HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մի վարկային պատմություն. քաղաքացու տան սեփականատեր է դարձել բանկի պաշտոնյան

Գեղամ և Մարիետա Առաքելյաններն ամուսիններ են: Արդեն 6 տարի է՝ գտնվում են դատական քաշքշուկի մեջ: «Յունիբանկ»-ից վերցրած վարկը ճակատագրական եղավ նրանց համար: Արդյունքում իրենց երկհարկանի տան սեփականատեր է դարձել նույն բանկի վարչության նախագահի տեղակալը, իսկ իրենք բնակվում են վարձով՝ իրենց տան հարևանությամբ:

2007թ. հուլիսի 20-ին Գեղամ Առաքելյանը «Յունիբանկ» ՓԲԸ-ի հետ կնքել է վարկային պայմանագիր, համաձայն որի՝ բանկը նրան տրամադրել է 36 մլն դրամ գումար, որի վերադարձն ապահովվել է Երևանի Դավթաշեն համայնքում գտնվող տան գրավով: Նույն օրը կողմերի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր: Կնքված վարկային պայմանագրով գրավառուն վարկ է տրամադրում բնակարան ձեռք բերելու համար:

Վերը նշված տան նկատմամբ գրանցվել է Գեղամ Առաքելյանի սեփականության իրավունքը, 2007թ. հունիսի 24-ին տրվել սեփականության իրավունքի գրանցման վկայական: 2009 թվականի հոկտեմբերի 12-ին «Յունիբանկ» ՓԲԸ-ի և հայցվոր Գեղամ Առաքելյանի միջև կնքվել է անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի պայմանագիր, համաձայն որի՝ վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման համար Գ. Առաքելյանը բանկին գրավ է հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Դավթաշեն համայնքում գտնվող անշարժ գույքը:

Անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերով սահմանվել է գրավի առարկայի իրացման կարգը: Ըստ այդմ՝ վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններր չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավի առարկայի իրացումը կատարվում է առանց դատարան դիմելու՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու, այդ թվում՝ գրավի առարկան հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց բանկին կամ բանկի նշած երրորդ անձին սեփականություն հանձնելու միջոցով:

Ամուսինները կարծում են, որ «Յունիբանկ» ՓԲԸ-ի և Գեղամ Առաքելյանի միջև կնքված անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի պայմանագրով խախտվել է նրանցից մեկի՝ Մարիետա Առաքելյանի սեփականության իրավունքը: Նա, լինելով Գ. Առաքելյանի կինը, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված նշված գույքի նկատմամբ ունեցել է համատեղ սեփականության իրավունք: Նրանց համոզմամբ՝ բանկը գույքը ձեռք բերելուց հետո դրա նկատմամբ գործարքներ կնքելիս պետք է մասնակից դարձներ կնոջը, որը չի կատարել: Բանկը խախտել է իրենց իրավունքները, չի ծանուցել նրանց գրավի առարկայի բռնագանձման մասին, նրանց չի ուղարկել բռնագանձման ծանուցագրեր՝ դրանով իսկ զրկելով համասեփականատերերին իրենց գույքի բռնագանձման օրինականությունը վիճարկելու հնարավորությունից:

Ամուսիններն ասում են, որ բանկի կողմից չի ապահովվել նաև օրենսդրությամբ սահմանված և նախատեսված բռնագանձման ծանուցման կարգը, ժամկետները, իսկ անշարժ գույքն իրացվել է շուկայականից անհամեմատ ցածր գնով: Հայցվորները չեն տվել իրենց համաձայնությունները գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու մասին: Նրանց փոխանցմամբ՝ այդ փաստը հաստատվում է նաև անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերով, որտեղ բացակայում է համասեփականատեր Մարիետա Առաքելյանի` համասեփականատեր կողմ հանդիսանալու հանգամանքը և նրա ստորագրությունը: Քանի որ համասեփականատեր ամուսինների կողմից նոտարական կարգով վավերացված համաձայնություն չի տրվել, և սեփական գույքը չի հանձնվել բանկին, այն չի ձևակերպվել օրենքով սահմանված կարգով, ապա գույքի վրա բռնագանձումը պետք է տարածվեր դատական կարգով, որը բանկի կողմից չի կատարվել և որի հետևանքով խախտվել է հայցվորների սեփականության իրավունքները:

Ավելին՝ 17.10.2012թ-ին «Յունիբանկ»-ը անշարժ գույpի առուվաճառքի և հաջորդող հիփոթեքի պայմանագիր է կնքել նույն բանկի վարչության նախագահի տեղակալ Օվսաննա Առաքելյանի հետ և պայմանագրում նշել, որ գույքը սեփականության իրավունքով պատկանում է վաճառողին: Մարիետա Առաքելյանը նշում է, որ բանկը, չհանդիսանալով անշարժ գույքի սեփականատերը, օտարել է իրեն չպատկանող գույքը և անշարժ գույքի օտարման պայմանագրում հղում կատարել ամուսնու՝ Գեղամ Առաքելյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված վկայականին: Ամուսինները կարծում են, որ կնքված գործարքն առ ոչինչ է և չի կարող իրավական հետևանքներ առաջացնել: Նրանք զարմացած են, թե ինչպես է կադաստրի կողմից գրանցվել Օվսաննա Առաքելյանի սեփականության իրավունքը և նրան տրվել սեփականության իրավունքի գրանցման վկայական, քանի որ գույքի վերաբերյալ չէր ներկայացվել պատշաճ իրավահաստատող փաստաթղթեր, այն պետք է մերժվեր: Մինչդեռ Կադաստրը պատաճառաբանել է, որ տիկնոջ համաձայնությունը և կնքված պայմանագրերի բովանդակությունը թույլ են տվել գործարքը գրանցել:

Ամուսինները դատարանին խնդրել են «Յունիբանկ»-ի և Օվսաննա Առաքելյանի միջև կնքված առուվաճառքի և հաջորդող հիփոթեքի պայմանագիրը ճանաչել անվավեր գործարք, կիրառել անվավերության հետևանքներ, այն է` վերականգնել իրենց սեփականության իրավունքը տան նկատմամբ:

«Յունիբանկ»-ը դատարանին ներկայացրել է դիրքորոշում, ըստ որի՝ Մարիետա Առաքելյանը 20.07.2007թ. տվել է նոտարական կարգով հաստատված գրավոր համաձայնություն (հայտարարություն)` ամուսնության ընթացքում ձեռք բերվող վերոնշյալ անշարժ գույքը գրավ դնելու, Գեղամ Առաքելյանի վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում սեփականության իր իրավունքից հրաժարվելու և առանց դատարանի վճռի գրավ դրված գույքն իրացնելու մասին: Ըստ բանկի՝ Գեղամ Առաքելյանը վարկային պարտավորությունները կատարել է ոչ պատշաճ: Նրան առձեռն հանձնվել են բռնագանձման ծանուցումներ: Իսկ 13.09.2011թ.-ին բանկը ներկայացրել է հայցադիմում ընդդեմ Գեղամ Առաքելյանի` պարտավորությունները վաղաժամկետ կատարելու և գումար բռնագանձելու պահանջների մասին: Գործով 3-րդ անձ է ներգարվվել վերջինիս կինը` Մարիետա Առաքելյանը:

Նշված անշարժ գույքի շուկայական արժեքը 29.08.2012թ. դրությամբ կազմել է 48 մլն դրամ, իսկ լիկվիդացիոն արժեքը` 40 մլն դրամ: Ըստ բանկի՝ Գեղամ Առաքելյանն ինքնակամ դիմել է բանկին և հայտնել իր համաձայնությունը գրավի առարկաների արտադատական իրացման վերաբերյալ` դիմումում նշված գները, այդ թվում՝ վերոնշյալ անշարժ գույքի՝ համարելով ողջամիտ շուկայական գին: Այդ դիմումին տվել է իր համաձայնությունը նաև Մարիետա Առաքելյանը: Դրանից հետո բանկը տունը և հողամասը վաճառել է Օվսաննա Առաքելյանին` 40 մլն դրամով: Ավելին, ըստ բանկի՝ տունն իրացնելուց հետո Գեղամ Առաքելյանը դեռ խոշոր գումար է պարտք բանկին:

Օվսաննա Առաքելյանն ընդհանուր իրավասության դատարանին իր դիրքորոշոմը չի ներկայացրել:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հոկտեմբերին ամուսինների հայցը մերժել է: Մարիետա Առաքելյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը բավարարվել է: Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության այն պատճառաբանությամբ, որ Մարիետա Առաքելյանը չի ծանուցվել նաև իրեն պատկանող գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման մասին: Վճռաբեկ դատարանն էլ բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:

Այդ ընթացքում Մարիետա Առաքելյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը (Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար: ՍԴ-ն արձանագրել է, որ «գրավատու» եզրույթին պետք է տալ այնպիսի սահմանադրաիրավական բովանդակություն, համաձայն որի՝ «գրավատու» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլև տվյալ իրավահարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին: Իսկ 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում» բառակապակցությունը` այն մասով, որով գրավատուին կարող է պարտադրվել գրավառուի հնարավոր վնասների չափից ավելի ապահովման տրամադրում, ճանաչվել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին հակասող և անվավեր (19.07.16 ՍԴՈ-1294 որոշում):

Վճռաբեկ դատարանը նոր հանգամանքի հիմքով 2017թ. ապրիլին որոշել է վերանայել իր կայացրած որոշումը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` գործը նոր քննության ուղարկելու մասին, թողնել օրինական ուժի մեջ: 2018թ. ընդհանուր իրավասության դատարանը դարձյալ մերժել է ամուսինների պահանջը: Մարիետա Առաքելյանը դարձյալ բողոքարկել է վերաքննիչ դատարանում: 2018թ. դեկտեմբերի 7-ին բողոքը մերժվել է:  Գործը դարձյալ վճռաբեկ դատարանում է:

Գեղամ Առաքելյանը «Հետք»-ին պատմեց, որ պատահական են իմացել, որ իրենց տան սեփականատերը դարձել է բանկի աշխատակից Օվսաննա Առաքելյանը, հակառակ դեպքում կվիճարկեին գոնե այն փաստը, որ գույքը նրան շուկայականից էժան է վաճառվել: Ըստ նրա` Օ. Առաքելյանը անվտանգության աշխատակիցների հետ այցելել է ամուսիններին և պահանջել ազատել տունը: Մարիետա Առաքելյանն ասաց, որ տեղեկացել են՝ Օվսաննա Առաքելյանի ամուսինն աշխատում է Վճռաբեկ դատարանում՝ որպես բաժնի պետ և ենթադրվում է, որ ներգործություն է ունեցել դատարանների վրա:

Մարիետա Առաքելյանն ասում է, որ գործի նյութերում չկա վերաբերելի և թույլատրելի ապացույց, որ իրեն հասցեագրվել է բռնագանձման ծանուցում, իսկ ամուսնուն ծանուցելու մասը մնացել է վիճելի: Նրանք սպասում են Վճռաբեկ դատարանի որոշմանը:

Մեկնաբանություններ (3)

Վարդան
Դուք մոռանում եք,որ կամավոր եք ընկել այդ թակարդը ու չեք կատարել ձեր պարտավորությունները։ Դրա համար պիտի պարտքը ընկեր - բարեկամներից վերցնելու ու նրանց գցեիք կրակի մեջ, իսկ բանկի հետ ֆոկուսների չի անցնում։
Մարիամ
Ինչու միայն այս բանկը նաև այն բանկերը պիտի պատասխանատվություն կրեն ովքեր նմանատիպ գործարքներ են արել ու նաև աշխատանքից ազատում են ֆիզ. գնացող կանանց ու դատարանն էլ միանշանակ իրենց օգտին վճիռ կայացնում...
Արմեն
Տեղեկացնեմ Ձեզ, որ Օվսաննա Առաքելյանի քույրը ֆինանսական արբիտրաժային դատարանի դատաոր է, որտող քննվում են Յունիբանկի հայցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter