HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարաններն ամռանից քննում են Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի կալանքի գործով բողոքներ

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, երեկ նշանակված էր Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի (հայտնի է Լևոն անունով) նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ բողոքի քննություն:

Ինչպես պարզվում է, 2018 թվականի ամառվանից առ այսօր դատարաններում վիճարկվում է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:

Ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 7-ին առաջին ատյանի դատարանը Լյովա Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս որոշման դեմ Սարգսյանի պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որտեղ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել ու գործն ուղարկվել է նույն ատյան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանը, նշենք, հիմնավոր է համարել Լյովա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը: Աբրահամյանի խոսքով, սակայն, քննելով գործը՝ դատարանը Սարգսյանին առաջադրված մեղադրանքներից մեկով կալանք խափանման միջոցի կիրառման պայմանի առկայության հետ կապված խնդիր է տեսել, և Վերաքննիչ բողոք տարել:

Ըստ էության ստացվում է, որ առաջին ատյանի դատարանը Սարգսյանին մեղսագրվող արարքներից մեկում հիմնավոր կասկած չի տեսել, և այս հանգամանքն է, որ Դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Ենթադրվում է, որ Վերաքննիչ դատարանում Սարգսյանի պաշտպանական կողմից ևս բողոք է ներկայացվել նրա կալանքի դեմ: Թե երբ է նշանակվել հաջորդ դատական նիստը, մեզ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել, ապա Հատուկ քննչական ծառայության վարույթ է փոխանցվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը, որով անցնում են Լյովա Սարգսյանը, վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը:

Այսպես, ըստ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է: Նշենք, որ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, ներկայացել է քննությունն իրականացնող մարմնին, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter