HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Չես վիրահատվել, ուրեմն այդպես էլ պետք է գնաս բանակ». նորակոչիկը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Լուսանկարում ձախից՝ Արտաշես Մանուցյանը, ՀՀ գլխավոր կոմիսար Հենրիկ Մուրադյանը

Ռուսաստանի Դաշնությունում մոտ 20 տարի բնակվելուց հետո Արտաշես Մանուցյանը, ապրիլյան հայտնի իրադարձությունների ժամանակ վերադարձել է Հայաստան, որպեսզի զորակոչվի բանակ: 23-ամյա երիտասարդը Մոսկվայում բնակվել է ծնողների հետ, զբաղվել է սպորտով: Հայաստան վերադառնալուն պես՝ 2018 թ-ի գարնանը, ներկայացել է իր տարածքային զինկոմիսարիատ, որից հետո արդեն 10 ամիս է, ինչ քաշքշուկների մեջ է: «Հետք»-ի հետ զրույցում Մանուցյանը պատմեց, որ ՌԴ-ում սպորտով է զբաղվել, սկզբում՝ կարատե, հետո ըմբշամարտ: 2013 թվականին ուսի վնասվածք է ստացել: Վերադառնալով Հայաստան և հաշվառման կանգնելով զինկոմիսարիատում՝ ենթարկվել է բուժզննման: Գորիսում տեղի ունեցած բուժզննման ժամանակ գանգատվել է գլխի և ուսի ցավերից:

«Գլխիս հետ կապված գանգատս հաշվի չառան, բայց ասում էի, որ ցավեր ունեմ: Բժիշկը ձեռքս տեսավ և միանգամից ուղեգիր տվեցին, որ գնամ «Հանրապետական» հիվանդանոց»,- նշեց Արտաշես Մանուցյանը:

Նորակոչիկին զննել են և բանավոր ասել, որ վիրահատման կարիք ունի, իսկ առողջական վիճակի մասին փաստաթղթերը ուղարկել են Գորիսի զինկոմիսարիատ: Մի քանի օր անց նրան կրկին հրավիրել են զինկոմիսարիատ նոր ուղեգիր ստանալու համար, որպեսզի նորից ստուգվի: Նորակոչիկին պարզաբանել են, թե իբր բժիշկները սխալվել են ախտորոշում կատարելիս: Երկրորդ հիվանդանոցը, որ ուղեգրել են, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն է եղել: Արտաշես Մանուցյանն այնտեղ ենթարկվել է ռենտգեն հետազոտման, որից մեկ ամիս անց, սեփական նախաձեռնությամբ, կապ է հաստատել Գորիսի զինկոմիսարիատի աշխատակիցների հետ, որոնք նրան հայտնել են բանակ գնալու լուրը: Մի քանի օրից նրան ուղարկել են զորակոչային բժշկական հանձնաժողով՝ հետազոտման(генеральная комиссия): Հանձնաժողովում նորակոչիկին զննել են, նայել բժշկական փաստաթղթերը, ինպես նաև՝ նորակոչիկի կողմից այլ բուժհաստատությունում անցած «ռենտգեն» նկարահանումը: Դրանից հետո մտել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ գլխավոր կոմիսար Հենրիկ Մուրադյանի մոտ: Վերջինս նրան հարցրել է՝ պատրա՞ստ ես ծառայության և ստանալով բացասական պատասխան՝ Մուրադյանը փաստաթղթերը նետել է աշխատասեղանին ու բարի ծառայություն մաղթել:

«Թղթերս վերցրեց և խփելով սեղանին՝ ասում է՝ 5 հատ բժիշկ է քեզ նայել, 5-ն էլ սխա՞լ են նայել: Ես պատմեցի, որ նորմալ եկել եմ, և ինչի՞ եք իմ հետ այսպես վարվում: Չէր լսում, ասում էր՝ ռադ եղի, գնա կաբինետից, գնա ծառայելու: Ասեցի, լավ ես ձեզ դատի կտամ: Երկու օր անց զինկոմիսարիատից զանգահարեցին և ասեցին, որ ես վատ եմ խոսել գեներալի հետ, որը ինձ ուղարկել է նորից ստուգման»,- ասաց նորակոչիկն ու շարունակեց, որ դրանից հետո գնացել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»՝ ստուգման, որտեղ բժիշկը հաստատել է առաջին բուժզննման արդյունքները:

Արտաշես Մանուցյանը երկրորդ անգամ է ներկայանում զորակոչային բժշկական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահին հանձնաժողովականներից մեկն ասել է, որ «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում սխալ ախտորոշում էին տվել, և նոր ստուգումից հետո վիրահատման անհրաժեշտություն կա: Արտաշես Մանուցյանին 5 ամսով տարկետում են տրամադրում և ուղեգրում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ վիրահատվելու: Մանուցյանը չի ցանկացել այդ ԲԿ-ում վիրահատվել, նախկինում իրեն սխալ ախտորոշում տալու պատճառով: Նորակոչիկին իր իսկ խնդրանքով թույլ են տվել գնալ Մոսկվա՝ իր միջոցներով վիրահատվելու: Մեկնելով ՌԴ՝ Մանուցյանը պարզել է, որ այդտեղ իր վիրահատությունն արժե 250 հազար ռուբլի (մոտ 1.7 մլն դրամ) և հետվիրահատական 8-10 ամիս բուժման անհրաժեշտություն կա: Չունենալով վիրահատության և այդքան ժամանակ ՌԴ-ում բնակվելու հնարավորություն (տարկետումը 5 ամսով էր տրվել) վերադառնում է Հայաստան և ներկայանում զինկոմիսարիատ: Նորակոչիկը խնդրում է, որ իրեն վիրահատեն ցանկացած այլ հիվանդանոցում, բացառությամբ « Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի: Նրան ստուգման են ուղարկում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, որտեղ նույնիսկ չափումներ չեն կատարվել:

Այդ ամենից հետո 3-րդ անգամ նա ներկայացել է զորակոչային բժշկական հանձնաժողով, որտեղ նրան բարի ծառայություն են մաղթել: «Ասում եմ, բայց դուք ինձ ուղարկել էիք վիրահատման, խնդիրներ ստացվեցին, չստացվեց վիրահատվելս, հիմա ոնց եք ինձ ուղարկում: Ասում է (Հենրիկ Մուրադյանը, հեղ.), այո, ես եմ ուղարկել, գոռաց վրաս և ասաց՝ չես վիրահատվել, ուրեմն այդպես էլ պետք է գնաս»,- վերհիշեց նորակոչիկը:

Արտաշես Մանուցյանը, գործընթացից դժգոհ լինելով, գնացել է զորակոչից առաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով, ներկայացրել իր դժգոհությունները, որից հետո հանձնաժողովի անդամները փակ ծրար են տվել նրան՝ պահանջելով, որ այն փոխանցի իր տարածքային զինկոմիսարիատ: Բողոքները քննող հանձնաժողովում վստահեցրել են, որ իրենք այդ նամակով գործընթացը կկասեցնեն, մինչև ուսումնասիրեն խնդիրը:

Արդեն 2019 թ-ի հունվարի 31-ին նորակոչիկը 4-րդ անգամ է ներկայանում բժշկական հանձնաժողով: «Նայեց թղթերը (Հենրիկ Մուրադյանը, հեղ.), ու ասում է՝ քեզ վիրահատվելու ժամանակ էինք տվել, ինչի՞ չես վիրահատվել ու սկսեց գոռգոռալ: Ասում եմ կարո՞ղ եք լսել, ասում է՝ ասա: Պատմում եմ, թե ինչն է եղել չվիրահատվելու պատճառը: Ասում է՝ քեզ ժամանակ էինք տվել վիրահատվելու, չես գնացել, քեզ բարի ծառայություն, կգնաս «զբորնի պունկտ» (զինվորական գլխավոր հավաքակայան, հեղ.): Ասեցի այս ծրարը ձեզ են ուղարկել (բողոքները քննող հանձնաժողովից, հեղ.) ծրարը վերցրեց դրեց մի կողմ ու ասեց՝ կաբինետից դուրս արի, դուրս եմ գալիս, չեն թողնում: Ասում են՝ պետք ա գնաս «զբորնի պունկտ», ասում եմ՝ չվիրահատված չեմ գնա: Ասում եմ՝ չեմ խուսափում, վիրահատեք, տարեք: Գորիսի մեր զինկոմին ասում եմ՝ ծրարը ինչի չեք բացում, ասում է՝ գեներալը թույլ չի տալիս, ես չեմ կարող բացել: Ասում եմ՝ ինչ անեմ, ասում է՝ ինչ ուզում ես, արա, 10 օրվա մեջ գործերդ կտանք իրավապահներին, որ դու հրաժարվել ես ծառայությունից»,- մանրամասնեց նա:

Նորակոչիկը պատմեց նաև, որ հաջորդ օրը կրկին գնացել է բողոքարկման հանձնաժողով, ներկայացրել է վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները:

Այդ ամենից հետո՝ փետրվարի 4-ին, Արտաշես Մանուցյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: ՄԻՊ գրասենյակից վստահեցրել են, որ սեղմ ժամկետներում կուսումնասիրեն դիմումն ու կապ կհաստատեն նորակոչիկի հետ:

Այդ դիմումներից բացի՝ նորակոչիկը դիմում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ինքն այնպիսի բաներ է անում, որ ուզում է երկիրը փոխի, բայց ես ոնց տեսնում եմ երկիրը չի փոխվել, ուզում եմ, որ ինքն իմանա իմ պատմության մասին, որովհետև ես արժանի չէի, որ իմ հետ այդպես վարվեին: Վարչապետն ասում էր՝ մի վախեցեք, եկեք, ես չեմ վախեցել, եկել եմ, ու հիմա ինձ այնպես են վերաբերվել, որ ես մինչև հիմա չեմ կարողանում գիշերները հանգիստ քնել»,- ասում է Արտաշես Մանուցյանը:

Մեկնաբանության համար դիմեցինք պաշտպանության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ նորակոչիկի դժգոհությունը պետք է ուսումնասիրվի, եթե խախտումներ են եղել, ապա դրանց ընթացք կտրվի, իսկ եթե այդպիսիք չհայտնաբերվեն, ապա նրան կմաղթեն բարի ծառայություն:

Մեկնաբանություններ (1)

Արմեն
հա ճիշտա ես անձանբ ճանաչում եմ ետ գեներալին ինքը այսօես ասած պրինցիպներով առաջնորդվող մարդա .պետկա միհատ քիթը քսվի գետնին վոր իմանա ձևը ըտենց չի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter