HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փետրվարի 23-ի բիզնես ֆորումը կլինի Լոռու մարզի տնտեսության աշխուժացման առաջին քայլը

«Հետք»-ի հարցերին պատասխանում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը.

- Այսօր արտահերթ նիստում հաստատվեց կառավարության 5 տարիների տնտեսական ծրագիրը: Բարեփոխումների շրջանակում ի՞նչ ծրագրեր են նախատեսվում Լոռու մարզում:

- Առաջարկում ենք տնտեսության 4 ճյուղեր, որտեղ ավելի մեծ պոտենցիալ կա: Դա ժամանակակից գյուղատնտեսությունն է, թեթև արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և զբոսաշրջությունը: Դրա հետ կապված մենք արդեն սկսել ենք իրականացնել ծրագրեր: Վանաձորում բացվել է ռուս-իրանական «ՌԱԴ ՍԱՆ ՎԱՇԱՄԻՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից հիմնադրված կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության առաջին հոսքագիծը: Չինական «Նյու իդա» ներդրումային ընկերությունը նպատակ ունի Հայաստանում իրականացնել հանքային ջրերի արդյունահանման ծրագիր: Հայ-հոլանդական «Աստղիկ» բարեգործական կազմակերպությունը Հարթագյուղում իրականացնում է ոչ ավանդական մշակաբույսերի աճեցում: Սարալանջ համայնքում «Էրֆյան» հայ-պարսկական ընկերությունը իրականացնում է ոչխարաբուծության ծրագիր: Ձյունաշողում «Աբսալյուտ օրգանիկ» հայ-ռուսական ընկերությունը կառուցում է անասնաբուծական համալիր, այդ թվում՝ սպանդանոցի կառուցում, կաթի վերամշակման արտադրամաս, 400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների պահվածք: Արդվիում ֆրանսիահայ ներդրողի կողմից նախատեսվում է իրականացնել զբոսաշրջության զարգացման ծրագիր:

Բացի դա, մենք բիզնես ֆորում ունենք փետրվարի 23-ին: Ֆորումին շատ լուրջ ենք պատրաստվել, կներկայացվի մոտ 40 ծրագրեր, հիմնականում իմ նշած ոլորտներից: Ֆորումին հրավիրել ենք ներդրողների նաև այլ երկրներից: Դրանք պատրաստի ծրագրեր են, որոնք կարող են ներդրողի ցանկությամբ մի փոքր փոփոխության ենթարկվելուց հետո իրականացվել: Բացի դա, ֆորումին ներկա կլինի վարչապետը և նախարարներ: Ֆորումը կլինի Լոռու մարզի տնտեսության աշխուժացման առաջին քայլը:

- Բարեփոխումների ծրագիրը նախատեսում է հանքարդյունաբերության ոլորտում չափանիշների բարձրացում: Ի՞նչ է սա նախատեսում մարզի հանքարդյունաբերության ոլորտում:

- Մենք Ալավերդու դեպքում կարևորում ենք ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված պղնձաձուլական գործարան ունենալ: «Թեղուտ» ՓԲԸ-ն հիմա դատական քաշքշուկների մեջ է: Բոլոր դեպքերում ինչպես Թեղուտի հանքավայրի վերաշահագործման, այնպես էլ պղնձաձուլական գործարանի դեպքում պետական մոտեցումը առաջին հերթին բարձր չափանիշներով բնապահպանական անվտանգ հանքարդյունաբերություն է:

- Հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են կատարվել մարզում:

-  Որևէ փոփոխություն անելու համար պետք է լինեն հիմնավոր պատճառներ, այլապես այդ փոփոխությունները կարող են բերել ավելի վատ իրավիճակ: Հեղափոխությունից հետո հանրությունը ակնկալում էր, որ բոլոր հին պաշտոնյանները մեկ օրում պետք է փոխվեն: Սակայն, բացի այն, որ փոփոխություններ կատարելիս մենք պետք է գտնենք լավագույն այլընտրանքը, նաև այդ փոփոխությունները պետք է իրականացնենք օրենքի սահմաններում: Օրենքը չի կարելի խախտել: էդ առումով մարդկանց ակնկալիքները երևի չեն բավարարվել: Բայց իմացեք՝ հիմա մեծ փոփոխություններ են տեղի ունեցել մարզպետարանում և մեր ենթակայության տակ գտնվող հիմնարկներում: Նախկին մարզպետները և մարզպետարանի անձնակազմի մեծ մասը ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմաների մեջ: Դա գոնե ինձ համար ակնհայտ է, և ես պատրաստվում եմ դիմել դատախազություն՝ մի քանի գործերով:

- Ի՞նչ գործեր են դրանք:

- Այս պահին, քանի դեռ չեմ դիմել դատախազություն, կոնկրետ փաստեր չեմ հրապարակի, բայց իմացեք, որ Լոռու մարզի կրթական և առողջապահական ոլորտում կոռուպցիան շատ մեծ ծավալների է հասել, հետևաբար այդ ամեն ինչը ցանկալի է բացահայտել, պատժել մեղավորներին և վերականգնել պետության վնասները:

- Ի՞նչ եք  կարծում, Ձեր պաշտոնավարման ժամանակ մարզում կոռուպցիան իսպառ վերանալու՞ է:

- Կարող եմ վստահ ասել, որ դա մեր աշխատակիցների մեջ իսպառ վերացել է: Հիմա մեր ենթակայության հիմնարկներում, չեմ ասում, թե իդեալական վիճակ է, բայց իմ կարծիքով կոռուպցիոն ռիսկերը գրեթե հասել են զրոյի: Դա շատ կարևոր է:

- Մարզպետարանում հաստիքների նկատելի ուռճացում կա: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Այդ պատճառով պետք է գնանք կառուցվածքային փոփոխությունների: Հավանաբար մարզպետը երեքի փոխարեն կունենա մեկ տեղակալ, կկրճատվեն երկու տեղակալներ, նրանց օգնականների, մարզպետի մեկ խորհրդականի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի հաստիքները: Կփոխվի բաժինների կառուցվածքը, վարչությունների բաժիններ կմիավորվեն: Փոփոխությունները կլինեն այս տարվա ընթացքում, հավանաբար ամռանը:

- Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 2018թ.-ին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման համար Լոռու մարզպետարանին հատկացրել է 419,5 մլն դրամ: Այսօր կառավարության արտահերթ նիստում հաստատված բարեփոխումների ծրագրով կարևորվում է պետբյուջեի միջոցների համաչափ բաշխումը: Մարզի Թումանյան համայնքի առաջնահերթ խնդիրների լուծման համար հատկացվել է 68,5 մլն դրամ, Ալավերդի համայնքին հատկացվել է 2,4 մլն դրամ: Ինչո՞վ կբացատրեք այս անհամաչափությունը:

- Այո, Թումանյանի խոշորացված համայնքին, որովհետև այդ համայնքի մեջ մտնում են Լորուտ, Ահնիձոր, Մարց, Աթան և մյուս գյուղերը:

- Ալավերդի խոշորացված համայնքի մեջ էլ մտնում են սահմանային Ջիլիզա, սողանքային Կաճաճկուտ, Հաղպատ, կիսաքանդ Ծաղկաշատ, Աքորի և Ալավերդի բնակավայրերը:

- Տեսեք մեխանիզմը ոնց է. սկզբից մեզ ասում են` դուք տվեք առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը: Երբ մարզի առաջնահերթ խնդիրների ծրագրերը տվեցինք, գումարը կազմեց 2,5 միլիարդ դրամ: Այն ժամանակ ես մարզպետի տեղակալ էի: Բնականաբար 2,5 միլիարդ չէր ֆինանսավորվի, և մենք այդ ծրագրերից ընտրեցինք ամենահրատապները: Կանգ առանք դպրոցների ջեռուցման և խմելու ջրամատակարարման, որոշ դեպքերում ոռոգման ջրագծերի խնդիրների վրա: Այդ սկզբունքն է գործել: Համաձայն եմ ՝ Ալավերդի համայնքի դեպքում բաշխման համաչափությունը չի ապահովված: Ես կոնկրետ դա արդարացի չեմ համարում: Այս տարվա ընթացքում, եթե կառավարության կողմից լինի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման նման ծրագիր, գործելու է մեկ սկզբունք՝ որևէ համայնքի նկատմամբ առանձնակի մոտեցում չի լինելու:

- Դուք սահմանային Ջիլիզայում եղել ե՞ք:

- Չեմ եղել, բայց առաջիկայում կլինեմ:

- Չ՞եք կարծում, որ համայնքի ղեկավարներին պետք է ուսուցանել կառավարման հմտություններ:

- Երկրում փոփոխություններ են արվում: Նոր օրենքում հնարավորություն է տրվելու, որ ավագանու անդամները 2/3-ով անվստահություն հայտնեն համայնքապետին: Մենք ունենք ավագանու նույնպես վատ ինստիտուտ: Երբ ես հարց եմ տալիս համայնքապետին, թե ինչպես եք աշխատում ավագանու հետ, ինքը պատասխանում է. «Հա, ոնց ասեմ, էնենց էլ կանեն»: Այսինքն մենք ավագանի չունենք: Համայնքի ղեկավարին հակակշիռ որևէ մեխանիզմ չունենք:

- Խնդրում եմ անդրադառնանք Ալավերդու պատկերասրահի շենքի շուրջ ստեղծված վիճակին: Չե՞ք կարծում, որ շենքը պատկերասրահին հանձնվելու համար Դուք «Հայէկոնոմբանկ»-ի սեփականատերերի հետ պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեք:

- Հիմա պատկերասրահի շենքի խնդիրը ուսումնասիրվում է մարզի քննչական մարմինների կողմից: Ես մարզի դատախազի հետ այլ խնդիրներով վաղը պետք է հանդիպեմ: Նախ կտեղեկանամ, թե ինչ պրոցեսում է նախաքննությունը, և ինքը ինչ կարծիքի է, հետո կփորձենք քայլեր ձեռնարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter