HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պետական իշխանության մարմինների համար՝ պարգևատրման միասնական կարգ․ վարչապետի աշխատակազմը ներկայացրել է որոշման նախագիծ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշում։ Այն հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում։

Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է  կանոնակարգել և միասնականացնել պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց որակյալ աշխատանքի համար, բացակայող աշխատողին փոխարինելու ժամանակահատվածի կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված փորձաշրջանը համակարգող քաղաքացիական ծառայողներին տրվող պարգևատրումների տրամադրման միասնական կարգավորումները:

Այս կարգով նախատեսված պարգևատրումները տրվում են`

  • Քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց որակյալ աշխատանքի համար՝ պարգևատրման ցուցիչների հիման վրա։

  • Փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողին՝ համակարգման ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար։

  • Անընդմեջ երկու ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար: 

Պետական մարմնի ղեկավարի, պետական մարմնի գլխավոր քարտուղարի պարգևատրումը տրվում է համապատասխան մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտի հիման վրա: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարգևատրումը տրվում է վարչապետի, Սահմանադրական դատարանի անդամների պարգևատրումը՝ Սահմանադրական դատարանի նախագահի, իսկ դատական դեպարտամենտի ղեկավարի պարգևատրումը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անհատական իրավական ակտերի հիման վրա։

Դատավորների պարգևատրման չափը որոշվում է տվյալ ամսվա համար բարձրագույն դատական խորհրդի անդամների պարգևատրման համար կիրառված տոկոսաչափերի միջինով:

Համապատասխան մարմնի (բացառությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի աշխատակազմի և վարչապետի աշխատակազմի, անկախ և ինքնավար մարմինների) ղեկավարի անհատական իրավական ակտով սահմանվում են քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական, պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պարգևատրման ցուցիչները: Հանրապետության նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում և վարչապետի աշխատակազմում աշխատողների պարգևատրման ցուցիչները հաստատում է համապատասխան աշխատակազմի ղեկավարը: Անկախ և ինքնավար մարմիններում համապատասխան հանձնաժողովի կամ խորհրդի կամ պալատի անդամների պարգևատրման ցուցիչները հաստատվում են կոլեգիալության սկզբունքով, իսկ այդ մարմիններում մյուս աշխատողների պարգևատրման ցուցիչները հաստատվում են համապատասխան մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտով: Սահմանադրական դատարանի անդամների պարգևատրման ցուցիչները հաստատվում են աշխատակարգային որոշմամբ, իսկ աշխատակազմի աշխատողների պարգևատրման ցուցիչները հաստատվում են Սահմանադրական դատարանի նախագահի անհատական իրավական ակտով:

Պարգևատրման ամսական ցուցիչները կարող են սահմանվել տարվա կամ կիսամյակի կամ եռամսյակի պարբերականությամբ: Պարգևատրման ցուցիչները սահմանվում են ըստ աշխատանքի ակնկալվող արդյունքի մակարդակի: Մարմնի ղեկավարի համար պարգևատրման ցուցիչներ չեն սահմանվում: Մարմնի ղեկավարը պարգևատրվում է, եթե տվյալ մարմնում աշխատանքի ակնկալվող արդյունքի նվազագույն մակարդակից ցածր արդյունք ունեցող աշխատողների թիվը չի գերազանցում հաշվետու ամսվա ընթացքում փաստացի աշխատած աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը:

Աշխատողի պարգևատրման չափը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ: Աշխատողի պարգևատրման չափը պետք է արտահայտվի աշխատանքից ակնկալվող և փաստացի ձեռք բերված արդյունքով:

Համապատասխան մարմնում պարգևատրման առավելագույն չափը հաստատում է մարմնի ղեկավարը, որը չի կարող գերազանցել աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսը:

Տվյալ ամսվա ընթացքում աշխատողի կատարած աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքները գնահատում է անմիջական ղեկավարը և ներկայացնում է աշխատողին պարգևատրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

Աշխատողը չի պարգևատրվում, եթե աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքի մակարդակը ցածր է աշխատանքի ակնկալվող արդյունքի մակարդակից։

Կարգապահական տույժի ենթարկված աշխատողները ենթակա չեն պարգևատրման կարգապահական տույժը ստանալու օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում:

Պարգևատրման ցուցիչների հիման վրա պարգևատրումները տրվում են ամսական պարբերականությամբ:

Պարգևատրման ցուցիչների հիման վրա հաշվարկվող ամսական պարգևատրումները յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար տրվում են մինչև հաջորդող ամսվա 15-ը, բացառությամբ դեկտեմբեր ամսվա, որի համար պարգևատրումը տրվում է մինչև դեկտեմբերի 25-ը:

Հիշեցնենք, որ E-draft.am-ը կառավարության՝ նախագծերի հրապարակման միասնական հարթակն է, և որոշումը դեռ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ուղարկվի խորհրդարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter