HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրազարկ․ Կիլիկյան Հայաստանի թագավորական վանքը

«Հետք»-ի հարցերին պատասխանում է պատմաբան Սամվել Գրիգորյանը, որն աշխատում է Մոնպելյեի Պոլ Վալերի համալսարանի «Միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոն»-ում։ Ներկայումս կատարում է հետազոտություն՝ Միջերկրածովյան Հայաստանի հայ-ֆրանկյան վերնախավի և Կիլիկիայի հայկական թագավորության հերալդիկայի վերաբերյալ:

Դրազարկի «բացահայտումը» շատ կարևոր է, սակայն մենք քիչ բան գիտենք Դրազարկի մասին: Նախ և առաջ մի փոքր պատմե՛ք պատմական այդ հուշարձանի մասին:

Դրազարկը Կիլիկյան Հայաստանի կարևորագույն վանքն է: Այն նաև անվանում էին Ավագ վանք: Ինչպես այլ վանքերում, Դրազարկում ևս, իհարկե, գրվում և արտագրվում էին ձեռագրեր, ուսուցանվում էին գիր, գիտություններ, օտար լեզուներ: Սակայն Դրազարկը դրանցից տարբերվում էր նրանով, որ այն ծառայում էր որպես դամբարան Հայաստանի թագավորների և թագուհիների ճնշող մեծամասնության, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների, Ամենայն հայոց կաթողիկոսների, բարձր հոգևորականության և հռչակավոր վարդապետների համար: Դրազարկը մեզ համար այնպիսի նշանակություն ունի, ինչպիսին՝ Սեն Դենին ֆրանսիացիների համար: Այլ կերպ ասած՝ այն եղել է թագավորական գլխավոր վանքը, որ կազմված էր մեծ քանակությամբ եկեղեցիներից, այդ թվում՝ դամբարան-եկեղեցիներից և այլ վանական կառույցներից՝ ներառյալ ձեռագրատուն:

Մինչև վերջերս Դրազարկի տեղակայման մասին հայտնի չէր, այնպես չէ՞:

Ընդհանրապես Կիլիկիայում բացահայտումները երկու տեսակի են լինում: Առաջինը՝ երբ հայտնաբերվում են ավերակներ, որոնք ավելի վաղ հայտնի են եղել միայն տեղի բնակչությանը: Երկրորդ՝ երբ ավերակները հայտնի են ոչ միայն նրանց, այլև զբոսաշրջիկների և հետազոտողների նեղ շրջանակի, բայց, դրանով հանդերձ, դրանք նույնականացված չեն, այսինքն՝ հայտնի չէ՝ որ միջնադարյան վանքի կամ ամրոցի մասին է խոսքը: Դրազարկը պատկանում էր երկրորդ տեսակին: Բացի ինձնից, մի քանի հետաքրքրվող անձինք գիտեին, որ Կիբրիսլար գյուղի (Հյուսիսային Կիլիկիա) մզկիթի պատերում կան խաչքարերի բեկոր-դրվագներ, այլ դեկորատիվ և կառուցվածքային էլեմենտներ, բայց որ դա եղել է Դրազարկը, մինչև վերջերս հայտնի չէր :

Ինչպե՞ս հասկացաք, որ այն, ինչ հայտնաբերել եք, հենց Դրազարկն է:

Ես աշխատում էի միկրոտոպոնիմիայի մեթոդով՝ ուսումնասիրելով բնակեցված տարածքների մերձակայքում կամ հենց ներսում փոքրիկ տեղանքների անվանումները, որոնք շատ հաճախ կապված են այս կամ այն տեղանքի անցյալ, պատմական անվանումների հետ: Նայելով Կիբրիսլարի շրջանում արված հարյուրավոր լուսանկարներ՝ ես ուշադրություն դարձրի այն բանի վրա, որ այդ լուսանկարներից մեկի վրա գրություն կա՝ «Tirezek»: Իմանալով թուրքերենի հնչյունաբանական առանձնահատկությունները՝ ենթադրեցի, որ դա «Դրազարկ» բառի թուրքերեն արտասանությունն է: Իսկ հետո Թիրեզեկի մասին հստակ տեղեկություն գտա օսմանյան արխիվային փաստաթղթերում: Այն առկա էր IndexAnatolicus-ում. դա Թուրքիայի բնակավայրերի հին անվանումների մեծ ժողովածու է, որ կազմել է Սևան Նիշանյանը:

Ես կուզենայի նաև նշել Դրազարկի շուրջ իմ և պրոֆեսոր Պատրիկ Դոնապետյանի (Էքս Մարսել համալսարան) համագործակցության մասին: Նրա հետազոտությունը թույլ է տալիս անալոգիա տեսնել Կիբրիսլարի այդ կառույցի և Արևելյան Հայաստանի՝ XIV դարի առաջին կեսի եկեղեցի-դամբարանների միջև (այն կառույցների, որ կարելի է տեսնել Նորավանքում, Եղվարդում և Կապուտան գյուղում ): Իսկ Դրազարկն, ինչպես ասվեց, ծառայել է որպես դամբարան: Մի խոսքով, Կիբրիսլարի և Դրազարկի նույնականացման օգտին փաստարկները մի քանիսն են: Ամեն դեպքում, զգույշ եմ արտահայտվում. ես հույս ունեմ, որ հայտնաբերել եմ Դրազարկի ճշգրիտ տեղակայումը, նույնականացրել դրա ավերակները: Դրանով իմ հետազոտությունը Դրազարկի վերաբերյալ ավարտվել է:

Դուք հրատարակե՞լ եք Ձեր հետազոտության արդյունքները:

Այո՛, Դրազարկի տեղակայման մասին իմ հոդվածը լույս է տեսել 2017թ.-ի մայիսին «Հանդես ամսօրյա»-ում: Դրա լույս տեսնելուց հետո որոշ գործընկերներ այցելեցին Կիբրիսլար գյուղ և հետազոտեցին կառույցի ճարտարապետական առանձնահատկությունները, որի մասին խոսում էինք: Ես նրանց մաղթում եմ Դրազարկի հետազոտությունների հաջող շարունակություն: Ի դեպ, Կիբրիսլարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ գետի ժառյոտ ափին, առկա է հսկայական, շատ տպավորիչ և դրսից համարյա չնկատվող քրիստոնեական քարանձավային համալիր, որը թշնամիների հարձակման ժամանակ ծառայել է որպես ապաստարան: Այն ծառայել է որպես ապաստարան տվյալ շրջանի բնակիչների համար, և, ամենայն հավանականությամբ, նաև Դրազարկի հոգևորականների համար: Առաջ այդ քարանձավ-ամրոցը հայտնի էր միայն տեղի բնակիչներին:

Ինչու՞ մինչև այժմ Դրազարկը հայտնաբերված չէր:

Կիլիկիայում մենք գործ ունենք այդպիսի առանձնահատկության հետ. հայտնի են շատ ամրոցների տեղակայումները, սակայն այնտեղի հայկական վանքերի ճնշող մեծամասնությունը գտնված և նույնականացված չէ: Կարծում եմ՝ հարցը նրանում է, որ ի տարբերություն ամրոցների՝ վանքերը տեղակայված են հիմնականում ցածր վայրերում: Թուրքմենները, որ եկել են Կիլիկիա, Հայկական թագավորության անկումից հետո բնակեցվել են հենց այդ վանքերի գտնվելու վայրերում՝ հավանաբար օգտագործելով դրանց քարերը իրենց կացարանների համար: Արդյունքում վանքերը կարծես անհետացել են (դրանց հիմքերը և դամբարանները մնացել են Կիլիկիայի նոր բնակիչների տների տակ)՝ իրենցից հետո շատ քիչ հետքեր թողնելով: Գտնել և ուսումնասիրել այդ հետքերը շատ բարդ է, մանավանդ երբ հնագիտական աշխատանքներն այդտեղ հնարավոր չեն:   

Ի դեպ, առիթից օգտվելով, ես կուզենայի շնորհակալություն հայտնել իմ ֆրանսիացի գործընկերներից մեկին՝ Ռեժի Կրոզային, այն բանի համար, որ նա, այցելելով Կիլիկիայի Հայկական թագավորության շրջանի բազմաթիվ դժվարհասանելի հուշարձաններ, կատարել է հրաշալի լուսանկարներ (այդ թվում՝ Դրազարկում) և կազմել գրավոր հաշվետվություններ, որոնք շատ օգտակար են հետազոտությունների համար:

Ի՞նչ կարևորություն ունի Դրազարկի բացահայտումը և, առհասարակ, ինչո՞վ է կարևոր հատկապես Կիլիկյան Հայաստանի ուսումնասիրությունը մեր օրերում:

Դրազարկի բացահայտման կարևորությունը պայմանավորված է նրա բացառիկ դերով և գործառույթով՝ թագավորության գլխավոր վանք և արքայական դամբարան: Արդյոք պե՞տք է բացատրել ֆրանսիացիներին, թե որքանով է կարևոր Սեն Դենին՝ Ֆրանսիայի թագավորների նեկրոպոլը:

Ձեր հարցը ես հասկանում եմ առաջին հերթին այսպես. ինչո՞ւ է հայերին առհասարակ պետք ուսումնասիրել պատմությունը, եթե հանենք հետաքրքրության և հաճույքի գործոնները: Մենք, դե ունենք մեր յուրահատկությունը. մեր պետականությունը վաղուց անկում է ապրել, մի քանի դար բացակայել է, իսկ XX դարում նորից վերականգնվել է՝ անցնելով դեռևս շատ կարճ ճանապարհ: Որպես պետություն՝ մենք դեռ ամուր չենք կանգնած հողի վրա, դրանից բացի, շատ խնդրահարույց տարածաշրջանում ենք:

Իմ կարծիքով՝ հայկական պատմագիտության ամենագլխավոր խնդիրը հայկական պետականության և հայկական պետությունների ուսումնասիրման խթանումն է, այդ թվում նաև անհրաժեշտ փորձի դուրսբերման նպատակով: Կիլիկիայի Հայկական թագավորության փորձը այդ իմաստով չափազանց արդիական է ժամանակակից Հայաստանի համար:  

Ինչո՞ւ:

Նախ և առաջ, այն ծանրագույն մարտահրավերները, որ հայերի առաջ դրեց բեկումնային 11-րդ դարը, շատ նման են այսօր մեր առաջ կանգնած մարտահրավերներին: Եվ այն, թե ինչպես Կիլիկիայի հայերը այն ժամանակ դրանց հակազդեցին, նրանց ֆենոմենալ հաջողությունը՝ նոր կենսունակ և արդյունավետ Հայաստանի ստեղծման գործում ժամանակի մի շատ անհանգիստ տարածաշրջանում, վտանգավոր շրջապատում, պետք է պահանջված փորձ լինի ժամանակակից հայկական հասարակության և քաղաքական գործիչների կողմից: Պատմությունը սովորություն ունի պատժելու իր դաժան դասերը չիմանալու համար:  

Երկրորդը, Կիլիկիայի Հայկական թագավորությունը միջպետական և միջժողովրդական հաղորդակցման եզակի փորձ է, որը երբեք չի եղել անցյալի հայկական մյուս պետություններում:

Երրորդը, Կիլիկիայի Հայկական թագավորությունը հայկական ազգային գաղափարի վերելք է, «ազգ հայոց» կոնցեպտի վերելքը, որքան էլ որ դա տարօրինակ հնչի այն ընթերցողների համար, որոնք Կիլիկիան ընկալում են որպես «ոչ այնքան Հայաստան», կամ նույնիսկ ընդհանրապես ոչ որպես Հայաստան: Դա ազգային թագավորություն էր, որ գլխավորում էր «թագավորն հայոց», որ, չնայած իր ֆեոդալական բնույթին, բացառում էր թագավորության մասնատվածությունը: Համեմատության համար հիշենք Արևելքում հայկական թագերի բազմացման «համաճարակը»՝ Վասպուրականի, Կարսի, Լոռվա, Սյունյաց, Փառիսոսի մասնատված թագավորությունները:

Չորրորդ, և դա, երևի, ամենակարևորն է, Կիլիկիայի Հայկական թագավորության պատմությունը կոնսոլիդացիայի (համախմբում, միավորում, հեղ.) եզակի փորձ է, այն մարդկանց կոնսոլիդացիայի, որոնք ցանկանում էին կառուցել ինքնավար հայկական պետություն: Չէ՞ որ այն ի վերջո ձևավորվեց սկզբունքային պայքարի արդյունքում: Դա պայքար էր երկու խմբի պատկանող հայերի միջև. մի կողմից հայեր, ովքեր Բյուզանդիայից բազմաթիվ հիասթափություններից հետո որոշեցին իրենց ճակատագիրն իրենց ձեռքը վերցնել, մյուս կողմից՝ հայեր, որոնք որոշել էին մինչև վերջ լինել «մորթվող գառ»՝ տրվելով բյուզանդական քաղաքականության հոսանքին:

Ինչպե՞ս հայերին հաջողվեց Կիլիկիայում հասնել հաջողության, պետություն ստեղծել:

Կարծում եմ՝ նրանց հաջողության առաջին բաղադրիչը ինքնավարության գաղափարն էր: Երկրորդ բաղադրիչը բխում է առաջինից. կամք՝ իրագործելու այդ գաղափարը քաոսի և բազմաթիվ սպառնալիքներով լեցուն մի բարդ իրավիճակում, որ իշխում էր 11-րդ դարի երկրորդ կեսին հայաբնակ շրջաններում: Եվ երրորդ բաղադրիչը՝ կարողություն՝ ռազմական և դիվանագիտական հմտությունների անհրաժեշտ մակարդակը: Բարդ իրավիճակը առաջ բերեց մի շարք քաջ, կամային և խելացի, մի խոսքով՝ օժտված առաջնորդների (նախորդներից խիստ տարբեր՝ լավ իմաստով), որոնցից առաջինները եղան Ռուբինյանները:  

Նրանց հաջողության համար շատ կարևոր էին ծովի և դրա միջոցով աշխարհի հետ ուղիղ հաղորդակցության գործոնները: Հաջողության գործոն է նաև այդ ժամանակաշրջանում արևմտաեվրոպացիների գալուստը տարածաշրջան (այսպես ասած՝ «Խաչակրաց արշավանքները»): Կարևոր գործոն է նաև այն, որ Կիլիկիան բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, որոնք բավականին քիչ անցումներ ունեն և որոնք ուժեղ պաշտպանված են ամրոցներով: Ի դեպ, «կապան» բառը, որը միջին հայերենում նշանակում էր ոչ միայն «ձոր»  կամ «լեռնանցք», այլ «պաշտպանված լեռնանցք», փոխառվել է թուրքերի կողմից և մինչ այժմ թուրքերենում կիրառվում է որպես «թակարդ», «ծուղակ».

Կիլիկիայի Հայկական թագավորությունն, առհասարակ, շատ պաշտպանված պետություն էր: Երբ ես խնդրում եմ իմ ծանոթներին թվարկել Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ամրոցներ, ապա նրանցից ամենատեղյակները կարող են թվել երեք կամ չորս ամրոց, բայց մեծամասնությունը սահմանափակվում է Ամբերդով: Իսկ Կիլիկիայի հայկական ամրոցների թիվը հասնում է երկու հարյուրի, և դա չափազանցություն չէ:

Ի դեպ, ի՞նչ վիճակում են հիմա այդ ամրոցները և առհասարակ Կիլիկիայի հայկական հուշարձանները:

Տարբեր, բայց հիմնականում՝ անմխիթար: Այստեղ երեք խնդիր կա: Հուշարձանների մեծ մասը փլուզվում է: Որոշները՝ նրանք, որ կարող են զբոսաշրջության տեսանկյունից արժեք ներկայացնել, ռեստավրացվում են, բայց այդ ռեստավրացիայի որակի վերաբերյալ շատ հարցեր կարող են ծագել: Դա արվում է առանց հայկական կողմի հետ խորհրդակցության: Վերջինս, իմիջիայլոց, ոչ մի կերպ չի հակազդում տեղի ունեցողին, և ես խստորեն կասկածում եմ՝ գիտե՞ն արդյոք ՀՀ մշակույթի՝ հիմա արդեն նախկին նախարարության պաշտոնյաները Լամբրոնի, Վախկայի, Լևոնկլայի և հայկական մյուս ամրոցների ռեստավրացիայի մասին: Եվ երրորդ խնդիրը. բարբարոսությունը՝ հուշարձանների, հատկապես գրությունների և խաչքարերի նպատակաուղղված ոչնչացումը:

Ես նույնիսկ չգիտեմ՝ որն է լավ. ուշադրություն հրավիրել Կիլիկիայի հայկական հուշարձանների հարցի վրա և դրանով մեծացնել դրանց ոչնչացման ռիսկը, թե՞ չհրավիրել: Ցանկացած դեպքում ես ուրախ կլինեի, եթե հայկական կառավարող կառույցները, որոնք պատասխանատու են մշակութային քաղաքականության համար, այդ խնդիրն իրենց ուշադրության տակ առնեին:

Հարցազրույցը՝ Լիլիթ Մնացականյանի

Լուսանկարները՝ Ռեգիս Կրոզատի (Régis Crozat) 

Մեկնաբանություններ (2)

Ես հանդի
Ես հանդիպեցի Ստամբուլի հայոց պատրիարքարանի հետ `Դարազարկ վանքը պահպանելու վերաբերյալ: Համոզված եղեք, որ նրանք ընդհանրապես չէին հետաքրքրվում: Թեմայի վերաբերյալ կարող եք էլ-նամակ ուղարկել [email protected] էլ.
Մարիաննա Տիգրանյան
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում պ-ն Սամվել Գրիգորյանին այսքան ընդգրկուն և հետաքրքիր տեղեկությունների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter