HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տիգրան Պետրոսյան. քվեաթերթիկի 10-րդ համարը ներկայացնող թեկնածուն՝ Շիրակի 10-րդ մարզպետ

ԱԺ արտահերթ ընտրություններում Շիրակի մարզում 4600 քվե ստացած Տիգրան Պետրոսյանը Գյումրիում ստացած ձայների թվով (3936) զիջում էր միայն ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանին (15866) եւ գերազանցում պատգամավորության մանդատ ստացած, մարզը 8 ամիս ղեկավարած Կարեն Սարուխանյանին (2657): Մարզկենտրոնում ստացած քվեների թվով 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն 5-րդն էր մարզի ցուցանիշով: Ամենայն հավանականությամբ Շիրակի մարզը կունենար պատգամավոր Տիգրան Պետրոսյան, եթե նախկին մարզպետը շարունակեր մնալ իր պաշտոնում, սակայն «Իմ քայլը» դաշինքում այլ կերպ վճռեցին:

Կառավարության փետրվարի 6-ի նիստում Տիգրան Պետրոսյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Այսօր արդեն նորանշանակ մարզպետն աշխատանքային հանդիպում էր ունեցել մարզպետարանի վարչությունների ղեկավարների հետ, որի ժամանակ անդրադարձել էր առաջիկա անելիքներին, ծանոթացել առավել հրատապ խնդիրներին: Կեսօրին նշանակված հանդիպումը մարզում եւ հանրապետությունում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ էր:

«Վերջին բողոքի ակցիաների ժամանակ, պայքարի սկզբում դուք այն թիմի հետ էիք, որ փակել էր մարզպետարանի դուռը, իսկ հիմա՝ ներսում եք»,- նկատեց «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը: «Իմ եւ իմ ընկերների պայքարի ուղին չի սահմանափակվել միայն փողոցում պայքարելով: Կարծում եմ գաղտնիք չէ, որ ես ու իմ թիմակիցները կոռուպցիայի ու անարդարությունների դեմ պայքարի երեկ չէ, որ դուրս ենք եկել եւ ամենակարեւորը պայքարի դուրս չէինք եկել դրսից ներս գալու, ասել կուզի՝ պաշտոն ստանալու համար: Մեզ համար այս պայքարը գաղափարական է եղել, մեր ձգտումն էլ դրական փոփոխություններն են»,- պատասխանեց Տիգրան Պետրոսյանը:

«Իսկ ինչպիսի՞ աշխատաոճ եք որդեգրելու, - հետաքրքվեց նույն լրագրողը, - օրինակ նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը նշանակված օրվանից աշխատանքային մի ոճ էր որդեգրել՝ դատի տալ, քրեական գործեր հարուցել համայնքապետերի, կրթության եւ առողջապահության ոլորտի աշխատակիցների նկատմամբ: Դուք աշխատելու եք պատժելու, ահաբեկելու մեթոդով, թե՞ այլ մեթոդներ եք կիրառելու»: «Ճիշտն ասած, հարցի մեջ գնահատական հնչեց, թույլ տվեք խուսափել այդ գնահատականին արձագանքելուց: Ես ունեմ իմ աշխատաոճը, ունեմ հստակ լիազորություններ եւ այդ տիրույթում եմ գործելու: Օգտվելու եմ մարզպետին տրված բոլոր լիազորություններից եւ գործիքակազմից՝ իհարկե ողջամտության սահմաններում»,- պատասխանեց Տիգրան Պետրոսյանը:

Նորանշանակ մարզպետը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են մարզի խնդիրները, շեշտադրել աղքատության հաղթահարման ու անօթեւանության վերացման հարցերը: «Հիմնական առաջնահերթությունը, որ վարչապետի կողմից ֆիքսվեց, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունն է, ներդրումները, աշխատատեղերը, գրավիչ պայմաններ ստեղծելը,- նկատեց Տիգրան Պետրոսյանը,- պարոն վարչապետի կողմից շատ հստակ ասվեց, որ պետական ապարատի կողմից աջակցություն են ստանալու նրանք, ովքեր ի վիճակի են շահույթ գեներացնել էս հողի վրա, ովքեր ի վիճակի են ստեղծել աշխատատեղեր: Կլինեն խնդիրներ՝ կխոսենք խնդիրների մասին, չեն լինի խնդիրներ՝ կխոսենք զարգացման մասին»:

Անդրադառնալով մարզպետարանում առաջիկայում սպասվող կադրային փոփոխություներին, Տիգրան Պետրոսյանը նշեց, որ կա մարզպետարաններում աշխատակազմի կրճատման նախագիծ, եւ ինքն էլ կողմ է ավելի թեթեւ, ավելի մոբիլ կազմով աշխատելուն: «Եթե պարզվի, որ աշխատանքային ծավալները մեծ չեն ու ընդհանրապես կարիք չկա երեք փոխմարզպետ ունենալու, այո՛, ես կողմ եմ, որ նրանց թիվը կրճատվի: Կարծում եմ մեկ փոխմարզպետը լիովին բավարար է»:

Տիգրան Պետրոսյանը 2002-2017թթ-ին դասավանդել է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, ներկայում դասախոսում է Շիրակի պետական համալսարանում: Ասում է մեկ առարկա է՝ քիչ ծանրաբեռնվածությամբ, ամենայն հավանականությամբ, մարզպետի աշխատանքի հետ մանկավարժական գործունեությունը կզուգակցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter