HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ոռոգման սեզոնը կսկսվի երկու ամսից․ ոլորտի պատասխանատուները համակարգային լուծումներ են ակնկալում

Նախորդ տարում շուրջ 4 ամիս «Հետքը» Արմավիրի մարզի Առատաշեն եւ Եղեգնուտ համայնքներում ուսումնասիրեց ոռոգման եւ խմելու ջրի մատակարարման խնդիրները։ Արարատյան դաշտում երկու ամսից կսկսվի ոռոգման սեզոնը, սակայն դեռեւս տեսանելի չէ՝ բնակիչների եւ ծառայություն մատուցողների բարձրացրած հարցերը լուծումներ կունենան, թե՝ ոչ։

Նրանք բոլորից լավ գիտեն, թե ինչ է պետք ջրամատակարարումը բարելավելու համար, սակայն ոլորտում առկա շատ խնդիրներ նրանց լավ կամ վատ աշխատանքով չէ պայմանավորված։ Դրանք  համակարգային են, որոնց լուծումը կառավարության հետաքրքրվածությամբ եւ ռազմավարական քաղաքականությամբ է պայմանավորված։

Գրունտային ջրերի մակարդակի իջնելու հետեւանքով ինքնահոս խորքային հոր չկա, իսկ մեխանիկական եղանակով ջրամատակարարումը շատ թանկ է գյուղացու համար: Հիմա ավելի շատ ջուր է պահանջվում, որովհետեւ խոնավության շերտը շատ ցածր է: Մասնագետները պնդում են, որ նախկինում եթե 30 սմ-ից սկսած խոնավություն կար հողում եւ շատ ջուր չէր պահանջվում, հիմա 60 սմ-ի վրա է խոնավությունը եւ ջրի նախկին քանակը չի բավարարում:

Ջրի հաշվարկը կատարվում է ոչ թե հողամասին ջուրը հասնելուց, այլ պոմպը միացնելուց հետո։ Առուների մեծ մասը հողային հունով է, որի պատճառով կորուստները մեծ են։ Մինչեւ ջուրը հողամասին հասնելը երբեմն 1 ժամ է տեւում, իսկ գյուղացին վճարում է նաեւ ճանապարհին կորած ջրի համար: Ջրօգտագործողներին չի ներկայացվում նաեւ հստակ հաշվարկ տվյալ ժամանակահատվածում իրենց ծախսած փաստացի ջրաքանակի վերաբերյալ, համաձայն որի՝ կարողանան բանկում կամ փոստային բաժանմունքում վճարում կատարել։

Գյուղացիները պահանջում են վերականգնել Սեւջուր գետի ջուրը, չեն ցանկանում խորքային հորեր բացել: Սեւջուր գետի ավազանի գյուղերը զրկված են ջրից, Ախուրյանի ջրամբարը վերջին 3 տարիների չի լցվում, ի՞նչ է լինելու, եթե այս տարի էլ ջուր չլինի, առհասարակ, լուծումներ կա՞ն Արմավիրում 3000 հա չոռոգվող հողատարածքների համար։

Գանձումների հարցը դեռեւս կարգավորված չէ, ջրօգտագործողները չեն ցանկանում վճարել չօգտագործած ջրի համար: Ջրօգտագործողների ընկերություններ (ՋՕԸ) չեն խրախուսում բանկային վճարումները, գումարը հավաքագրում են ջրբաշխները։ Խոշոր հողատերերը, այսինքն՝ մեծ ծավալի ջուր սպառողները, վճարման դաշտում չեն, եւ նրանց հաշվին մեծացվում է ջրակորուստի ծավալը կամ նրանց փոխարեն  վճարում է շարքային սպառողը։

Երկու համայնքներում՝ Առատաշենում եւ Եղեգնուտում, խմելու ջրի համակարգը գրեթե ամբողջությամբ քայքայված է, եւ բնակչությունը խմում է կենցաղային նպատակով խորքային հորերից մղվող ջուրը։ Ջուրը սպառողին մատակարարվում է մեխանիկական եղանակով:

Այս համայնքներում կանոնավոր ջրամատակարարմանը մեծապես խոչընդոտում են նաեւ էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները: Էներգամատակարարման ողջ ցանցը կապիտալ վերանորոգման կարիք ունի, մեծ է հենասյուների եւ մալուխների մաշվածությունը, առանց որի դարձյալ անհնար է կանոնավոր ջրամատակարարում ապահովել: Երբեմն 220 վոլտի փոխարեն 150 վոլտ էլեկտրաէներգիա է մատակարարվում գյուղին, սակայն ՀԷՑ-ը համակարգում ներդրումներ կատարելու մտադրություն չունի: Հետազոտության ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter