998թ-ից, նվազեցվում է ներդրման տարվան հաջորդող 2 տարում 100%-ի չափով, իսկ ներդրման ը հաջորդող 3-րդ տարվանից մինչեւ 10-րդ տարին՝ 50%-ի չափով: 100%-ի մասով արտոնությունը գործելու է մինչեւ 2009-ը, իսկ 50%-ի մասով' մինչեւ 2006-ը: Ցանկի կազմակերպություններից 31-ը օգտվում են վերը նշված արտոնությունից: Արտոնությունից օգտվելու արդյունքում նշված 31 կազմակերպությունների կողմից 2005 թվականին ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 9151,8 մլն դրամի շահութահարկ:

- Արդյոք նման կազմակերպություններում ստուգումներ կազմակերպվու՞մ են:

- Ստուգումները հարկային մարմնի գործառույթների հիմնական ուղղություններից են, իհարկե, ստուգումներ պարբերաբար անցկացվում են նաեւ խոշոր հարկ վճարողների մոտ: Օրինակ՝ քննարկվող ցանկի կազմակերպություններից առաջին հիսունի, այդ թվում ալկոհոլային խմիչք ներմուծող 3 խոշոր ընկերությունների մոտ 2005թ.-ի ընթացքում իրականացվել են ընդհանուր առմամբ շուրջ 100 ստուգումներ, որոնց արդյունքում նշված կազմակերպությունների կողմից վճարման ենթակա լրացուցիչ՝ մոտ 1,5 մլրդ դրամի պարտավորություններ են առաջադրվել:

- Լրագրողների հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ արտահայտած «գործարարները լավ թվանկարիչներ են» միտքը թեւավոր խոսք դարձավ այդ փուլում: Հատկապես ի՞նչը Դուք նկատի ունեիք: Դուք, իհարկե, անուններ չեք տալիս, բայց ինչպե՞ս են կեղծում թվերը, որ հարկային մարմինները չեն կարողանում դա բացահայտել եւ կանխել:

- Ես ասել եմ, որ որոշ սուբյեկտներ թվանկարչությամբ են զբաղվել, բայց խոսքը բոլոր 300 հարկատուների մասին չէր:

Այս ցուցակը մեր 300 խոշորների հետ կապված իրական, օբյեկտիվ պատկերն է: Աստեղից հարցեր են ծագում, թե քիչ են մուծում, հրապարակումներ թերթերում, քննարկում են: Կան թերթեր, որ դիտավորյալ են գրում, սեւացնելու համար, բայց ես նկատել եմ, որ հաճախ դիտավորություն չկա, այլ մասնագիտական տեսակետից չխորանալու, ինֆորմացիայի պակասի արդյունք է: Ասենք' մի լրագրող հոդված էր գրել, նա ամբողջ ինֆորմացիան չուներ, չէր էլ կարող ունենալ, որովհետեւ իրավասու չենք այդ ինֆորմացիան տալ, ու համեմատել էր կոնկրետ կազմակերպություններ: Հետո տեսել ենք, որ այդ գրածն այնքան էլ ճիշտ չէ, այդ կազմակերպությունը ինչ-որ արտոնություններ է ունեցել, որի մասին լրագրողը տեղյակ չէր: Կամ՝ թերթերից մեկը գրել էր, որ մի կազինո շահութահարկ չի վճարում, բայց հաստատագրված վճար վճարողը շահութահարկ չի էլ մուծում:

Մի քանի տարի առաջ նման ցուցակ չէինք կարող տպել: Օրենքի խախտում էր: Մենք օրենքի մեջ փոփոխություն մտցրինք, եւ սա, կարծում եմ, մեծ ձեռքբերում է: Սակայն երբ կոնկրետ կազմակերպության վերաբերյալ սկսում են հարցադրումներ անել, արդեն իրավասու չենք տվյալներ հրապարակել: Գիտենք, թե ում հետ գործ ունենք, ինչ կարող է լինել դրանից հետո, քաշքշուկների մեջ ենք ընկնելու, հնարավոր է դատական գործեր սկսեն Հարկային ծառայության դեմ:

- Հնարավոր չէ՞ փոխել «Շահութահարկի մասին» օրենքի ձեր նշած 39-րդ հոդվածը: Չէ՞ որ բոլորս գիտենք, թե օտարերկրյա ներդրումով այդ կազմակերպություններն իրականում ում են պատկանում եւ ինչպես են ստեղծվել:

- Օրենքը վաղ է ընդունվել, երբ մեզ մոտ ներդրումների խնդիր կար: Այն ժամանակ շատ մեծ ներդրում էր համարվում 500 մլն դրամը: Ներդրողներին շահագրգռելու համար օրենքով թույլ տրվեց արտասահմանից 500 մլն դրամ ներդրման դեպքում ազատել շահութահարկից: Խոշոր հարկատուների քիչ շահութահարկ վճարելը որոշ առումով նաեւ դրա արդյունքն է: Մինչեւ այսօր էլ օրենքը գործում է. 500 մլն դրամ մուծում են, որեւէ երկրից, որեւէ տեղից փոխանցումով գալիս է, ու տնտեսվարողն ազատվում է շահութահարկից: Ներդրման փաստաթղթերը տալիս են, իսկ մենք չընդունելու իրավունք չունենք:

Մենք փորձեցինք եղած օրենքի սահմաններում մի քիչ խստացումներ անել, որոշ մարդկանց արգելել, չթողնել, համոզել, բայց դա ելք չէ, իմ կարծիքով՝ ամեն ինչ պետք է կարգավորվի օրենքով:

Հիմա իրավիճակը փոխվել է, եւ չեմ կարծում, թե 500 մլն դրամի ներդրումը այն թիվն է, որով պետք է կազմակերպությունն ազատվի շահութահարկ մուծելուց: Այսօր մեր գործարարների մեծ մասը կարող է այդպիսի ներդրումներ ձեւակերպել, որովհետեւ արտասահմանում գործընկերներ ունեն, կապեր ունեն, հազար ու մի բան կա, եւ այդ ներդրումներն արվում են:

Որպես Հարկային պետական ծառայության ղեկավարի' ինձ համար վատ է, որ Դուք կարողանում եք մեկի հետ կապված ասել, որ այստեղ թերություն կա, ես դրա պատասխանը կարող է չունենամ: Պատասխանը մեկն է՝ որ ոչ թե փորձեմ համոզել Ձեզ, որ Դուք սխալ եք, այլ փորձեմ այն կազմակերպությանը, որի անունը տալիս եք, բերել հարկային դաշտ. սա կլինի իմ գործը: Ես սա եմ համարում իմ գործը, ոչ թե այն, որ նստեմ, բացատրեմ:

Բայց մենք ունենք կազմակերպություններ, որ շատ պարտաճանաչ հարկատուներ են, որոնց հետ ընդհանրապես խնդիրներ չունենք կռվելու, գնալու, անպայման ստուգումներով վախեցնելու:

- Ի՞նչ է տալիս այս ցուցակի հրապարակումը Հարկային ծառայությանը: Դուք, բնականաբար, վերլուծություններ եք կատարել: Ի՞նչ է պարզվել ձեր կատարած վերլուծություններից:

- Ցուցակ տպելն ինքնանպատակ չէ, միայն հասարակությանը ցույց տալու համար չէ: Մենք ինքներս պետք է սրանից հետեւություն անենք: Այսպիսի մի բան կա. հարկատուն իր փողը հաշվում է, լավ է հաշվում, հարկ մուծելիս էլ չի նայում, թե ինչ հարկատեսակ է մուծում: Հաճախ հարկայինի աշխատողն էլ ուշադրություն չի դարձնում, նրան ձեռնտու է, որ հարկատուն հարկը մուծի, պլանը կատարվի: Այստեղ բարդություն է առաջանում հարկատեսակների տարանջատման հարցում: Գործարարն իր հաշվարկն է անում ու, ասենք, որոշում, որ ամիսը 1 մլն հարկ տալն իր բիզնեսի համար նորմալ է, չի վնասվում, բայց նա պահի տակ կարող է տանել այդ 1 մլն-ը մուծել որպես ԱԱՀ:

Շահութահարկն աստիճանաբար ավելանում է: Գործարարը շահութահարկը կանխավճարի պես է մուծում. մոտավորապես հաշվարկում է տարվա իր շահույթը: Նա այնպես է անում, որ հանկարծ շատ չմուծի, որովհետեւ տարվա կտրվածքով հաշվարկը ապրիլին նոր կատարվելու է: Ապրիլի հաշվարկին, եթե շատ մուծած լինի եւ ավելցուկ ունենա, չի կարող ետ վերցնել:

Ըստ հարկատեսակների եթե նայենք, առաջին անգամ 2005թ. շահութահարկը շատ հավաքեցինք, 2006թ. նախատեսում ենք, որ ավելի շատ պետք է հավաքենք:

- Շա՞տ են զանգերը, միջնորդությունները:

- Զանգեր էլ կան, միջնորդություններ էլ: Եթե մեկը զանգում է, ու նրա ասածի մեջ օբյեկտիվ բան կա, ի՞նչ է եղել, եթե նա պաշտոն ունի, ուրեմն չի՞ կարող իր շահերը պաշտպանել, ես ասում եմ' կնայեմ:

Եթե հարցն իր մեջ ոչ օրինական երեւույթներ է պարունակում, շատ հեշտությամբ կարող եմ մերժել՝ անկախ նրանից, թե ով է զանգողը:

Ես երբեւիցե կուրորեն չեմ ասել' այո: Մեր ժողովրդի մեջ համոզմունք կա, թե պաշտոնյան որոշակի կատեգորիայի մարդկանց միանգամից «այո» է ասում: Ես ասում եմ' կնայեմ:

Մի ուրիշ բան էլ կա' ստուգում ես, ասում են՝ ինչու՞ ինձ: Չկա մի կազմակերպություն, որտեղ չենք ստուգում: Մենք փակ տեղ չունենք: Համենայն դեպս, այսօր հասել ենք նրան, որ Հարկային ծառայության համար փակ տեղ չկա, այլ բան է, որ ստուգումները գուցե թերություններ ունենան: Երբեք չի եղել, որ մի տեղ ստուգում նշանակված լինի, ու ինչ-որ մեկի պահանջով կամ զանգով այն դադարեցվի: Չի կարելի տեսուչին ասել' դուրս արի, սա շատ ուժեղ տեր ունի:

Լավ տեսուչներ ունենք, այս շաբաթ երեք տեսուչ' Սպանդարյան, Մյասնիկյան ու Մաշտոցի տեսչություններից, ստացել են «Լավագույն տեսուչ»-ի մրցանակ:

- Դժվա՞ր եք հարկ հավաքում:

- «Չեմ տալիս» տերմինը վերացել է, մի ժամանակ եղել է, հիմա չկա, այդ փուլն անցել ենք: Հիմա ուրիշ խնդիր ունենք՝ հաշվարկի հետ կապված: Խոշոր ընկերություններում ֆինանսական գործերով զբաղվում են Հարկային ծառայության նախկին լավ աշխատողներ: Նրանք լավ են վճարվում: Եթե հարկայինում նրանք ստանում են 250-300 դոլարին համարժեք դրամ աշխատավարձ, ապա այնտեղ ստանում են 1500 եւ ավելի: Այդ պատճառով էլ երբեմն դժվար է լինում ստուգումների ժամանակ խախտումները հայտնաբերելը:

- Թշնամիներ չե՞ք ձեռք բերել այս պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:

- Հարկ վճարելը հո թշնամության բան չի, չես գնում մարդ սպանում: Չեմ գտնում, որ վատություն եմ անում: Հնարավոր է' ինչ-որ մեկը ինձ թշնամի է համարում:

- Ընդհանրապես, Հարկային ծառայության աշխատակիցները վատ համբավ ունեն, ինչպե՞ս եք պայքարում Ձեր ոլորտում կոռուպցիայի դեմ:

- Աշխարհի ստեղծման օրվանից հարկահավաքը միշտ դիտվել է որպես հարստահարող: Էն ժամանակ ցորեն ու անասուն է վերցրել, այսօր էլ փող է վերցնում, պետության բաժինն է վերցնում, մեկը նորմալ է հասկանում այս ամենը, մեկը' ոչ: Դու ես առաջին հերթին փորձում քեզ զուսպ պահել, ճիշտ պահել, որ պահանջելու հնարավորություն ունենաս:

Ստիպված ենք եղել մարդկանց ազատել աշխատանքից, զգացել ենք, որ այն չէ, խախտում է արել եւ պետք է պատժվի: Այդպիսի բաների մասին օպերատիվ կերպով տեղեկանում ենք: Աշխատավարձն իսկապես ցածր է, հաջորդ տարի այն բարձրացնելու հարցն ենք առաջադրելու: Տեսուչները գիտե՞ք երբեմն ինչ կոնտինգենտի հետ են աշխատում: Գիտե՞ք, մեզ մոտ էլ դեռ տերմիններ են մնացել, որոնցից կարելի է հետեւություններ անել: Ասում ենք՝ ինչքա՞ն փող ես բերել, ոչ թե՝ ինչքա՞ն մուտք է եղել: Մեզ մոտ էլ կան բազմաթիվ խնդիրներ, բայց ամեն ինչ փոխվելու է, մենք այդ ճանապարհին ենք: Համեմատեք վերջին տարիների թվերը եւ կտեսնեք, թե ինչքան բան է փոխվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter