HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Ստեփան Զատիկյան, Հակոբ Ստեփանյան, Զավեն Բաղդասարյան. «Մետրոյի գործ»

1977 թ հունվարի 8-ին Մոսկվայում ռումբի երեք պայթյուն հնչեց։ Առաջին ռումբը պայթել է ժամը 17։33-ին մոսկովյան մետրոյի վագոնում, երկրորդը՝ 18։05-ին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի շենքից ոչ հեռու գտնվող խանութի սրահում, իսկ երրորդը՝ 18։10-ին մեկ այլ խանութի հարակից տարածքում։ Վերջին երկու պայթյունները մարդկային կյանքեր չեն խլել, իսկ մետրոյի վագոնում հնչած պայթյունի հետեւանքով 37 մարդ վիրավորվել, 7 մարդ զոհվել էր։  

Այնուհետեւ՝ արդեն նույն թվականի հոկտեմբերի վերջին, մեկ չհաջողված պայթյուն եղավ Մոսկվայի Կուրսկյան կայարանի սպասասրահում։ Ըստ ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի տարածած տեղեկությունների՝ Կուրսկյան կայարանում նախատեսված պայթյունը չէր հնչել, որովհետեւ պատահական անցորդը նկատել էր պայուսակ, որը, կարծես, ոչ մեկին չէր պատկանում, բացել էր եւ տեսել ռումբն` իր ժամացուցային մեխանիզմով, ու դիմել էր միլիցիոներներին: Թե ինչպես են դեպքերը զարգացել իրականում, հայտնի չէ: Ըստ նույն աղբյուրի՝ ռումբից բացի պայուսակում եղել են նաեւ մարզական հագուստ եւ գլխարկ, որոնց միջոցով էլ իբր կարողացել են դուրս գալ պայթյունը կազմակերպողների հետքի վրա:

1977 թ. հոկտեմբերի 28-ին պայթյուններն իրականացնելու կասկածանքով` Մոսկվա-Երեւան գնացքում, Հայաստանի եւ Վրաստանի սահմանագծին ձերբակալվում են Հակոբ Ստեփանյանը եւ Զավեն Բաղդասարյանը,  իսկ նոյեմբերի 2-ին Երեւանում՝ Ստեփան Զատիկյանը: Հենց Զատիկյանին էլ խորհրդային իշխանությունները ներկայացրին որպես պայթյունի կազմակերպիչ:

Մինչ այդ, Ազգային միացյալ կուսակցության անդամ Ստեփան Զատիկյանն իր համախոհների` Հայկազ Խաչատրյանի եւ Շահեն Հարությունյանի հետ 1969 թ. ընդհատակյա քաղաքական գործունեության համար դատապարտվել էր չորս տարի ազատազրկման։ Ազատ արձակվելուց հետո նա վերադառնում է Հայաստան եւ շարունակում իր ընդհատակյա գործունեությունը:

Մոսկովյան պայթյուններից անմիջապես հետո (1977 թ հունվարի 8) արեւմտյան մամուլում` խորհրդային Պետանվտանգության կոմիտեի հետ անմիջական առնչություններ ունեցող խորհրդային լրագրող Վիկտոր Լուիի հեղինակությամբ հոդված է հրապարակվում, որտեղ խորհրդային պաշտոնական աղբյուրներին հղում անելով` հեղինակը պնդում է, թե պայթյունին առնչություններ ունեն այլախոհ-իրավապաշտպանները: Ընդգծենք, որ հոդվածը հրապարակելու պահին որեւէ կասկածյալ չկար, եւ որեւէ մեկին այդ գործով մեղադրանք չէր առաջադրվել։ Հոդվածի հրապարկումից 9-10 ամիս հետո են միայն մեղադրյալներ ի հատ գալիս։ «Այլախոհ-իրավապաշտպաններ» ձեւակերպումը Վիկտոր Լուիինն է: Արտասահմանյան ռադիոկայաններից մեկով 1977 թ. հունվարի 11-ին՝ պայթյունից երեք օր անց, Վիկտոր Լուիի հոդվածի մասին տեղեկանում է Անդրեյ Սախարովը: Հրապարակումից պարզ էր դառնում, որ խորհրդային իշխանությունները, պայթյունն օգտագործելով, փորձում են այլախոհներին որպես ահաբեկիչներ ներկայացնել: Հասկանալով այս վտանգը՝ Անդրեյ Սախարովը հաջորդ օրը` հունվարի 12-ին, հրապարակում է «Դիմում համաշխարհային հանրությանը» հոդվածը, որտեղ, մասնավորապես, գրում է. «Ես չեմ կարողանում փարատել այն կասկածները, որ մոսկովյան մետրոյի պայթյունը եւ մարդկանց ողբերգական մահը պատժիչ մարմինների նոր եւ վերջին տարիների ամենավտանգավոր սադրանքն է: Հատկապես այս կասկածները եւ սրանց հետ կապված վախը, որ այս սադրանքը կարող է բերել երկրի ներքին եղանակի փոփոխության, այս հոդվածը գրելու պատճառ հանդիսացան: Ես շատ ուրախ կլինեի, եթե իմ այս կասկածները սխալ դուրս գային»:

Իսկ հունվարի 14-ին հրապարակվում է Մոսկովյան հելսինկյան խմբի դիմումը, որին միացել էին նաեւ մի շարք այլ իրավապաշտպան ու այլախոհական կազմակերպություններ, որտեղ ասվում էր. «Այլախոհները, որպես իրենց նպատակների իրականացման միջոց, բացարձակապես մերժում են բռնությունը եւ բռնության կոչերը: Այլախոհները ահաբեկչությանը վերաբերվում են վրդովմունքով եւ գարշանքով»:

Չնայած այս եւ այլախոհների այլ դիմումների ու հայտարարությունների առատությանը, պայթյունի հետ կապված` առանց հիմնավոր կասկածների հարցաքննվում են կալանավայրերում գտնվող կամ արդեն ազատ արձակված բազմաթիվ այլախոհներ: Այս հարցաքննությունների մասին հիշատակումներ կան նաեւ «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկայում»։ ՊԱԿ-ը հատուկ հարցաշար էր մշակել եւ այդ հարցաշարի միջոցով քննում էր այլախոհներին: Յուրաքանչյուրից պահանջվում էր ապացուցել, որ պայթյունի հետ առնչություն չունի:

Մետրոյի գործով Ստեփան Զատիկյանի, Զավեն Բաղդասարյանի եւ Հակոբ Ստեփանյանի կալանավորված լինելու մասին առաջին տեղեկատվությունը տարածում է Հայաստանի հելսինկյան խումբը: «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկան» իր 48-րդ թողարկման մեջ գրում է. «Երեւան: Ինչպես 1977 թ. նոյեմբերի 28-ին հաղորդում է Հայաստանի հելսինկյան խումբը, նոյեմբերի սկզբին Մոսկվայի Կուրսկյան կայարանում պայթյուն կազմակերպելու փորձի համար ձերբակալվել են Հակոբ Ստեփանյանը, Զավեն Բաղդասարյանը եւ Ստեփան Զատիկյանը (Զատիկյանը մի քանի տարի առաջ մասնակցել է ազգային շարժմանը. տես նաեւ` Խր. 15, 27): Ձերբակալվածները գտնվում են երեւանյան ՊԱԿ-ում: Երեւան են ժամանել Մոսկվայի ՊԱԿ-ի աշխատակիցները: Ընթանում են խուզարկություններ ու հարցաքննություններ»:

Զատիկյանի կալանավորումն ամրապնդում էր խորհրդային իշխանությունների այն վարկածը, որ պայթյունի թիկունքում կանգնած են այլախոհները: Նրանք ոչ մի ուշադրություն չէին դարձնում այն հանգամանքին, որ Զատիկյանն ապացույցներ ուներ, ըստ որոնց` ինքը պայթյունի հետ կապ չունի: Այդ տարիներին ե՛ւ խորհրդային հանրության մեջ, ե՛ւ այլախոհական շրջանակներում հիմնավորված կասկածներ էին հնչում, որ Ստեփան Զատիկյանին արհեստականորեն են կապում այս պայթյունի հետ, որպեսզի այդ ճանապարհով ապացուցեն այլախոհ-իրավապաշտպանների կապը կամ առնչությունները դրան: Զատիկյանի անմեղության մասին խոսակցությունները հիմնավորվում էին նաեւ այն հանգամանքով, որ նախաքննությունը եւ հատկապես դատաքննությունն անցել են հույժ գաղտնիության պայմաններում: Տրամաբանական կլիներ, որ խորհրդային իշխանությունները կազմակերպեին բաց դատ եւ հանրությանը ներկայացնեին ահաբեկիչներին, եթե, իհարկե, թաքցնելու ոչինչ չունեին եւ դատում էին պայթյունի իրական հեղինակներին: Անկասկած, դա իրենց օգտին լավագույն քարոզչությունը կլիներ: Բայց սրա փոխարեն` նրանք կազմակերպում են գաղտնի դատավարություն: Անգամ ամբաստանյալների հարազատները չեն տեղեկացվել դատավարության օրվա մասին ու ներկա չեն եղել: Ահա այս կատարյալ գաղտնիության պայմաններում, 1979 թ. հունվարի 24-ին հրապարակում են մահապատիժ նախատեսող դատավճիռը եւ հապշտապ, առանց բողոքարկման հնարավորություն տալու, դատավճռի կայացումից 5 օր անց` 1979 թ. հունվարի 29-ին, ի կատար են ածում մահապատիժը: Նաեւ այս շտապողականությունն է կասկածների տեղիք տվել ու տալիս:

1979 թ. հունվարի 30-ին, դեռեւս տեղյակ չլինելով, որ դատավճիռն ի կատար է ածվել, Սախարովը Բրեժնեւին ուղղված նամակում պահանջում է հրաժարվել այդ դատավճռից` մինչեւ նոր դատաքննություն: Նա գրում է. «Հիմնավոր փաստեր կան անհանգստանալու համար, որ այս գործում առկա է դատական սխալ կամ միտումնավոր կեղծիք: Մետրոյի պայթյունի ժամանակ Զատիկյանը չի գտնվել Մոսկվայում, բազմաթիվ վկաներ կարող են հաստատել նրա ալիբին. քննությունը ոչ մի շահագրգռվածություն չի ցուցաբերել պարզելու համար այս եւ այլ կարեւոր հանգամանքներ: Առանց անգամ չնչին անհրաժեշտության` դատաքննությունն ամբողջությամբ փակ ու գաղտնի է եղել: Նույնիսկ հարազատները դրա կայացման մասին ոչինչ չեն իմացել: Նման դատաքննությունը, երբ ամբողջությամբ խախտված է հրապարակայնության սկզբունքը, չի կարող ճշմարտությունը պարզել»:

Այնուհետեւ դատավարության հրապարակայնության սկզբունքների աղաղակող խախտման մասին հայտարարություն է տարածում Մոսկվայի հելսինկյան խումբը. «Հասկանալ հնարավոր չէ, թե ինչու՞ պետք եղավ նման մեղադրանքով դատավարությունը կազմակերպել բացարձակ գաղտնի… Չէ՞ որ մետրոյի պայթյունը համընդհանուր բողոք առաջացրեց, եւ մեղադրյալների մեղքի համոզիչ ապացույցը, եթե միայն մեղադրող կողմն ունի նման ապացույցներ, կնպաստեր հանցագործների համընդհանուր դատապարտմանը: Հրապարակայնության բացակայությունը եւ գաղտնիության ողջ մթնոլորտը մեղադրանքի հիմնավորվածության, դատավարության օբյեկտիվության նկատմամբ կասկածների հիմք են տալիս»:

Հարկ է ընդգծել, որ ե՛ւ Մոսկովյան հելսինկյան խմբի, ե՛ւ այս թեմայով հանդես եկած այլ իրավապաշտպանական խմբերի ու այլախոհների հայտարարությունները, որպես կանոն, վերաբերել են դատաքննության գաղտնիությանը: Ոչ ոք հստակ ու միանշանակ հայտարարություն չի արել մեղադրյալների անմեղության մասին: Բոլորը պահանջել են արդարադատություն: Միայն բաց ու արդար դատավարությունը կկարողանար դատարանի առջեւ կանգնած Զատիկյանի ու նրա ընկերների անմեղությունը կամ մեղավորությունն ապացուցել: Միայն հրապարակային դատավարության պայմաններում հասարակությունը կհամոզվեր, որ իրական մեղավորներն են կանգնած դատարանի առջեւ: Նման դատարանը կարող էր այս գործի վերջակետը դնել: Բայց խորհրդային իշխանությունները չցանկացան, չկարողացան կամ չհամարձակվեցին գնալ այս միակ ճիշտ ճանապարհով: Կազմակերպված կասկածելի դատավարությունը պատճառ դարձավ, որ պայթյունի օրը ծագած հարցերն այդպես էլ անպատասխան մնան: Խորհրդային իշխանությունների կողմից նման գերգաղտնի դատավարություն կազմակերպելու եւ վճիռը հապշտապ ի կատար ածելու հանգամանքը կարող են վկայել միայն այն մասին, որ կամ մեղադրյալները բացարձակապես անմեղ մարդիկ են եղել, կամ` դատարանը նրանց մեղքը լիարժեք ապացուցող համոզիչ ու բավարար ապացույցներ չի ունեցել:

Մոսկովյան մետրոյի պայթյունը հետագայում էապես ազդեց հայ այլախոհներից շատերի ճակատագրերի վրա: Հալածանքները Հայաստանում առավել ուժգնացան: 1978 թվականից հետո կալանավորված այլախոհներին դատապարտում էին է՛լ ավելի մեծ պատժաչափերով: Կալանավայրերից վերադարձածների նկատմամբ հալածանքներ ու սադրանքներ էին կազմակերպվում: Առավել ակտիվները շինծու մեղադրանքներով կրկին դատապարտվում էին: Նման ճակատագրի արժանացան Շահեն Հարությունյանը,  Հայկազ Խաչատրյանը, Շիրակ Գյունաշյանը, Հայաստանի հելսինկյան խմբի ղեկավար Էդուարդ Հարությունյանը: Աքսորավայրում նոր մեղադրանք ներկայացրին ու անհիմն դատապարտեցին Ռազմիկ Մարկոսյանին: Յոթամյա ազատազրկման ավարտից հետո այդպես էլ կալանավայրից դուրս չեկավ ու նոր` եռամյա ազատազրկման դատապարտվեց Պարույր Հայրիկյանը:

Մինչեւ 2005 թ. հստակ ու միանշանակ հայտարարությունը, ըստ որի` Ստեփան Զատիկյանն է եղել Մոսկվայի մետրոյի պայթեցման կազմակերպիչը, իսկ Հակոբ Ստեփանյանն ու Զավեն Բաղդասարյանն էլ` իրականացնողները, չի հնչել: Այս ողջ պատմության ընթացքում, չհաշված խորհրդային Պետանվտանգության կոմիտեն ու դրան կից օղակները՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս, կասկածելի եւ մութ մնացած հանգամանքներում դատապարտված ու 1979-ին գնդակահարված Զատիկյանի, Ստեփանյանի եւ Բաղդասարյանի մոսկովյան պայթյունին մեղսակից լինելու մասին ոչ ոք միանշանակ հայտարարություն չի արել:

Միայն 2005-ին նման միտք է հայտնել նախկին քաղբանտարկյալ, «Հանուն Հայրենիքի» ամսագրի հրատարակման համար 1969-ին դատապարտված Հովիկ Վասիլյանը: Նա իր համախոհների հետ 2005-ին հրատարակում էր նույնանուն մի պարբերական: Ահա այդ պարբերականում` Ստեփան Զատիկյանի 59-ամյակին նվիրված հոդվածում նա անդրադարձել էր Զատիկյանին ու մետրոյի գործին:

Որպես Ստեփան Զատիկյանին եւ մետրոյի գործին առնչվող հրապարակում` այդ հոդվածը հարկ ենք համարում մեջբերել ամբողջությամբ:

Կգա եւ Զատիկյանին հերոս ճանաչելու ժամանակը

Հունիսի 20-ին կլրանա 1960-ականների ազգային շարժման նվիրյալ մասնակիցներից մեկի, անզուգական հայի` Ստեփան Զատիկյանի ծննդյան 59-ամյակը: Խմբագրությունը հավաքում եւ համակարգում է նրան վերաբերող հուշեր, լուսանկարներ եւ փաստագրական այլ նյութեր:

Ընդհատակյա հայ ազգային գործիչների շարքում Ստեփան Զատիկյանն առանձնահատուկ է մի քանի առումներով: Առաջին՝ շատերը նրանից են «վարակվել» ազգային գաղափարներով: Երկրորդ՝ նրա գերեզմանատեղը դեռ անհայտ է: Եվ երրորդ՝ նրա անվան դիմաց դաջված է «ահաբեկիչ» պիտակը:

Մոսկվայի մետրոյի հանրահայտ պայթյունի մեջ Զատիկյանի մեղսակցության վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, բայց, որքան էլ հակասական լինեն, չեն կարող ստվեր գցել նրա հանուն հայրենիքի ապրած կենսակերպի եւ հայկական հարցի համար զոհված լինելու հանգամանքի վրա: Մենք կողմնակից ենք ճշմարտությունը համարձակորեն ներկայացնելով` նրան արժանի գնահատական տալու մոտեցմանը:

Այդ պայթյունից առաջ Ստեփան Զատիկյանը, Հակոբն ու ես Իջեւանի շրջանի Վերին Աղդան` իմ ծննդավայր գյուղի կողքի Բուդուր անտառածածկ փեշերով ժայռոտ լեռան տափարակին, խարույկի մոտ ենք անցկացրել:

Մի ամբողջ գիշեր համոզում էի հետ կանգնել մետրոն պայթեցնելու մտքից. «Այնտեղ միամիտ, անմեղ մարդիկ են, թե պայթեցնող եք` գնացեք Կրեմլ»:

- Կրեմլը չենք կարող,- պատասխանեցին,- այն պահպանվում է: Պայթյունը հնչեց:

Հակոբն ու հետի իմ չճանաչած իր գործընկերը չվերադարձան: Հետագայում իմացանք, որ նրանց ձերբակալել եւ Մոսկվա էին տարել Կովկասից, իսկ քանի օր անց ձերբակալեցին ու Մոսկվա տարան նաեւ Ստեփանին:

Ես սպասում էի, որ ինձ կկանչեն հարցաքննության, բայց այդպես չեղավ, ինչից եզրակացնում եմ, որ խոսել է միայն այն` ինձ եւ իմ չճանաչած մասնակիցը:

Եթե ՊԱԿ-ը պարզեր, որ ես թեկուզ լոկ տեղյակ եմ եղել այդ ձեռնարկին, բայց չեմ հայտնել ուր հարկն է` կգնդակահարեր եւ ինձ:

Հովիկ Վասիլյան

«Հանուն Հայրենիքի» 7 հունիս – 6 հուլիս, 2005թ., թիվ 11 (31)

 

Ստեփան Զատիկյանը Ազգային միացյալ կուսակցության հիմնադիրներից էր: Առաջին անգամ կալանավորվել է 1968 թվականի հուլիսի 11-ին, իսկ 1969-ի հունվարի 9-ին դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Կալանավայրում ցուցաբերած ըմբոստ վարքի համար 1970-ին նրա ռեժիմը խստացրել են եւ տեղափոխել բանտային ռեժիմ` Վլադիմիրի բանտ: Ազատ է արձակվել 1972-ի հուլիսին: Երեւան վերադառնալուց անմիջապես հետո շարունակել է իր ընդհատակյա գործունեությունը, զբաղվել է ԱՄԿ նոր կառույցների կազմակերպմամբ: Այդ շրջանում Ստեփան Զատիկյանն առաջ էր մղում այն տեսակետը, որ ընդհատակյա աշխատանքի լուրջ փորձ ձեռք բերած ԱՄԿ-ականները չպետք է մանր գործերի մեջ ներքաշվեն ու դրանց պատճառով կալանավորվեն, այլ պետք է անշտապ ու խիստ գաղտնի պայմաններում, խորը ընդհատակում պատրաստեն ու կազմակերպեն ազգային-ազատագրական պայքարին իրենց ողջ էությամբ նվիրված գործիչներից բաղկացած լուրջ կառույցներ, որոնք կկարողանան նոր ու ժամանակակից միջոցներ գտնել ԱՄԿ գաղափարները ժողովրդի լայն շերտերին հասու դարձնելու համար:

stepan-zatikyan.jpg (36 KB)1977-ի նոյեմբերի 2-ին ՊԱԿ-ի աշխատակիցները Երեւանում ձերբակալում ու մեղադրում են նրան Մոսկվայի մետրոյում իրականացված պայթյունը կազմակերպելու համար: 1979 թ. հունվարի 16-20-ին, խիստ գաղտնիության պայմաններում, ընթանում է այս գործով դատավարությունը: Այդ տարիներին խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Անդրոպովի հանձնարարությամբ` ողջ դատավարությունը նկարահանվել է, բայց մինչ օրս համարվում է գաղտնի եւ հանրությանը հասանելի չէ: Համացանցում կարելի է գտնել միայն առանձին դրվագներ այդ նկարահանումից, որոնք ռուսական Անվտանգության դաշնային ծառայության պատվերով նկարահանված ֆիլմերում նույնությամբ կրկնվում են: Այդ դրվագները համատեքստից կտրված մեջբերումներ են, որոնք ոչ մի դեպքում չեն կարող ամբողջական պատկերացում տալ ո՛չ ահաբեկչական ակտի կազմակերպման ու իրականացման, ո՛չ նախաքննության, ո՛չ դատաքննության եւ ոչ էլ մեղադրյալների մասին: Մի դրվագում Ստեփան Զատիկյանն ասում է. «Ես արդեն քանիցս հայտարարել եմ, որ հրաժարվում եմ ձեր դատ-ֆարսից եւ ոչ մի փաստաբանի կարիք չեմ զգում: Ես ինքս եմ մեղադրողը, ոչ թե մեղադրյալը: Դուք ինձ դատելու իշխանություն չունեք, քանի որ ջհուդառուսական կայսրությունն իրավական պետություն չէ: Սա պետք է ամուր հիշել»: Հաջորդ դրվագում ասում է. «Քանզի ռուսներից ու Ռուսաստանից այսօր Հայաստանը բացարձակապես ոչ մի օգուտ չունի, իսկ դուք ունեք: Այնպես, որ, եթե փորձանք կլինի, փորձանքը կլինի միայն ձեզ համար, մեզ համար չի լինի, քանզի մենք կորցնելու բան չունենք»: Այնուհետեւ ավելացնում է. «Ես ցանկանում եմ մի քանի խոսք ընկերներիս ասել: Տղե՛ք, մնաք բարով: Մարդկանց ասեք, որ սրանք Ստեփանի վերջին խոսքերն էին` վրեժ, վրեժ եւ նորեն վրեժ»:

Հունվարի 24-ին կայացվում է մահվան դատավճիռ: Հունվարի 27-ին դատապարտյալներին իրենց հարազատների հետ տեսակցության հնարավորություն են տալիս: Տեսակցության ժամանակ հարազատներին Զատիկյանն ասում է. «Ամբողջ 15 ամսվա ընթացքում ես նրանց բառ անգամ չեմ ասել»: Այս խոսքից եւ դատարանի դահլիճում դրսեւորած նրա պահվածքից կարելի է եզրակացնել, որ Ստեփան Զատիկյանը չի ընդունել մեղադրանքը եւ ցուցմունքներ չի տվել: 1979 թ. հունվարի 31-ին «Իզվեստիա» թերթը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին` դատավճռի կայացումից 6 օր անց, մահապատիժն ի կատար է ածվել` նշելով միայն Ստեփան Զատիկյանի անունը: Այս վերջին հանգամանքը առիթ էր դարձել, որ խոսակցություններ պտտվեն, թե Հակոբ Ստեփանյանն ու Զավեն Բաղդասարյանը չեն գնդակահարվել ու կենդանի են:

Հակոբ Ստեփանյանը ծնվել է 1949 թվականին, Երեւանում: Բնակվել է Ստեփան Զատիկյանի հարեւանությամբ: 1972-ին` Զատիկյանի ազատ արձակվելուց եւ Երեւան վերադառնալուց հետո, մտերմանում է նրա հետ: Ժամանակ անց անդամագրվում է Ազգային միացյալ կուսակցությանը: 1977 թ. հոկտեմբերի 28-ին Մոսկվա-Երեւան գնացքում` Հայաստանի եւ Վրաստանի սահմանագծին ձերբակալվում եւ մեղադրվում է 1977 թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունն իրագործելու համար:

hakob-stepanyan.jpg (33 KB)Համացանցում առկա Մոսկվայի մետրոյի պայթյունի հետ կապված իրար կրկնող ֆիլմերից մեկում մի փոքրիկ հատված կա Ստեփան Զատիկյանի ու Հակոբ Ստեփանյանի միջեւ կայացած առերես հարցաքննությունից: Զատիկյանը ողջ ընթացքում լռում է: Խոսում է Հակոբ Ստեփանյանը: Խոսքը էմոցիոնալ է եւ խառը. «Եթե պետք լինի, ես կպայթեցնեմ: Եթե մեզանից մեկնումեկն էլ կենդանի մնա, եթե արյուն թափեցիք, նորից կլինի պայթյուն: Եթե դուք կրակելու եք` կրակեք, բայց ես ասում եմ ձեզ` մենք ապրելու ենք: Ավելի վատ ձեզ համար, եթե մենք ապրենք»: Այնուհետեւ մի հատված էլ Հակոբ Ստեփանյանի դատավարության ժամանակ տված ցուցմունքներից է: Նա պատմում է, թե որտեղ են տեղի ունեցել պայթյունները. «Մեկը Հոկտեմբերի 25-ի փողոցում է տեղի ունեցել, մյուսը մետրոյում է տեղի ունեցել, մյուսը` նույն փողոցի խանութում»: Այնուհետեւ շարունակում է. «Ես գիտեի, որ ռումբ է պայթում, եւ կլինեն զոհեր»: Չնայած այն հանգամանքին, որ Հակոբ Ստեփանյանը դատապարտվեց մահապատժի, եւ ըստ ամենայնի` գնդակահարվել է դատավճռի հրապարակումից 5 օր անց` հունվարի 30-ին, բայց փաստ է, որ դատավճռի ի կատար ածելու մասին պաշտոնական հաղորդագրության մեջ Հակոբ Ստեփանյանի անունը չի հիշատակվում:

Զավեն Բաղդասարյանը ծնվել է 1948 թվականին, Արտաշատի շրջանում: Մասնագիտությամբ նկարիչ էր: 1977 թ. հոկտեմբերի 28-ին Մոսկվա-Երեւան գնացքում, Հայաստանի եւ Վրաստանի սահմանագծին` Հակոբ Ստեփանյանի հետ ձերբակալվել է 1977 թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունն իրականացնելու մեղադրանքով: Ձերբակալվածները սկզբում պահվել են Երեւանի ՊԱԿ-ի մեկուսարանում: Այնուհետեւ տեղափոխվել են Մոսկվայի ՊԱԿ-ի Լեֆորտովոյի բանտ: Քանի որ այս գործով դատավարությունն ընթացել է խիստ գաղտնի պայմաններում, եւ մինչ օրս նախաքննության ու դատաքննության նյութերը, գործով կայացված դատավճիռը համարվում են հույժ գաղտնի փաստաթղթեր ու պահվում են ռուսական Անվտանգության դաշնային ծառայության արխիվում, մենք ստիպված ենք այս գործի մասին դատողություններ անել նույն այդ ծառայության` հանրությանը նետված եւ միայն քարոզչական նպատակներ հետապնդող կցկտուր տեղեկատվությունից: Ըստ հակասական խոսակցությունների եւ լուրերի՝ Զավեն Բաղդասարյանը նախաքննության ու դատաքննության ժամանակ ընդունել է իր մեղքը եւ տվել համապատասխան ցուցմունքներ: Թե իրականում ինչ է եղել, ինչ կապ ուներ Զավեն Բաղդասարյանը Ստեփան Զատիկյանի հետ, ինչ ճանապարհներով է նախաքննական մարմինը Զավեն Բաղդասարյանից իրեն անհրաժեշտ ցուցմունքներ ստացել, եւ իրո՞ք ստացել է, թե` ոչ, այս հարցերը մինչեւ այսօր անպատասխան են մնում: Մոսկվայի մետրոյում հնչած պայթյունի մասին ֆիլմերում Զավեն Բաղդասարյանից չափազանց քիչ բան կա:

zaven-baghdasaryan.jpg (164 KB)

Համեմատաբար մեծ մեջբերումներ կան Զատիկյանի խոսքերից, որոնք նա ասել է դատաքննության տարբեր օրերի ընթացքում, քանի որ նույն հագուստով չէ: Հակոբ Ստեփանյանից ե՛ւ դատաքննական ցուցմունքից մի փոքրիկ հատված կա, ե՛ւ Զատիկյանի հետ առերես հարցաքննությունից կա, իսկ Զավեն Բաղդասարյանից ընդամենը դատարանում արտաբերած մի կարճ նախադասություն է: Նա ընդունում է ռումբը տեղադրելու հանգամանքը, սակայն, ի տարբերություն Հակոբ Ստեփանյանի, որն ասում է` տեղադրել են ռումբը, եւ հասկանում էր, որ պայթելու է, ու լինելու են զոհեր՝ Զավեն Բաղդասարյանը տալիս է խուսափողական պատասխան. «Պայմանավորվեցինք, դզեցինք, ես շատ գիտեմ` պայթելու է, չի պայթելու…»: Զավեն Բաղդասարյանը Ստեփան Զատիկյանի եւ Հակոբ Ստեփանյանի հետ դատապարտվեց մահապատժի, որն, ըստ «Իզվեստիա» թերթի հրապարակած տեղեկատվության, որտեղ Զավեն Բաղդասարյանի անունը չի հիշատակվում, ի կատար է ածվել 1979 թվականի հունվարի 30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter