HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց նրա պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով ուժի մեջ թողեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտը: Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս մասին դատական նիստի ավարտից հետո ասաց մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանը:

Դատարանը չորս օր քննում էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու դեմ նրա պաշտպանների բողոքը, և խորհրդակցական սենյակ էր հեռացել փետրվարի 4-ին:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ի որոշմամբ՝ բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ և մերժել նրա պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Քոչարյանն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու սկզբնական շրջանում գտնվում էր ազատության մեջ, սակայն Վերաքննիչ դատարանը նրան անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան:

2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության:

Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել էր ու առ այսօր գտնվում է կալանքի տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter