
«Սասնա ծռեր»-ի գործով դատավորը որոշել է դռնփակ քննել նիստը. դատարանում լարված մթնոլորտ էր
Դատավոր Մեսրոպ Մակյանը ՊՊԾ գնդի գրավման գործը դռնփակ քննելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Դատարանում հարցաքննվում էր նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, որի, ինչպես նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հարցաքննության ժամանակ դահլիճում գտնվողները պարբերաբար արձագանքում էին նրանց խոսքերին: Դատավորը մի քանի անգամ զգուշացրեց, որ նման վարքագիծ դրսևորելու դեպքում որոշում կկայացնի նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ:
Եղիազարյանի հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց, որը դահլիճում ներկաների վրդովմունքն առաջացրեց:
Դատարանը որոշեց նիստը դռնփակ քննել, որով, ըստ նրա, կապահովվի դրա բնականոն ընթացքը:
Դատարանը ընդմիջում հայտարարեց և կարգադրեց, որ դատական նիստին թույլատրվի միայն լրատվամիջոցների ներկայությունը: Դատարանի այս որոշումն էլ ավելի լարեց կրքերը: Քաղաքացիները բղավում էին, թե դուրս չեն գալու: Երբ նիստը վերսկսվեց, նրանցից շատերը դահլիճում էին, հրաժարվել էին դուրս գալ, և դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը:
Մեկնաբանել