HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրաֆիկինգում ներգրավված են նաեւ վանաձորցիները

Վանաձորում հայտնի կավատ Արուսյակ Մելքումյանին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Բարիկ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 17-ին մարդկանց առեւտրի մեղադրանքով դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Նրա գործընկերը' երեւանցի Կալիպսե Հովհաննիսյանը, դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Վանաձորում Արուսյակ Մելքումյանին ճանաչում են Կարինե անվամբ: Նա Վանաձորում «հայտնի դեմք է», համարվում է քաղաքի ամենախոշոր կավատը:

Կարինեն իր տանը աղջիկներ է պահում եւ «մատակարարում» տղամարդկանց, ինչպես նաեւ՝ մարմնավաճառության նպատակով ուղարկում արտերկիր: Մարդկանց առեւտրի համար 51-ամյա կինը հասցրել է արդեն երկու անգամ դատապարտվել: Առաջին անգամ ազատազրկվել է մեկ տարի ժամկետով, իսկ երկրորդ անգամ համաներման մասին որոշմամբ ազատ է արձակվել:

Կարինեն ամուսնացած է, երեխա չունի: Հայտնի է իր խորամանկությամբ ու խարդախությամբ: Ժամանակին լուրջ կասկածանքներ են եղել, որ նա զբաղվել է երեխաների առեւտրով, սակայն հիմնավոր փաստերի բացակայության պատճառով քրեական գործ չի հարուցվել:

Արդեն ութ տարի է Կարինեի հիմնական գործընկերը երեւանցի 56-ամյա Կալիպսե Հովհաննիսյանն է:

Քննությունը պարզել է, որ Կալիպսե Հովհաննիսյանը Վանաձոր էր եկել Դուբայում հայտնի կավատ, վանաձորցի Նարինե Խաչատրյանի հեռախոսային առաջարկով՝ հավաքագրել նյութական ծանր վիճակում հայտնված կամ ամուսնալուծված երիտասարդ բարետես աղջիկների: Ժամանակավորապես բնակվելով Կարինեի տանը՝ Կալիպսեն նրան առաջարկում է մեծ գումարով աղջիկներ հավաքագրել: Կարինեն իր հերթին շահավետ առաջարկությունը փոխանցում է վանաձորցի Անժելա Ծատինյանին, որն էլ չի առարկում: Ա. Ծատինյանը 2003թ. օգոստոսի վերջին Աննային «հանձնում» է Կարինեին:

Գտնվելով ծանր սոցիալական պայմաններում՝ Աննայի մայրը համաձայնում է աղջկան ուղարկել Թուրքիա՝ բարձր աշխատավարձով երեխա պահելու կամ էլ բնակարան մաքրելու նպատակով: Երեւանում Կալիպսեի ու Անժելայի ուղեկցությամբ Աննան մեկնում է Մոսկվա: Այստեղ նրան դիմավորում են Սեւակ Սիմոնյանը, Արայիկ Մարտիրոսյանն ու Արայիկ Աղաջանյանը:

Տղաները Աննայի համար կեղծ անձնագիր են պատրաստում եւ նրան ճանապարհում Դուբայ:

Աղջկան ճանապարհելուց մի քանի օր անց մայրը' Լ. Փ.-ն, այցելում է Կարինեին, որտեղ հանդիպում է Կալիպսե Հովհաննիսյանին: Նոր ծանոթուհին տեղեկացնում է, որ Աննան գտնվում է Դուբայում: Մայրը պահանջում է վերադարձնել դստերը, իսկ Կալիպսեն հորդորում է չաղմկել՝ հավատացնելով, թե աղջիկը գտնվում է ապահով ձեռքերում: Երբ Աննայի մայրը հեռախոսով զրուցում է աղջկա հետ, հասկանում է, որ դուստրը կաշկանդված է ու չի կարողանում ազատ խոսել:

Մեկ տարուց ավելի վանաձորցի Աննան Դուբայում մարմնավաճառությամբ է զբաղվում Նարինե Խաչատրյանի ենթակայության տակ: Նրան վերահսկում էր Լիլիթ Համբարձումյանը: «Տերերից» ազատվելու համար Աննան դիտավորյալ «ընկնում է» Դուբայի ոստիկանություն, որտեղ հինգ ամիս անցկացնելուց հետո արտաքսվում է Հայաստան: Մայրն այս մասին իմացել է 2005-ի սկզբին՝ Դուբայի բանտում աղջկա գտնվելու ժամանակ:

Աննան այժմ պատրաստվում է ամուսնանալ: Ապագա ամուսինը ոչնչից տեղյակ չէ, իսկ աղջկա նյարդերը գտնվում են ծայրահեղ լարված վիճակում: Ինքն ու մայրը մեղադրում են ոչ թե Կալիպսեին ու Կարինեին, այլ Անժելա Ծատինյանին:

Քրեական գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց թրաֆիկինգի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ավագ դատախազ Արմեն Բոշնաղյանի հավաստմամբ՝ տուժողը շատ լավ հասկանում է, որ հիմնական մեղավորները Անժելա Ծատինյանն ու Նարինե Խաչատրյանն են, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ:

Միեւնույն ժամանակ, դատավարության ընթացքում Աննան շեշտել է, որ Կարինեն ու Կալիպսեն անմեղ չեն:
Կանխվել է անչափահասի տեղափոխումը Դուբայ

Նախաքննութամբ պարզվել է, որ երեւանցի Կալիպսե Հովհաննիսյանի գործնական կապերը Դուբայում կավատությամբ զբաղվող Նարինե Խաչատրյանի հետ չեն սահմանափակվել միայն Աննային խաբեությամբ մարմնավաճառության ուղարկելով:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող փակ դատաքննությամբ հաստատված համարվեց Կալիպսե Հովհաննիսյանի մեղքը անչափահաս Անուշին Դուբայ ուղարկելու մեջ: 2003թ.-ին Վանաձորի բնակչուհի Գայանե Մատինյանը իր հարեւանուհու աղջկան առաջարկել է մեկնել Թուրքիայում աշխատող ծնողների մոտ: 17-ամյա Անուշը Թուրքիայի ինքնաթիռի տոմս գնելու եւ անձնագրում ելքի թույլտվության կնիք դրոշմելու նպատակով անձնագիրը հանձնել է Գայանեին: Հետո իմացել է, որ իրեն Թուրքիայի փոխարեն ուղարկելու են Դուբայ եւ՝ ինչ նպատակով: Չի համաձայնել, սակայն Գայանե Մատինյանը սպառնացել է անչափահաս աղջկա հասցեին վատ տեղեկություններ տարածել ու վարկաբեկել նրան: Խայտառակվելուց խուսափելու համար Անուշը համաձայնել է: Նրա անձնագրում քննությամբ չպարզված անձի միջոցով ելքի թույլտվության կնիք են դրոշմել, բայց աղջկան Դուբայ չեն կարողացել հասցնել: Ոստիկանությունը ժամանակին կարողացել էր բացահայտել եւ կանխել անչափահասի տեղափոխումը:

Քննությունը պարզել է, որ անչափահաս Անուշին Դուբայ պետք է տեղափոխեին Կալիպսե Հովհաննիսյանի միջոցով:

33-ամյա վանաձորցի Նարինե Խաչատրյանն ու 32-ամյա Անժելա Ծատինյանը գտնվում են միջազգային հետախուզման մեջ: Նարինե Խաչատրյանը մեղադրվում է պոռնկության կազմակերպման եւ նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ: Անժելա Ծատինյանի նկատմամբ որոշումներ են կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 եւ 261 հոդվածի երկրորդ մասով՝ պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը կամ պոռնկությամբ զբաղվելը շարունակելուն հարկադրելը բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, տուժողի՝ պետական սահմանն ապօրինաբար հատելն ապահովելով կամ նրան ապօրինի օտարերկրյա պետությունում պահելով:

Դատավոր Բարիկ Գրիգորյանը Արուսյակ (Կարինե) Մելքումյանին դատապարտեց չորս տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով միմիայն նրա առողջական վիճակը: Կարինեն երկրորդ խմբի հաշմանդամ է: Կալիպսե Հովհաննիսյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման. նրա դեպքում հաշվի առնվեց նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը, առողջական վատ վիճակը: Աբովյանի քրեակատարողական հիմնարկում նա կաթված է ստացել, հիվանդացել թոքաբորբով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter