HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Աբովյան պուրակը դարձրել են ավտոկայանատեղի․ հերթը հրապարակի գորգինն է

Ամիսներ շարունակ Աբովյան պուրակը ծառայում է որպես Ագրարային համալսարանի ուսանողների ավտոկայանատեղի։ Նույնիսկ կարելի է ասել՝ հերկատեղի։

Ուսանողներն իրենց մեքենաներով անխնա «հերկում» են կանաչ տարածությունը, կայանում ծառերի տակ, որը հանրային վայր է, զբոսավայր։ Եվ սա որեւէ պետական մարմին չի նկատում։

Պուրակում է գտնվում նորակառույց՝ Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանը։ Եվ մշակութային այս միջավայրում տասնյակ ավտոմեքենաներ, Աբովյանի փողոցի կողմից բարձրանալով մայթի եզրաքարերին, կամ Տերյան փողոցի կողմից մուտք գործելով տարածք, մտնում են անմիջապես կանաչ գոտի։

Ավելի համարձակները կայանում են կամ ուղիղ մայթին կամ պուրակի եզրին գտնվող հուշարձանի տարածքում։ Հուշարձանը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հայաստանում զոհված հունգար ռազմագերիների եւ Հունգարիայում զոհված հայ զինվորների հիշատակին։    

Ուսանողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ պուրակում կայանում են, որովհետեւ Ագրարային համալսարանի ավտոկայանատեղին իրենց համար փակ է։

Ագրարային համալսարանի կայանատեղին, որ գտնվում է համալսարանի երկրորդ մասնաշենքի մոտ, իրականում լցված էր մեքենաներով։ Իհարկե, ոչ ուսանողների։ Բայց այնտեղ փաստացի ազատ տարածություն չկա։

Բավականին ուշագրավ էր Ճանապարհային ոստիկանության արձագանքն իրավիճակին։ 177 հեռախոսահամարով թեժ գծին զանգահարելուց հետո ստիպված էի ՃՈ հերթապահի հետ քննարկել՝ արդյոք Աբովյան պուրակը հանրային, ավտոմեքենաների երթեւեկության համար փակ գոտի՞ է, թե կայանատեղի։ Ահազանգը դարձավ քննարկում, իսկ հետո՝ բանավեճի նման մի բան, որովհետեւ հերթապահը չէր կողմնորոշվում՝ պուրակը կայանատեղի՞ է, թե ոչ։

Ահազանգից 1 ժամ 20 րոպե անց ՃՈ անձնակազմը հասավ Աբովյան փողոց։ Այդ ընթացքում, մի քանի նոր ավտոմեքենաներ շարվել էին պուրակի ճեմուղու վրա՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։

Ժամանած սպաների համար նույնպես սկզբում հասկանալի չէր, թե ինչ վայր է Աբովյան պուրակը՝ երթեւեկելի գոտի՞, թե՞ ավտոմեքենաների համար փակ։ Ոստիկանները խոստացան վերադասի հետ խորհրդակցել՝ ինչպես է լուծվելու հարցը։

Ինչպես լսվում է ձայնագրության մեջ, ՃՈ սպաներն այդպես էլ ոչինչ չարձանագրեցին։

Այսպես ասած՝ թավշյա հեղափոխությունից հետո կասկածներ են առաջ եկել, որ ՃՈ-ն չի աշխատում։ Այս կառույցում հակառակն են պնդում, խոսում բարենորոգումների մասին եւ այլն։ Բայց փաստ է՝ չկա մեկ խնդիր, որը գլոբալ լուծված լինի։ Դա կլինի սխալ կայանումների խնդիր, հանդիպակաց գոտիով երթեւեկելու, պետհամարանիշերը փակելու, թե այլ։ Պատճառն այն է, որ ՃՈ-ն սկսել է, այսպես ասած, թավշյա վերաբերմունք ցույց տալ իրավախախտ վարորդներին։

Աբովյան պուրակի հարցը միայն Ճանապարհային ոստիկանության խնդիրը չէ։ Պուրակը հանրային վայր է եւ պատկանում է Երեւանի քաղաքապետարանին։ Երեւանի քաղաքապետարանը նույնպես պետք է ջանքեր գործադրի այն որեւէ ոտնձգությունից պաշտպանելու ուղղությամբ։

Դեռ տարիներ առաջ, երբ պետք է կառուցվեր Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանը, պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ այս շուրջ 400 քմ տարածքով պուրակը մշակութային միջավայրի է վերածվելու:

«Աբովյանի հիշյալ պուրակը կդառնա փոքրիկ այգի՝ դենդրարիում: Պուրակին հարակից փողոցը կկրի Հրանտ Մաթևոսյանի անունը, փողոց, որն ունի ընդամենը մեկ հասցե՝ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարան: Հայեցակարգի համաձայն, փողոցի երկու կանաչ գոտիները կմիավորվեն Մաթևոսյանի հերոսուհու՝ Նանա իշխանուհու անունը կրող կամրջակով: Լոռվա բնության մոդելավորմամբ, մաթևոսյանական աշխարհի տեղանուններով պուրակում բացօթյա դասերի, ցուցահանդեսների, կրթա-մշակութային ամենատարբեր միջոցառումների անցկացման, ինչպես նաև հանգստի պայմաններ կստեղծվեն»:

Ինչպես տեսնում ենք՝ ասացին, արեցին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter