HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Շանթի միջոցով գործին հնչեղություն հաղորդելն իրավաչափ չէ». Մելիք Մանուկյանի որդու փաստաբանը՝ Աբովյանում տեղի ունեցած միջադեպի մասին

Աբովյանի «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդու՝ Շանթ Մանուկյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի հետ:

- Պարո՛ն Ֆերոյան, «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո մամուլում լուր էր շրջանառվում, որ կոնֆլիկտը սկսվել է վուլկանիզմացման կետում, երբ Շանթ Մանուկյանը գնացել է այնտեղ՝ մեքենան վերանորոգելու:

- Վուլկանիզացման կետի միջադեպին Շանթ Մանուկյանն ընդհանրապես մասնակից չի եղել, առնչություն չի ունեցել, իսկ ռեստորանում նա գտնվել է հանգամանքների պատահական զուգորդմամբ: Նա առհասարակ տեղյակ չի եղել, որ այնտեղ մարդիկ են գնալու:

- Իսկ որևէ անձ Մանուկյանի մեքենայով գնացե՞լ է վուլկանիզացման կետ:

- Ես ձեզ միանշանակ ասում եմ, որ այդ տեղեկությունները շփոթմունքի արդյունքում են հայտնվել լրատվական դաշտում: Քրեական գործում առհասարակ նման հանգամանք չկա: Ինքը վուլկանիզացման կետում չի եղել, մեքենայի անվադողը փչելու չի գնացել:

- Մելիք Մանուկյանի հետ առնչություն ունեցող այլ անձի հե՞տ է վուլկանիզացման կետում կոնֆլիկտ առաջացել:

- Ես դա չգիտեմ, ես միայն 100 %-ով վստահեցնում են, որ այնտեղ Շանթը չի եղել: Եթե վուլկանիզացման կետում անվադողը փչելու հետ կապված կոնֆլիկտ է առաջացել, ապա ինքն այդ ժամանակ այնտեղ չի եղել:

- Վուլկանիզացման կետում տեղի ունեցած միջադեպից հետո իրադարձությունները զարգացել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում: Շանթ Մանուկյանն, ով ձեր պնդմամբ առնչություն չի ունեցել միջադեպին, ինչպե՞ս է հայտնվել ռեստորանի տարածքում:

- Շանթն արդեն իսկ ռեստորանում է եղել, և այդ մասին բազմաթիվ անձինք են պնդում: Աղմուկ-աղաղակի ձայներ լսելով՝ նա դուրս է եկել ու տեսել ընկերոջն՝ ընկած, գրկել է գլուխն ու բղավել, որ շտապօգնություն կանչեն:

- Խոսքը միջադեպի ժամանակ գանգուղեղի շրջանում վնասվածք ստացած Ջիվան Հարությունյանի մասի՞ն է:

- Այո:

- Ընկերոջն ընկած տեսնելուց հետո ի՞նչ գործողություններ է կատարել Մանուկյանը:

- Դրանից հետո նա ինչ-որ գործողություն չի կատարել: Երբ բղավել է, որ շտապօգնություն կանչեն, իր ձայնից մյուսները սաստվել են, ու նաև դրանով պայմանավորված՝ դադարել է կոնֆլիկտը:

- Շանթը պատմե՞ լ է, թե ռեստորանից դուրս գալուց, ընկերոջն ընկած վիճակում տեսնելուց հետո էլ ինչի է ինքն ականատես եղել:

- Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ ես չեմ կարող այս մասին ինֆորմացիա տրամադրել:

- Երբ ձեր պաշտպանյալն ընկերոջը՝ Ջիվան Հարությունյանին, տեսել է ընկած վիճակում, նրան հիվանդանոց չի՞ տեղափոխել:

- Ես այս պահին չեմ հիշում, թե ինքը կոնկրետ ում է տարել հիվանդանոց, բայց որ մարդկանց տեղափոխել է, դա ճիշտ է:

- Չնայած միջադեպի ժամանակ Շանթ Մանուկյանի գործողությունների վերաբերյալ ձեր վերը նշված պնդումներին՝ նրան խուլիգանության մեղադրանք է առաջադրված, ըստ որում՝ ամենախիստ՝ 4-րդ մասով: Ըստ նախաքննական  մարմնի՝ ի՞նչ գործողություններ է կատարել Մանուկյանը, որոնք որակվել են խուլիգանության 4-րդ մասին բնորոշ:

- Նշեմ, որ Շանթ Մանուկյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ մեղադրանքի՝ նա մյուսներին չի արգելել խուլիգանական գործողություններ կատարել:

- Ինչո՞ւ է նախաքննական մարմինը գտել, որ Շանթ Մանուկյանը կարող էր արգելել: Ինչպե՞ս է հիմնավորում այդ հանգամանքը:

- Դա մեզ համար ևս անհասկանալի, զարմանալի և անընդունելի է:

- Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմը, որով ձեր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրված, խմբի կազմում, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանությունն է: Ինչպե՞ս կարող էին ուղղակի՝ այլ անձանց գործողությունները չկանխելու համար նրան նման մեղադրանք առաջադրել:

- Իր մոտ զենք չի եղել: Ես կրկնում եմ, որ իրեն մեղադրանք են առաջադրել ուրիշների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելուն չխոչընդոտելու համար:

- Շանթ Մանուկյանն առերեսվե՞լ է որևէ անձի հետ, կա՞ն անձինք, որոնց և Մանուկյանի հայտնած տեղեկությունների միջև էական հակասություններ են առկա:

- Ես, թերևս չասեմ, թե ինչ դատավարական գործողություններ են իրականացվում, բայց քննչական մարմինները լայնածավալ գործողություններ են կատարում:

- Ինչպիսի՞ հարաբերություններ ունեն Ծառուկյաններն ու Մանուկյանները միմյանց հետ: Խոսակցություններ կան, որ վիճաբանության երկու կողմերի միջև որոշակի հակամարտություններ կան:

- Ես, ամեն դեպքում, չունեմ նման տեղեկություն, բայց կոնկրետ Շանթ Մանուկյանը որևէ անձի հետ լարվածություն չի ունեցել:

- Մանուկյանի կալանավորման վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը դատարանը մերժել է, դուք տեղեկություն ունե՞ք՝ որոշումը բողոքարկվե՞լ է դատախազության կողմից:

- Այս պահին, ամեն դեպքում, մենք բողոք չենք ստացել: Բայց այս ամենը աբսուրդի է հասնում. ինչո ՞ւ պիտի  Շանթ Մանուկյանին կալանավորեն, մարդկանց օգնություն ցուցաբերելու համա՞ր, միայն նրա համար, որ ինքը «Մելոյի» տղա՞ն է. դա չի բխում արդարադատության բուն էությունից ու նշանակությունից: Արհեստականորեն, Շանթի միջոցով գործին հնչեղություն հաղորդելն իրավաչափ չէ: Գործում որևէ ապացույց առկա չէ:

Լուսանկարում ձախից՝  Մելիք Մանուկյանը և փաստաբան Արմեն Ֆերոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter