HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքանով է իրատեսական արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ 43-45% հասցնելու կառավարության խոստումը

Առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը պետք է դառնա արտահանման զգալի աճը։ Այս մասին նշված է կառավարության առաջիկա հինգ տարվա գործունեության ծրագրում, որը երեկ ներկայացվել է կառավարության նիստին ու առաջիկայում կհանձնվի Ազգային ժողովի դատին։

Ծրագրի տնտեսության զարգացմանը վերաբերող հատվածում կոնկրետ թվային ցուցանիշներ և ժամկետներ հիմնականում նշված չեն՝ բացառությամբ մի քանիսի։ 

Արտահանման մասով կառավարությունը խոստանում է ծրագրային ժամանակահատվածի ավարտին արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 43-45%-ի: Քանի որ ծրագիրն առաջիկա հինգ տարվա տեսլականն է ներկայացնում, ենթադրվում է, որ այս ցուցանիշին պետք է հասնել առաջիկա հինգ տարվա ընթացքում։ «Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Միաժամանակ, արտահանման կառուցվածքում պետք է զգալիորեն աճի տեխնոլոգիատար ապրանքների դերը»,- նշված է փաստաթղթում:

Միանգամից նշենք, որ ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման 43-45 % ցուցանիշը այնքան էլ բարդ և անիրատեսական չի թվում, եթե հաշվի առնենք ներկա պատկերը։ Ավելին՝ 2017 թվականին նման խոստումներ տրվել են նաև նախորդ իշխանությունների՝ ՀՀԿ-ի ներկայացրած ծրագրերում, որտեղ ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման թիրախ էր նախանշված 40-45 %-ը։

Ինչպես տեսնում ենք, կառավարության ծրագրում հստակ նշված է, որ խոսքը ոչ միայն ապրանքների արտահանման մասին է, այլ նաև ծառայությունների, որը ամբողջովին փոխում է պատկերը։ Բանն այն է, որ ըստ վիճակագրական կոմիտեի՝ միայն ապրանքների արտահանումը 2017 թվականին կազմել է շուրջ 2 մլրդ 243 մլն դոլար (ընտրել ենք 2017 թվականը, քանի որ ՀՆԱ-ի հետ պետք է համեմատենք, իսկ 2018-ի ՀՆԱ ցուցանիշը դեռևս չի հրապարակվել)։ Իսկ ապրանքների և ծառայությունների արտահանումը միասին շատ ավելի մեծ գումար է կազմել՝ 4 մլրդ 306 մլն դոլար: Մեր հաշվարկներով՝ դա կազմում է նույն տարվա ՀՆԱ-ի 37.3 %-ը։ Նախորդող տարիներին փոքր-ինչ ավելի ցածր է եղել այս ցուցանիշը, օրինակ՝ 2015 թվականին՝ 29.7 %, 2016 թվականին՝ 33.1 %: Այսինքն՝ մենք այսօր շատ հեռու չենք կառավարության նախանշած շեմից՝ 43-45 %-ից։ Նույնիսկ կարելի է ասել, որ կառավարությունը բավականին զգուշավոր է գտնվել այս ցուցանիշը նախանշելիս։

Արտահանման վերաբերյալ գործադիրը ներկայացրել է նաև այլ առաջնահերթություններ։

Բարենպաստ առևտրային պայմանների պահպանում, նորերի հաստատում

Կառավարությունը արտահանման աճի մասով կարևոր անելիք է համարում ԵԱՏՄ համագործակցության շրջանակում երրորդ երկրների հետ հարաբերություններում արտոնյալ պայմանների ստացումը, ինչպես նաև՝ եղած շուկաների պահպանումը, նոր շուկաների գրավումը։ «Թիրախային շուկաներում հայաստանյան արտադրողների համար բարենպաստ առևտրային պայմանների պահպանումը, նորերի հաստատումը և դրանց կիրառության խորացումը պետք է լինի արտահանման խթանման ուղղությամբ Կառավարության գերակա քաղաքականությունը։ Արտահանման հավանական շուկաներում Հայաստանն ունի առաջխաղացման նպաստավոր պայմաններ»,- նշված է ծրագրում։

Ըստ կառավարության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, Եվրոպական միության տարածքում «GSP+» արտոնյալ ռեժիմի իրավունքը, բազմաթիվ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի առկայությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունն այն նախադրյալներն են, որոնք պետք է նպաստեն նույն շուկաներում հայաստանյան արտահանողների հաստատմանն ու առաջխաղացմանը։

Մաքսային վարչարարության պարզեցում, որակի չափման պարզեցում

«Արտաքին առևտրի համար բարենպաստ միջավայրի հաստատումը պետք է զուգորդվի մեր կազմակերպությունների կողմից այդ շուկաներ ներթափանցելու կարողությունների ուժեղացման ուղղությամբ պետական աջակցության ավելացմամբ։ Դա պետք է իրագործվի մի քանի ուղղություններով, որոնցից առաջնահերթն արտահանմանն առնչվող մաքսային ընթացակարգերի և դրանցով պայմանավորված վարչարարության պարզեցումն է»,- նշված է ծրագրում։ Հաջորդ կարևոր ուղղությունը, ըստ կառավարության, որակի համապատասխանության կարգավորումների արդյունավետության բարձրացումն է. «Ծագման և որակի համապատասխանության սերտիֆիկացման, ինչպես նաև դրանց համար պահանջվող լաբորատոր փորձաքննությունների հասանելիության և մատչելիության բարձրացումը, հիմնական արտահանման շուկաներում համապատասխանության հավաստման հայաստանյան փաստաթղթերի ճանաչելիության ապահովումն այն հիմնական զարգացումներն են, որոնք պետք է չափեն նշված ուղղությամբ իրականացվող քաղաքականության արդյունքները»։

Ապահովագրում, բրենդ

Ըստ ծրագրի՝ կարևոր հարցերի թվում է լինելու արտահանման շուկաներում հնարավոր ռիսկերից հայաստանյան արտահանողներին ապահովագրումը։ Համարվում է, որ թեպետ պետական ծրագրերի շնորհիվ այդպիսի ծառայությունների որոշ տեսակներ ներկայումս առաջարկվում են մասնավոր հատվածին, սակայն դրանց ծավալը բավարար չէ՝ արտահանման մասնակից սուբյեկտների համար զգալի նշանակություն ունենալու համար։

Կառավարությունը կարևորություն է տվել նաև արտաքին շուկաներում Հայաստանի՝ որպես բրենդ դիրքավորելը։ «Հաջողված ոլորտներում հայաստանյան արտահանվող ապրանքների և ծառայությունների ճանաչելիության արմատավորումն էապես կկրճատի այն ծախսերը, որոնք պահանջվում են նույն շուկաներում նոր հայկական ապրանքատեսակների մուտքի և առաջմղման համար»,- նշված է ծրագրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter