
Տիգրան Պետրոսյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, Հայկ Չոբանյանը՝ Տավուշի մարզպետ
Կառավարության այսօրվա նիստում Շիրակի և Տավուշի մարզպետներ նշանակվեցին: Տիգրան Պետրոսյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, Հայկ Չոբանյանը՝ Տավուշի մարզպետ:
Այսօր նշանակված մարզպետները դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու էին նույն մարզից:
Գործադիր այս որոշման նախագծերը ներկայացրել էր տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետներին հայտնեց, որ կառավարության համար մարզում նոր ներդրումների ներգրավումն ու աշխատատեղերի ստեղծումը առաջնահերթություն է. «Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ պետական կառավարման բոլոր մարմինները և մարզպետարանները պետք է բացառեն որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը՝ որևէ ներդրումային ծրագիր քննարկելիս: Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով աջակցենք, քաջալերենք բոլոր պոտենցիալ ներդրողներին, նրանց նաև հնարավորություններ ցույց տանք, թե ինչպիսի ներդրումներ կարելի է անել՝ մարզերի զարգացմանը նպաստելու համար»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ կառավարության նիստի հունվարի 17-ի որոշմամբ՝ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ու Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։
Վերջիններս ընտրվել են յոթերորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից՝ իրենց ղեկավարած մարզերից։
Լուսանկարում ձախից՝ Տիգրան Պետրոսյան, Հայկ Չոբանյան:
Մեկնաբանել