HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աբովյանի միջադեպի գործով Մելիք Մանուկյանի քրոջ որդին կալանավորվել է, իսկ եղբորորդու կալանքի միջնորդությունը մերժվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆորխոյանը երեկ քննել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի քրոջ որդուն՝ Ռոմեն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու բավարարել այն: Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից: 

Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի, կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ խուլիգանության կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու մեջ:

Նույն դատարանի մեկ այլ դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ  քննել է Մելիք Մանուկյանի եղբորորդուն` Մովսես Մանուկյանին կալանավորվելու վերաբերյալ միջնորդությունն ու այսօր մերժել այն: Այս տեղեկությունը ևս հաստատեցին Քննչական կոմիտեից: Մանուկյանը Աբովյանում տեղի ունեցած դեպքով մեղադրվում է ապօրինի զենք կրելու, սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ:

Մովսես Մանուկյանը նախկինում մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, սակայն նրա նկատմամբ կիրառվել է 2013 թվականին ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը:

Միջադեպի մյուս կողմում կանգնած, կալանքի տակ գտնվող Վարդան Գրիգորյանն, ով Ծառուկյանների ընտանիքին պատկանող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցն է, անցնում է Աբովյանում գտնվող «Մա Պլազա» ժամանցի կենտրոնի տնօրեն Մկրտիչ Խաչատրյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործով, սակայն Գրիգորյանին սպանության մեղադրանք չի վերագրվում, նա մեղադրվում է Խաչատրյանին միջին ծանրության վնասվածք պատճառելու մեջ:

Վարդան Գրիգորյանի վերաբերյալ այժմ քննվում է մեկ այլ գործ ևս: Վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի 266-րդ հովածի 1-ին մասով, այսինքն` իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝  խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի:

Միջադեպի ժամանակ վնասվածքներով Աբովանի բժշկական կենտրոն տեղափոխված Վահրամ Գրիգորյանը ևս նախկինում դատվածություն է ունեցել: Վերջինս այս գործով կալանավորված Վարդան Գրիգորյանի եղբայրն է, այն ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենը, որտեղ մեքենայի անիվը վերանորոգելու շուրջ վիճաբանություն է առաջացել:

Մենք պարզեցինք, որ Վահրամ Գրիգորյանը նախկինում դատապարտվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության և անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

Հիշեցնենք՝ հունվարի 28-ի, լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել, որի հետևանքով մահացել է մեկ անձ՝ Արտաշես Գևորգյանը: 21-ամյա մի երիտասարդի՝ Ջիվան Հարությունյանի վիճակը ծանր է, վերջինիս վնասվածքները գանգուղեղի շրջանում են:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վիճաբանության երկու կողմերում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդու կողմնակիցներն ու նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին ու այլ ազգականներն են:

Մելիք Մանուկյանի հարազատներից մեկը  այլ անձանց հետ գնացել է Ծառուկյանին պատկանող վուլկանիզացման կետ՝ մեքենայի անիվը փչելու նպատակով, որտեղ վիճաբանություն է սկսվել աշխատակցի հետ: Հետագա իրադարձությունները զարգացել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ Մանուկյանի մի քանի ազգականներ հավաքույթի մասնակցելիս են եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter