HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«ՊՊԾ գնդում յուրաքանչյուրը 4-5 ատրճանակով էր ման գալիս». դատարանում ցուցմունք տվեց նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօր դատարանում հարցաքննվեց նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վարդան Եղիազարյանը:

Վերջինս, հիշեցնենք, ՊՊԾ գնդի գրավման գործով տուժողի կարգավիճակ ունի, ըստ գործի նյութերի՝ եղել է ՊՊԾ-ում պատանդառված ոստիկաններից մեկը:

Դատավորի հարցին ի պատասխան՝ Եղիազարյանն ասաց, որ ամբաստանյալներից որևէ մեկի հետ բարեկամական, ազգակցական կապ չունի, նրանց տեսել է ՊՊԾ գնդում:

Եղիազարյանը պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան ժամը 3-ի սահմաններում իրեն է զանգահարել ոստիկանության հերթապահ մասի աշխատակիցը և հայտնել, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:

«Ես իսկույն իմ պարտքը համարեցի մեկնել դեպքի վայր և հայտնվեցի այնտեղ, որտեղ արդեն Օսիպյանն էր»,- ասաց Եղիազարյանը:

Վերջինիս խոսքով՝ Օսիպյանն իրեն ասել է, որ կապի է դուրս եկել հարձակվողների հետ և գնում է նրանց հետ հանդիպման, որից հետո ինքը՝ Եղիազարյանն էլ է գնացել: Դատարանում հայտնեց, որ իր պարտքն է համարել, որպես ավագ սպա, չթողնել իր գործընկերոջը միայնակ:

Ըստ Եղիազարյանի՝ երբ իրենք գնացել են հանդիպման, ապարդյուն բանակցություններից հետո ինքնաձիգները դրել են իրենց վզին ու պահանջել, որ գնան գունդ, քաշքշուկ է եղել, իրենց նաև հարվածել են հրազենի կոթով:

«Ստիպեցին, գնացինք գունդ, այնտեղ մեզ պլաստիկ ձեռնակապեր կապեցին, մի քանի րոպե հետո որոշեցին, որ պետք է հանեն: Հայհոյանքներ էին հնչում, բորբոքված մթնոլորտ էր, գոռգոռոցներ: Ի սկզբանե մեր միակ խնդրանք-պահանջը նա էր, որ բաց թողնեն մեր սերժանտական կազմի պատանդության մեջ գտնվող 6-8 հոգի տղաներին, մերժեցին, հետագայում երկուսին բաց թողեցին. մեկը՝ վատառողջ էր, մյուսը՝ պիտի ամուսնանար»,- պատմեց Եղիազարյանը:

Ըստ Եղիազարյանի ցուցմունքի՝  գնդի տարածքում գտնվող անձինք շարունակ խոսել են այն մասին, թե իրենց գործողությունները ճիշտ են, որ հեղաշրջում են իրականացնում:

Տուժողի խոսքով՝ թեև իրենք փորձել են անել այնպես, որ իրավիճակը չլարվի, կրակոցներ չլինեն, քիչ անց կրակոցի ձայներ են լսվել, որի հետևանքով գնդում գտնվող տղաներից մեկն, ինչպես նաև երեք ոստիկան մարմնական վնասվածքներ են ստացել:

Վարդան Եղիազարյանը հիշեց, որ հետագայում իրեն ու Օսիպյանին գնդի սենյակներից մեկում են պահել, որը անցակետին կից էր, հեռախոսն ընտրովի էին տրամադրում, փորձել են այնպես անել, որ նրանք շատ չշփվեն գնդում գտնվող անձանց հետ, շատ բան չիմանան: Նա հիշեց, որ Օսիպյանին պատկանող հեռախոսն ընդհանրապես անհետացել էր, բայց չգիտի՝ ինչու:

«Միանգամից ասեմ, որ իմ անձնական սպայական արժանապատվության և իմ անձի վերաբերյալ լուրջ ոտնձգություններ չեն եղել, վերաբերմունքը եղել է բավականին պարկեշտ, այնուամենայնիվ, դա գնահատել որպես մեծ լավություն, կարծում եմ, չի կարելի: Ինչ վերաբերում է հարցին՝ պատանդ էինք, թե՞ գերի, իհարկե պատանդ էինք: Եթե սահմանափակվում են մարդու որոշ իրավունքներ եւ ազատություններ, բնականաբար դա պատանդի կարգավիճակ է, բայց այդ գնահատականը տվողը ես չեմ, դատարանը և քննությունը պետք է որոշի»,- նշեց Եղիազարյանը:

Վերջինիս խոսքով՝ գնդում կային մարդիկ, ովքեր անկանխատեսելի գործողություններ էին անում, ու իրենք նրանց հետ խուսափում էինք շփվել: Խոսելով ՊՊԾ-ում տեղի ունեցած սպանությունների մասին՝ Եղիազարյանը զարմանք հայտնեց, որ դրանց վերաբերյալ զղջումի խոսքեր չկան:

«Ինձ համար զարմանալի է և զայրացնող, որ այսքան ժամանակ ոչ մի ներողամտության կամ զղջանքի խոսք չի եղել: Զարմանալի է նաև, որ երբ այստեղ խոսում են սպանությունների մասին, դահլիճից ծափահարություններ են հնչում: Կարծում եմ՝ սա մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում, վերջին հաշվով զոհվել են հայորդիներ, սպաներ, մեր ընկերները: Ինձ համար այս ամբողջ պատմության մեջ ամենաանհասկանալին սա է, որ ոչ մի զղջանք, ոչ մի ներողամտություն խմբի կողմից ես չեմ լսել ո՛չ մեր  նկատմամբ, ո՛չ զոհերի հարազատների: Ուզում եմ հիշեցնել, որ երեք հոգի մարդ է զոհվել, և դրա պատասխանը որևէ մեկը պիտի տա»,- ասաց Վարդան Եղիազարյանը ու նշեց, որ ի վերջո բանակցությունների արդյունքում որոշվել է իրենց ազատ արձակել: Նախկին փոխոստիկանապետը նշեց, որ նախ բաց են թողել երկու այլ ոստիկանի, ապա՝ իրեն ու Վալերիյ Օսիպյանին, հիշեց, որ իրենք ձեռքսեղմումով ու շնորհակալություն հայտնելով են գնացել գնդի տարածքից:

Ըստ Եղիազարյանի՝ գնդից դուրս գալուց հետո ինքը վատառողջ է եղել, և տևական ժամանակ աշխատանքի չի գնացել, ուստի իրադարձությունների հետագա ընթացքի մասին ինքը տեղեկացված է գործընկերներից կամ լրատվամիջոցներից:

Պատասխանելով մեղադրողների հարցին, թե ի՞նչ պահանջ էր ներկայացվում գնդի անդամների կողմից, Եղիազարյանն ասաց, որ պահանջները բազմազան էին՝ ասում էին, որ պետք է պաշտոնանկ արվեն ոստիկանական բարձրաստիճան սպաներ, Հանրապետության նախագահը, Կառավարությունը պիտի լուծարվի, բայց հիմնական շեշտադրումը Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման կամ նրան գունդ տեղափոխելու պահանջն է եղել:

Եղիազարյանի խոսքով՝ իր տեսադաշտում գտնվող բոլոր անձինք զինված են եղել կամ ինքնաձիգներով, կամ ատրճանակներով, նրանց մոտ հիմնականում եղել է ՊՊԾ գնդի սպառազինությունը, բայց կային նաև դրսից բերված ինքնաձիգներ:

«Նույնիսկ ծիծաղելի էր դառնում. յուրաքանչուրը 4-5 ատրճանակով էր ման գալիս, ես նույնիսկ մեկին ասացի՝ տղա ջան երկու ձեռք ունես, ինչո՞ւ ես 4 ատրճանակ պահում»,- պատմեց Եղիազարյանն ու նշեց, որ գնդում եղած անձանց մոտ նաև մարտական նռնակներ են եղել:

Եղիազարյանը նշեց նաև, որ խմբի կազմակերպչական աշխատանքները ղեկավարում էին Պավել Մանուկյանը և Մխիթար Ավետիսյանը՝ հավանաբար այն պատճառով, որ զինվորական ամենամեծ փորձը նրանք ունեին:

Խոսելով ՊՊԾ-ում սպանված գնդապետ Վանոյանի մահվան հանգամանքների մասին՝ Եղիազարյանը պատմեց, որ Վալերիյ Օսիպյանը տեղեկացել է, որ գնդում պետք է լինի նաև Արթուր Վանոյանը, որից հետո իրենք անվերջ փորձել են պարզել, թե որտեղ է Վանոյանը:

«Հետո Օսիպյանը գնաց նրաց հետ և այլայլված, ընկճված վերադարձավ: Նա պատմեց, որ փաստորեն մեր ընկերոջ դին գտնվում է մյուս մասնաշենքում՝ հանգստյան սենյակում: Սկսեցինք ենթադրություններ անել, թե ինչից կարող է մահացած լինել: Որ հրազենային վնասվածք էր, դա պարզ էր, բայց դեռևս չգիտեինք՝  արյունահոսել և մահացել է, թե՞ միանգամից է մահը վրա հասել»,- ասաց Եղիազարյանը:

Նախկին փոխոստիկանապետին հետո տարել են այն տարածք՝ այնտեղ, որտեղ սպանվել է Վանոյանը, պարկուճներ է տեսել, թափված արյան հետքեր, բայց հենց այն սենյակում, որտեղ սպանվել է Վանոյանը, չի եղել:

Ըստ Եղիազարյանի՝ Վարուժան Ավետիսյանը իրեն առաջարկել է դեպքի վայրում քննություն իրականացնել, ու ինքն ասել է, որ Ավետիսյանն էլ իրավաբան է և քաջ գիտակցում է, որ զավթած տարածքում քննիչը չի կարող անկաշկանդ գալ և  քննչական գործողություն իրականացնել: Եղիազարյանը, սակայն, իր խոսքով, պարկուճների դասավորությունից և այլ հանգամանքներից հասկացել է, որ դեպքի վայրում որոշ փոփոխություններ են արվել:

Այդ ժամանակ, ըստ Եղիազարյանի ցուցմունքի, ներկա է եղել նաև խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն, ով ասել է, որ Վանոյանն է կրակել, իրենք ընդամենը պատասխանել են, որ նա մահացել է փոխհրաձգության հետևանքով: Թե կոնկրետ ովքեր են կրակել, նախկին փոխոստիկանապետը կոնկրետ չգիտի, դատարանին հայտնեց, որ Գագիկ Եղիազարյանն ասել է մենք, ինքը խոսակցություններից հասկացել է, որ խոսքը Եղիազարյանի, Սմբատ Բարսեղյանի մասին է, իսկ այլ անձանց չգիտի:

Վարդան Եղիազարյանը, խոսելով Սմբատ Բարսեղյանի մասին, նշեց, որ նա միշտ ինքնաձիգով էր, երբ նկատել են, որ վիրավոր է, Օսիպյանը առաջարկել է նրան դուրս գալ գնդից ու բուժհիմնարկ տեղափոխվել, սակայն Բարսեղյանը հրաժարվել է:

Նախկին փոխոստիկանապետի խոսքով՝ գնդում գտնվողները ոստիկանության գույքի նկատմամբ բարբարոսաբար էին վարվում:

«Ավտոտրանսպորտային միջոցները խփված էին: Ես հասկացա, որ այնտեղ որոշները մեքենա վարել էին սովորում, Ամբողջ տարածքը ջարդուխուրդ արած էր, գույքը՝ թալանված, ջարդված, թափված: Նույնիսկ նրանից մեկին հարցրի՝ ապակիները ինչո՞ւ եք ջարդում, պատասխանեց՝  որ օդ գա:

Նշենք, որ Վարդան Եղիազարյանի հարցաքննությունն այսօր չի ավարտվել, և կշարունակվի հաջորդ՝ փետրվարի 13-ի դատական նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։