HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի վիճարկումը սոցիալական իրավունքների եւ սոցիալական արդարության տեսանկյունից»

«Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի վիճարկումը՝ սոցիալական իրավունքների և սոցիալական արդարության տեսանկյունից» թեմայով փետրվարի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի զեկույցը

Հարկային քաղաքականությունը հանդիսանում է տնտեսական քաղաքականության, այսինքն տնտեսական զարգացման ռազմավարության և ավելի ընդգրկուն երկրի զարգացման երկարամյա ռազմավարական ծրագրերի բաղադրիչ: Ըստ էության հարկային քաղաքականությունը ծառայում է գործիք հանրային ապրանքների և ծառայությունների մատուցման ֆինանսավորման և քաղաքացիների միջև եկամուտների վերաբաշխման համար:

Սա հաշվի առնելով ցանկացած հարկային բարեփոխում պետք է արժանանա քաղաքականություններ մշակողների կողմից տնտեսական արդյունավետության և եկամուտների վերաբաշխման ազդեցության գնահատականների: Սրան զուգահեռ նաև պարտադիր է իրականացնել ֆինանսական ազդեցության գանահատական:

Հարկային օրենսգքրի փոփոխությունների նախագծի հիմնական նպատակներ են նշվել «Ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը»:

Պետք է փաստել, որ հարկային օրենսգքրի փոփոխությունների արդյունքում սոցիալ-տնտեսական և ֆինանսական ազդեցության որևէ գնահատական, ինչպես նաև տնտեսական քաղաքականության որևէ փաստաթուղթ և առավել ևս երկրի զարգացման ռազմավարական որևէ ծրագիր Կառավարության կողմից առ այսօր չի հրապարակվել:

Այս համատեքստում հատկապես մտահոգիչ է, որ նախագծով ներկայացված տեղեկատվության համաձայն, հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի կազմմանը տնտեսական քաղաքականությունների պատասխանատու նախարարությունը չի ներգրավվել և հետևաբար այս փոփոխություններով տնտեսական արդյունավետության և եկամուտների վերաբաշխման արդյունքում սոցիալ-տնտեսական ազդեցության որևէ գնահատականի առկայության մասին խոսելը դառնում է ինքնանպատակ:

Ինչու են կարևոր իմ կողմից նշված ծրագրերի առկայությունը և գնահատականները: Այդ փաստաթղերում մենք պետք է տեսնեինք, թե ինչ ուղղությամբ է Կառավարությունը նախատեսում ներգործել և նպաստել ազգային տնտեսության զարգացմանը: Որն է ճանապարհային քարտեզը, գործողությունների համախումբը: Նաև պետք է տեսնեինք, թե տնտեսական զարգացման ինչ առաջնահերթություններ ունի Կառավարությունը և հարկային քաղաքականությամբ ուրվագծվող ինչ ընտրություն է կատարել տնտեսական արդյունավետվության և արդարության միջև:

Պետք է նշել, որ տնտեսական արդյունավետության տեսանկյունից եկամտային հարկերը համարվում են կարևոր գործոն, քանի որ դրանք ուղղակիորեն ազդում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներդրումների, խնայողությունների և աշխատանքի շուրջ կայացվելիք որոշումների վրա:

Օրինակ, տնտեսական արդյունավետության տեսանկյունից հարկային քաղաքականությունը դիտարկելիս, տեսականորեն համարվում է, որ համահարթ հարկման համակարգը նվազեցնում է հարկային արբիտրաժի կիրառումը և նաև մեծացնում է բարձր որոկավորում ունեցող անձանց ներգրավվածությունը աշխատաշուկայում, հատկապես երբ աշխատուժի առաջարկը մեծ էլաստիկություն ունի:

Սակայն, հարկային արբիտրաժի կիրառման հնարավորությունը Հայաստանում հիմնականում անարդյունավետ հարկային վարչարարության արդյունք է, իսկ աշխատուժի առաջարկը ունի շատ ցածր էլասիկություն, քանի որ որակավորված մասնագետների թիվը բոլոր ոլորտներում շատ փոքր է:

Միաժամանակ, համահարթ հարկման համակարգի վերոնշյալ ենթադրյալ օգուտներին գալիս է հակադրելու հարկային համակարգի արդար լինելու, այսինքն եկամուտների վերաբաշխման արդարության գործոնը: Դրանց թվում են հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքները: Առաջինի տեսանկյունից նույն մակարդակի եկամուտ ունեցողները նույն հարկային բեռը պետք է կրեն: Իսկ ուղղահայաց արդարության տեսանկյունից, մեծ եկամուտ ստացողները, այսինքն ավելի վճարունակները համամասնորեն ավելի շատ հարկային բեռ պետք է կրեն, իսկ համահարթեցված եկամտային հարկի մեխանիզմը դա չի ապահովում:

Արդարության այս սկզբունքը պահպանելու նկատառումներով է, որ նույնիսկ համահարթ եկամտային հարկային տոկոսադրույք որդեգրած պետությունները փոքր եկամուտ ունեցողների համար չհարկվող շեմ են սահմանում: Իսկ շատ դեպքերում էլ, ի լրումն սրա, կիրառում են հարկվող եկամուտից նվազեցումներ, որ նույնպես մեղմում է համահարթեցումով առաջացող ուղղահայաց անարդարությունը: Համահարթ եկամտային հարկման համակարգ ունեցող նմանատիպ երկրներից են Էստոնիան, Լատվիան, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան: Բացառություն է Վրաստանը, որտեղ եկամուտների չհարկվող շեմ չկա: Այնպես, ինչպես նախագծով առաջարկվում է անել Հայաստանում:

Վրաստանում գործում է համահարթ 20 տոկոս եկամտային հարկ, ինչը մի շարք վերլուծաբանների պնդումներով հանգեցրել է քաղաքացիների միջև եկամուտների էլ ավելի բևեռվածության: Սրա վկայություն կարող է լինել նաև հետևյալը: 2004 թվականին եկամտի Զինի ինդեքսը Վրաստանի համար կազմել է 36.3 միավոր: 2005 թվականին ներդրվեց եկամուտների համահարթ համակարգ: Իսկ սրանից հետո, 2010 թվականին եկամտի Զինի ինդեքսը կազմում էր 40.1: Այնուհետ ցուցանիշը սկսել է փոքր ինչ նվազել, սակայն 2016 թվականի դրությամբ այն մնում է ավելի բարձր քան 2004  թվականին էր:

Հայաստանի համար առաջարկվող համահարթ համակարգը միանշանակ հանգեցնելու է եկամուտների էլ ավելի բևեռվածության: Պաշտոնական տվյալների համաձայն շուրջ 400,000 գրանցված աշխատողներ որոնց եկամուտը չի գերազանցում 150,000 դրամը այս համակարգի ներքո սկսելու են ավելի շատ հարկեր վճարել: Քանի որ նրանց եկամուտների մեծության վրա 23% համահարթ հարկը ազդեցություն չի ունենալու: Իսկ անուղղակի հարկերով, մասնավորապես ակզիզային հարկերի հաստատուն դրույքաչափերի մեծացմամբ պայմանավորված տեղի է ունենալու գնաճ, որի հետևանքով էլ այս քաղաքացիների գնողունակությունը ընկնելու է:

Նշեմ ևս մեկ կարևոր հանգամանք:

Հաշվի առնելով, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու օրենքի նախագծի հիմնական նպատակն է տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացումը, անհրաժեշտ է անդրադառնալ նշված այս գործոններին առնչվող որոշ միջազգային վարկանիշային ցուցանիշների: Սրանցից մեկի` Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (Համաշխարհային Բանկ) կողմից իրականացված հարցումների հիման վրա կազմվել է ցանկ, որտեղ նշվում են այն գործոնները, որոնք ներդրողները հաշվի են առնում, երբ օտար երկրներում ներդրումային որոշումներ են կայացնում: Այս ցանկում ներառված 20 գործոնների հերթականությունը ներկայացված է ըստ կարևորության, որտեղ «Ազգային հարկերը» կարևորությամբ ներկայացված է 11-րդ տեղում:

Կառավարության այս նախագծից կարելի է ենթադրել, որ հարկային բեռի ուղղակի հարկերից դեպի անուղղակի հարկեր տեղափոխման նպատակներից է աշխատուժի գծով ծախսերը էժանացնելը: Այսինքն եկամտային հարկի տոկոսադրույքը նվազեցնելով և դարձնելով համահարթ փորձում են բիզնեսի համար մրցակցային առավելություն ավելացնել:

Այս առնչությամբ պետք է նշել, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից յուրաքանչյուր տարի հրապարակվող Համաշխարհային մրցունակության զեկույցի 2018 թվականի համարում Հայաստանը մրցունակությամբ 140 երկրների շարքում զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը: Այստեղ հաշվարկի հիմքում դրված 98 գործակիցների թվում է «Աշխատուժի հարկման տոկոսադրույք» գործակիցը, որը իր մեջ ներառում է աշխատավարձի հարկերը և սոցիալական ապահովության վճարները: Այս ցուցանիշով Հայաստանը 26 այլ երկրների հետ միասին առաջին տեղում է:

Ստացվում է, որ կառավարությունը փորձում է մրցակցային առավելություն ստեղծել մի գործակցի միջոցով, դա է ցածր եկամտային հարկեր, որի մասով Հայաստանը արդեն ունի առավելագույն մրցակցային առավելություն:

Նշեմ նաև հետևյալ օրինակը: Գերմանիան, որ ունի պրոգրեսիվ հարկային համակարգ և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 36 անդամ երկրների շարքում եկամուտների հարկերի մեծությամբ երկրորդն է, մրցունակության ցուցանիշի այս սանդղակում 140 երկրների շարքում զբաղեցնում է 3-րդ տեղը: Գերմանիան մրցունակության «Աշխատուժի հարկման տոկոսադրույք» կոչվող այս գործակցով, 140 երկրների շարքում 97-րդն է:

Սա նշանակում է, որ Կառավարությունը մրցունակության բարձրացման ճիշտ թիրախներ չի ընտրել: Իսկ հաշվի առնելով վերոգրյալը ստացվում է, որ առաջարկվող հարկային այս քաղաքականությամբ Հայաստանին մրցակցային առավելություններ տալու հավանականությունը մոտ է զրոյի: Իսկ արդյունքում, համահարթ եկամտային հարկային համակարգով և եկամուտների այս վերաբաշխման եղանակով Կառավարությունը աղքատներին ավելի է աղքատացնելու, իսկ հարուստներին էլ ավելի հարստացնելու:

Վերջում հավելեմ, որ Համաշխարհային մրցունակության զեկույցում ասվում է հետևյալը: Եվրասիական տարածարջանի երկրները պետք է ձգտեն արժեքի շղթայում ավելի բարձր դիրք գրավել, որը հնարավոր կլինի իրականացնել ֆինանսական համակարգը և նորարարության կարողությունները զարգացնելու միջոցով: Այս երկու ոլորտները տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր թույլ կողմերն են: Նշվում է նաև, որ աշխատուժի շուկայում բարեփոխումները մասնավորապես Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կարող են նպաստել որակյալ աշխատուժի տեղաբաշխմանը և ինտեգրմանը, որը առանցքային դեր ունի նոր տեխնոլոգիաների ներդրման և ավելացված արժեքի ու արտադրողականության բարձրացման համար: Որպես մրցունակության բարձրացմանը նպաստող կարևոր գործոններ, ընդգծվում է նաև ենթակառուցվածքների հուսալիության և որակի, ինչպես նաև հաստատությունների որակի և դրանց գործունեության թափանցիկության բարելավման անհրաժեշտությունը:

Օրինակի համար քիչ առաջ նշածս Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության կողմից հրապարակած ցանկում «Ենթակառուցվածքների հուսալիությունը և որակը» ներդրողների ուշադրության տակ գտնվող, կարևորությամբ 4-րդ գործոնն է: Այս գործոնով 140 երկրների շարքում մենք 74-րդ ենք: Սրա մաս կազմով Ճանապարհների որակը գործակցով 85-րդն ենք, իսկ համաշխարհային օդային ցանցում Հայաստանի ինտեգրված լինելու գործակցով մենք այս 140 երկրների մեջ 93-րդն ենք:

Սրանք այն կարևոր և առաջնային ցուցիչներն են որ օտարերկրյա ներդրողները հաշվի են առնում: Իսկ թե ինչու է կառավարությունը այս առաջնային գործոններրի բարելավման շուրջ աշխատանքներ իրականացնելու փոխարեն, փորձում երկրորդային գործոններով մրցակցային առավելություն բարձրացնել, կարծում եմ գործողությունների առաջնահերթություններ և տնտեսական զարգացման տեսլական չունենալու արդյունք է:

Եզրափակելով նշեմ նաև հետևյալը: Եթե Կառավարության տնտեսական և ֆիսկալ քաղաքականության պատասխանատուները լայնախոհ գտնվեն, և ականջ դնեն փորձագիատական և մասնագիտական հանրությանը, ինչպես նաև հաշվի առնեն մրցունակությանը առնչվող ներկայացված փաստերը, ապա այս ոչ արդյունավետ և թերի նախագծի փոխարեն կմշակեն տնտեսական զարգացման ռազմավարություն, որտեղ հարկային բարեփոխումները կապակցված կներկայացվեն նաև երկրի զարգացման տեսլականին և սոցիալ-տնտեսական հիմնական բնութագրիչներին:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից Համաշխարհային մրցունակության զեկույցի 2018-ի հապարակումից տվյալներ

(Աղբյուր` weforum)

Այս զեկույցի 2018 թվականի հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել 140 երկրների, այդ թվում Հայաստանի: Այստեղ երկրները դասակարգվել են ըստ իրենց մրցունակության: Դասակարգման հիմք է հանդիսանում մի ցուցիչ որը, կազմվում է 98 գործակիցներից: Այս գործակիցները վերցված են տարբեր հեղինակավոր միջազգային կառույցներից և կազմվող ցուցիչի առավելագույն միավորը 100-ն է: Այս գործակիցները խմբավորվել են և սրանք կազմում են երկրի մրցունակությունը բնութագրող 12  սյուները: Դրանք են`

Նպաստող միջավայր (միջավայրային գործակիցներ)

  1. Հաստատություններ
  2. Ենթակառուցվածքներ
  3. Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ (ՏՀՏ)
  4. Մակրոտնտեսական կայունություն

Մարդկային կապիտալ

  1. Առողջություն
  2. Ունակություններ

Շուկաներ

  1. Ապրանքների շուկա
  2. Աշխատուժի շուկա
  3. Ֆինանսական համակարգ
  4. Շուկայի մեծություն

Նորարարության էկոհամակարգ

  1. Գործարարության պրոգրես
  2. Նորարարության կորողություն

Այս ցուցիչով Հայաստանը հավաքել է 59.9 միավոր և 140 երկրների շարքում 70-րդն է:

weforum.jpg (324 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter