
Կառավարության ծրագրի հակակոռուպցիոն բաղադրիչը
2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը: Կոռուպցիայի դեմ պայքարի մասով կառավարության ծրագիրը որոշ դեպքերում բառ առ բառ կրկնում է 2018թ. հունիսի 1-ին կառավարության կողմից հավանության արժանացած ծրագիրը:
Մասնավորապես՝ կառավարությունը համոզված է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական առաջնահերթություններից է: Կառավարությունը խոստանում է լինել վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող։ Այդ պայքարում գործադիր մարմինն ակնկալում է լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։
Ըստ ծրագրի՝ կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի և դատապարտման: Ընդ որում, պայքարը պետք է իրականացվի ինչպես ռազմավարական, առանցքային գործուն միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման և վերափոխման միջոցով: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից կարևորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով: Միաժամանակ, էական նշանակություն կարող են ունենալ տարբեր ոլորտների իրավական կարգավորումների պարզեցումը և հստակեցումը:
Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու նպատակով կառավարությունը մտադիր է վերանայել ակտիվների վերադարձի ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի օրենսդրությունը և այս առումով ամրապնդել միջազգային համագործակցությունը:
Բացի այդ, գտնում են, որ կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորագույն նշանակություն ունի պետության առաջին դեմքերի, հանրային ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, նրանց ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների գործունեության և ունեցվածքի նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման համար համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծումը։
Նրանց կոռուպցիոն ներգրավվածությունը բացառելու համար կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է նաև իրականացնել որոշակի օրենսդրական նորամուծություններ: Օրինակ՝ ներդնել այնպիսի նոր համակարգ, ըստ որի՝ Հայաստանում պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա:
Բացի այդ, ցանկանում են ընդլայնել պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը՝ եկամուտ վճարողների անունները (անվանումները), գույքի գտնվելու երկիրը և այլն՝ դրանով ապահովելով կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը:
Ծրագրով նախատեսվում է ներդնել այնպիսի նոր համակարգ, որով հակակոռուպցիոն համապատասխան մարմինն իրավասություն ունենա ստուգելու նշանակման ենթակա պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության կանոնների պահպանումը կամ չպահպանումը ու կոռուպցիոն իրավախախտումներում ներքաշված լինելը կամ չլինելը: Ըստ այդմ՝ տվյալ անձին նշանակելու իրավասություն ունեցող անձին հակակոռուպցիոն մարմինը պետք է տա խորհրդատվական բնույթի եզրակացություն՝ նշանակման նպատակահարմարության վերաբերյալ:
Լուսանկարը՝ վարչապետի պաշտոնական կայքից
Մեկնաբանել