
Հայաստանի ընտրանին 101-րդն է 211-ի մեջ
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է 2019 թ. առաջին վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 211 ընտրանիների մեջ 1222 միավորով շարունակում է զբաղեցնել 101-րդ հորիզոնականը, որը կիսում է Մավրիտանիայի հետ: Համաշխարհային ցուցակի առաջին 20 տեղերում փոփոխություններ չեն եղել, լավագույն տասնյակում հետեւյալ թիմերն են՝ Բելգիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Խորվաթիա, Անգլիա, Պորտուգալիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Իսպանիա, Դանիա:
Ընդհանրապես, վարկանիշային աղյուսակում փոփոխությունները պայմանավորված են գլխավորապես Ասիայի գավաթի խաղարկությամբ, ու պատահական չէ, որ հենց ասիական թիմերն են տեղաշարժեր գրանցել:
Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ապագա մրցակիցներից Իտալիան կրկին 18-րդն է, Բոսնիա եւ Հերցեգովինան մեկ հորիզոնական նահանջել է 35-րդ տեղ, Հունաստանն էլ երկու տեղ է նահանջել ու այժմ 45-րդն է, Ֆինլանդիան եւս հետ է գնացել մեկ տեղ, հիմա 59-րդն է, Լիխտենշտայնը պահպանել է 181-րդ դիրքը:
Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր հորիզոնականում Ուկրաինան է (30), հաջորդում են Ռուսաստանը (50), Բելառուսը (78), Ուզբեկստանը (89), Վրաստանը (91), Ղրղըզստանը (95), Էստոնիան (96): Մյուս երկրները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:
Մեր հարեւաններից լավագույն ցուցանիշը Իրանինն է (22), Թուրքիան 41-րդն է, Վրաստանը՝ 91-րդը, իսկ Ադրբեջանը՝ 108-րդը:
Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի ապրիլի 4-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել