HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Տուժողները պատմել են, թե ինչպես են կանխել «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի փորձ կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Գալստյանի փախուստը

«Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի փորձ կատարած դատապարտյալ Դավիթ Գալստյանն, ով անցնում էր հայտնի «Բանդայի» գործով, ասում է, թե փորձել է փախուստի դիմել, քանի որ անիմաստ է դատապարտվել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր կայացավ բժշկական կենտրոնում Գալստյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստ, և դահլիճը լքելուց առաջ, ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչո՞ւ էր որոշել փախուստի դիմել, Գալստյանը նման հայտարարություն արեց:

Բժշկական կենտրոնից փախուստի դիմելու փորձը կատարվել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին: Ըստ գործի նյութերի՝ Դավիթ Գալստյանն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից հետազոտության նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ մեղադրանքի՝ Գալստյանն իր մտերիմ Վլադիմիր Մինասյանի օժանդակությամբ, զենքի գործադրմամբ փորձել է փախուստի դիմել, և գտնվելով հիվանդասենյակում՝ հափշտակել է իր պահպանությունն իրականացնող Հարություն Շախպազյանին ամրակցված ատրճանակը, զենքի գործադրմամբ երկու և ավելի անձանց` Արթուր Մարուքյանին, Աշոտ Աշոտյանին, Շախպազյանին սպանելու դիտավորությամբ, հափշտակած ատրճանակից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Նշենք, որ ամբաստանյալների փախուստը կանխվել էր ՔՀԿ-ի և բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից: Գալստյանը մեղադրվում է սպանության փորձի, ապօրինի զենք կրելու, հափշտակելու, ազատազրկման վայրից զենքի սպառնալիքով և այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ փախուստի փորձ կատարելու մեջ:

Վլադիմիր Մինասյանը մեղադրվում է վերը նշված արարքին օժանդակելու, սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեջ: 

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօր հրապարակեց դեպքի վայրի զննության արձանագրությունը:

Զննության ժամանակ գործով տուժողի կարգավիճակ ունեցող ՔՀԿ աշխատակից Արթուր Մարուքյանը հայտնել է, որ դեպքի օրը. երբ ինքը Հարություն Շախպազյանը Աշոտ Աշոտյանը և Դավիթ Գալստյանը հիվանդասենյակում են եղել, այնտեղ է եկել դատապարտյալ Դավիթ Գալստյանին դիմավորած մի երիտասարդ: Ըստ Մարուքյանի՝ երիտասարդի ձեռքին եղել է մեծ պայուսակ, իր հարցադրումը, թե ինչո՞ւ է պայուսակը այդքան մեծ, ի՞նչ կա դրանում, երիտասարդն, ըստ էության, ընդունել է որպես կասկածանք, վազել իրեն ընդառաջ, այդ ընթացքում բացել պայուսակը և այնտեղից հանել ինքնաձիգի փողը: Մարուքյանի պատմածով՝ իրեն հաջողվել է ինքնաձիգի փողը ներքև իջեցնել, որպեսզի երիտասարդն իրենց չսպանի: Այնուամենայնիվ Գալստյանի մտերիմին հաջողվել է ինքնաձիգից մեկ կրակոց արձակել դեպի ներքև, այդ ընթացքում հավանաբար զենքի փողը կպել է պատին և դրա վրա վնասվածք է առաջացել:

Գործով մյուս տուժող Հարություն Շախպազյանը զննության ընթացքում հայտարարել է, որ այս ընթացքում ինքը փորձել է երիտասարդին վնասազերծել և ձեռնաշղթա հագցնել, տեսել է, որ նա գրպանից հանել է կռփազենքը և հարվածել Արթուր Մարուքյանի դեմքին:

Նույն պահին նկատել է, թե ինչպես դատապարտյալ Դավիթ Գալստյանը քաշելով պոկել է իր գոտկատեղին ամրակցված  տաբելային «Մակարով» տեսակի ատրճանակը: Այդ ընթացքում մեծ պայուսակով հիվանդասենյակ եկած երիտասարդը հարվածել է իրենց աշխատակից Աշոտ Աշոտյանի դեմքին:

Այնուհետև, ըստ Շախպազյանի, Դավիթ Գալստյանը պատյանից հանել է իր ատրճանակն, ու երբ ինքը դա տեսել է, փորձել է նրան վնասազերծել, և իրար քաշքշելով՝ հասել են մինչև հիվանդասենյակի մուտքի դռան մոտ: Այստեղ Գալստյանին հաջողվել է լիցքավորել ատրճանակը: Նա, ըստ Շախպազյանի պատմածի, փորձել է իրենց ուղղությամբ կրակել, սակայն Շախպազյանը հասցրել է բռնել ատրճանակից և այն ներքև իջեցրել, ինչի ժամանակ կրակոց է հնչել: Մի քանի վայրկյան տևած քաշքուկի ընթացքում Շախպազյանը փորձել է զենքը խլել Դավիթ Գալստյանից, սակայն վերջինս կարողացել է ևս երեք կրակոց արձակել, որոնք բոլորն էլ դեպի ներքև են եղել, քանի որ ինքը նրա ձեռքն ատրճանակով ներքև է իջեցրել: Ըստ տուժողի՝ այդ ընթացքում Գալստյանը գոռգոռացել է՝ «թողեք պիտի խփեմ, կրակեմ» և նմանատիպ այլ հայտարարություններ արել:

Ըստ Շախպազյանի՝ Աշոտ Աշոտյանն, ով գործով ևս տուժողի կարգավիճակ ունի, օգնության է հասել այն պահին, երբ ինքը Դավիթ Գալստյանի ձեռքին եղած ատրճանակից կարողացել էր դուրս բերել պահունակը, և Գալստյանը, հասկանալով, որ պահունակը հանված է, ատրճանակը գցել է գետնին և փորձել փախչել՝ դռնից կիսով չափ դուրս գալով, ապա Աշոտ Աշոտյանն ու Գալստյանը բռնել են միմյանց հագուստներից, և վերջինս, հագին եղած հագուստը հանելով, փախել է ներքև:

Ըստ տուժող Շախպազյանի՝ ինքն ու Աշոտ Աշոտյանը հետապնդել են Գալստյանին, և հիվանդանոցի անվտանգության աշխատակցի օգնությամբ նրան բռնել առաջին հարկում:

Այստեղ Գալստյանին ձեռնաշղթա են հագցրել, իսկ նրա մտերիմ երիտասարդի ձեռքերը կապել Շախպազյանի գոտիով: Նշենք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է խլացուցիչ, պահունակ՝ լիցքավորված փամփուշտներով, կրակած պարկուճներ, կռփազենք, արնանման հետքեր:

Գործում առկա այլ փաստաթղթերի հետազոտումը կշարունակվի հաջորդ դատական նիստին:

Նշենք, որ «Բանդայի գործի» շրջանակներում Գալստյանը դատապարտվել է 15 տարի ժամկետով ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել «բանդայի» կազմում մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներից կատարվող ավազակային հարձակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter