HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանացի Յուրա Ավետիսյանը. հայ սպան նրան 77 տարի առաջ բերեց Գյումրի

82-ամյա Յուրա Ավետիսյանը ազգությամբ գերմանացի է: Նրա իրական անուն-ազգանունը Հանս Ռաուխբերգեր է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան ռմբակոծությունից փրկել եւ իր հետ Հայաստան է բերել գյումրեցի սպա Արտյոմ Ավետիսյանը: Վերջինս 4-ամյա գերմանացուն իր ազգանունն ու նոր անուն է տվել։

Յուրա Ավետիսյանը ծննդավայրից շատ բան չի հիշում: Ասում է, որ ծնողների՝ Մանֆրեդ եւ Յուլիանա Ռաուխբերգերների հետ ապրել է Գերմանիայի Բոն քաղաքում։

«Երբ անգլիացիներն ու ամերիկացիները սկսեցին ռումբեր գցել քաղաքի վրա, փողոցում էի, խաղում էի երեխեքի հետ, 4-5 տարեկան տղա էի, հետո մի մարդ եկավ ձեռքս բռնեց, տարավ»,- պատմում է Յուրա Ավետիսյանը: Հիշում է, որ Հայաստան են հասել բեռնատար գնացքով։

Յուրայի մանկությունն անցել է Գյումրիում, հայ ծնողները շուտ են մահացել, 8-րդ դասարանից տեղափոխվել է Երեւան:

Գերմանացի տղայի հետ Արտյոմ Ավետիսյանը Հայաստան է բերել նաեւ Ռաուխբերգերների տնից գտած փաստաթղթեր, նկարներ, սակայն փաստաթղթերը ոչնչացվել են։

«Երբ ինձ բանակ էին զորակոչում, կանչեցին, ասացին, որ փաստաթղթերը պետք է ոչնչացվեն, որպեսզի ինձ շպիոն չհամարեն ու Սիբիր չաքսորեն։ Իմ դիմաց փաստաթղթերը պատռեցին»,- ասում է Յ. Ավետիսյանը։

Հիմա Գերմանիայից հուշ մնացած միակ իրը վզի արծաթե խաչն է։

Գերմանացի ծնողներին, հարազատներին փնտրելու համար Յուրան դիմել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն, սակայն հայտնել են, որ Բոն քաղաքի այդ թվականների արխիվը այրվել է։ Նույն պատասխանն են ստացել նաեւ Գերմանական Կարմիր խաչից։

Յուրա Ավետիսյանը մասնագիտությամբ ջութակահար է, սովորել է Կոնսերվատորիայում, որն ավարտելուց հետո 30 տարի աշխատել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Հիմա ջութակահարն աշխատում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում։

Ապրում է կնոջ՝ Ռուզաննայի հետ, նրա հետ հանդիպել են արտահամալսարանական դասախոսություններից մեկի ժամանակ, թեեւ տարիքային տարբերությունը մոտ քսան տարի է, բայց առաջին հանդիպումից սիրահարվել են։

Ասում է՝ Ռուզաննայի պատճառով էլ մինչեւ հիմա Հայաստանում է եւ չի հեռացել, թեեւ դեռ Գերմանիա մեկնելու ցանկությունը կա։

Մեկնաբանություններ (1)

Աիդա
Պատիվ ունեմ ճանաչելու այս հրաշալի մարդուն և մասնագետին, թոռնուհուս ջութակի դասատուն է եղել: Երկնագույն, գեղեցիկ աչքերի խորքու ԹԱԽԻԾ էի տեսնում: Պատճառը հասկացա մի անկեղծ զրույցի ժամանակ լսելով այս պատմությունը: Առողջություն և երկար տարիների կյանք հարգարժան Յուրի Արտեմիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter