HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՍԴ անդամը աշխատավարձի 130%-ի չափով հավելավճար ստանալու պահանջ է ներկայացրել և դատարանում հաղթել է

Սահմանադրական դատարանի անդամ, ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը վարչական դատարանում հաղթել է նույն դատարանի աշխատակազմին: Գյուլումյանի ներկայացուցիչը դեռևս 2018թ. սեպտեմբերին հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի` իր աշխատավարձի 130 %-ի չափով, այն է՝ 840.047 դրամ, հավելավճար վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Ալվինա Գյուլումյանը, դիմելով դատարան, հայտնել էր, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց (01.07.2014) հետո պետական պաշտոնում նշանակված կամ ընտրված անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 %-ը: Միաժամանակ, օրենսդիրն անցումային դրույթներով լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման այլ կարգ է սահմանել: Ըստ որի՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանելով, որ պահպանվում է արդեն իսկ հաշվարկված՝ հիմնական աշխատավարձի 30 %-ը գերազանցող լրացուցիչ աշխատավարձը՝ պայմանով, որ կասեցվի լրացուցիչ աշխատավարձի հետագա աճը: Ըստ ՍԴ անդամի, անցումային այս դրույթը բխում է վատթարացնող օրենքը հետադարձ ուժով կիրառելու սահմանադրական արգելքից:

Ալվինա Գյուլումյանի դիրքորոշումն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորի փորձառության երկու ժամանակահատվածների՝ 1996-2003թթ. և 2014թ.-ից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում Եվրոպական դատարանի դատավորի զբաղեցրած պաշտոնը չի կարող չդիտարկվել որպես պետական պաշտոն: Հայցվոր Գյուլումյանը եզրահանգել էր, որ 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ իմ կողմից զբաղեցված պաշտոնը՝ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանում է պետական պաշտոն և այդ անցումային դրույթը կիրառելի է իր նկատմամբ:

Անցումային նորմի կիրառման դեպքում հավելավճարի չափը կազմում է հիմնական աշխատավարձի 130 %-ը՝ հաշվի առնելով, որ 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է դատավորի պաշտոնում 29 տարվա փորձառություն: Գյուլումյանը գտել է, որ իր հավելավճարի չափը կազմում է 646.000 դրամ աշխատավարձի 130%-ը, ինչը կազմում է 840.047դրամ, մինչդեռ ներկայումս վճարվում է հավելավճար աշխատավարձի 30%-ի չափով՝ 238.104 դրամ:

Վերոհիշյալի հիման վրա ՍԴ անդամը խնդրել է վարչական դատարանին պարտավորեցնել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին իրեն վճարել հավելավճար՝ իր աշխատավարձի 130%-ի չափով, այն է՝ 840.047դրամ՝ սկսած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ 2018թ. ապրիլի 9-ից:

ՍԴ աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ Ալվինա Գյուլումյանի կողմից ներկայացված պահանջն անհիմն է, նրան վճարված լրացուցիչ աշխատավարձը հաշվարկվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակվելու և պաշտոնավարումն սկսելու պահին գործող օրենսդրական կարգավորումներին համապատասխան։ Լրացուցիչ աշխատավարձը հաշվարկելու համար հիմք հանդիսացող դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի մեջ մտնող ողջ ժամանակահատվածը հաշվի է առնվել, սակայն այդ ժամանակահատվածը իր ամեն տարվա 2% հավելավճարով, գերազանցում է օրենքով թույլատրելի առավելագույն 30%։ Եթե նույնիսկ ՄԻԵԴ-ում հայցվորի գործունեության ժամանակահատվածը հաշվի չառնվի, հայցվորի դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվող հավելավճարը կգերազանցի սահմանված առավելագույն 30%։ 

Դատարանում պատասխանող կողմում հանդես եկող ՍԴ աշխատակազմի ղեկավարը հայցադիմումի դեմ առարկելով հայտնել է, որ թեև ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ժամկետը ներառվում է «դատավորի փորձառության» բովանդակության մեջ, սակայն ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնը չի հանդիսանում պետական պաշտոն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի իմաստով։ Հակառակ պարագայում Ա. Գյուլումյանը պետք է ցույց տա, թե ինչքան է եղել օրենքն ուժի մեջ մտնելու պահին իր` որպես պետական պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձի չափը, որը չէր կարող նվազեցվել, և լրացուցիչ աշխատավարձի չափը, որը նույնպես չէր կարող նվազեցվել։

Բացի այդ, պատասխանում նշել է, որ նույն հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահը 13.11.2014թ. ՍԴՆ-64 գրությամբ դիմել է վարչապետին´ Ալվինա Գյուլումյանի լրացուցիչ աշխատավարձի վերաբերյալ, որին վարչապետի 10.12.2014թ. կից գրությամբ ստացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պատասխանը: Արձանագրվել է, որ նշված օրենքի անցումային դրույթները չեն կարող կիրառվել հայցվոր տիկին Ալվինա Գյուլումյանի նկատմամբ։

Նշենք, որ գործով երրորդ անձ էին ներգրավվել Աշխատանքի և սոցիակական հարցերի, Ֆինանսների նախարարությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դատարան հայցադիմումի պատասխան չի ուղարկվել, իսկ Ֆինանսների նախարարությունն առարկել է հայցի դեպ´ պահանջելով ամբողջությամբ մերժել:

Վարչական դատարանը (նախագահող դատավոր Արծրուն Միրզոյան) հղում կատարելով օրենքներին արձանագրել է, որ Ալվինա Գյուլումյանը, որպես Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր, ինչպես և ՀՀ-ում պաշտոնավարող դատավորները, առանց որևէ խտրականության ունի օրենսդրությամբ սահմանված չափով վարձատրության իրավունք: Հետևաբար հայցը բավարարել է ամբողջությամբ` պարտավորեցնելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին Ալվինա Գյուլումյանի համար հաշվարկել և վճարել հավելավճար՝ իր աշխատավարձի` 648.000 դրամի 130%-ի չափով, այն է՝ 840,047 դրամ՝ սկսած 2018թ. ապրիլի 9-ից: 

Վճիռը օրինական ուժի մեջ չի մտել: Չի բացառվում, որ այն կբողոքարկվի վարչական վերաքննիչ դատարան:

Լուսանկարը` armtimes.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter