HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր պայքարը մտնում է նոր փուլ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Դեռ մի քանի օր առաջ այստեղ՝ կլոր բանտի վերին հարկերում, 20 և ավելի տարիներ պատիժ կրող մի քանի մահապատժի-ցմահ դատապարտյալներ, սպասում էինք, որ վերջապես իրավունքն ու օրենքը կաշխատի նաև մեզ համար: Թավշյա հեղափոխությունն էր մեզ այդ հույսը տվել, երբ դեռևս ընդդիմադիր պատգամավոր ու հեղափոխական Նիկոլ Փաշինյանն ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն հայտարարում էին՝ դատական համակարգի՝ գործադիրից կախված վիճակի ու հրահանգներով դատավճիռների մասին: Հիմա ոչնչի չեմ սպասում, պարզապես սկսում եմ պայքարի նոր փուլ: Ու առնվազն ազնիվ չէ այժմ մեզ հույս տալ, թե ցմահների համար օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում: Այդ փոփոխությունները կետ առ կետ Զարուհու հետևողական ջանքերով են մշակվել դեռ տարիներ առաջ, բայց այդպես էլ մնացել են թղթի վրա:

Արդարության հասնելու 23 տարվա պայքարի ընթացքում բախվել եմ բազմաթիվ անօրինությունների, ճնշումների, սակայն երբեք չեմ կոտրվել, այլ հակառակը`ոտքի եմ կանգնել, է՛լ ավելի համառ շարունակել իմ ճշմարիտ պայքարը: Ես հանձնվել չունեմ, հակառակը` ավելի եմ ուժեղանում, երբ կեղծիքը վախից վայնասուն է բարձրացնում: Սիրելի՛ ընթերցողներ, այսօրվանից սկսում եմ է՛լ ավելի համառ պայքար` հանուն արդարության:

Նախկին ռեժիմի օրոք, երբ սպառվել էին բոլոր ճանապարհները, և թվում էր՝ փակուղում եմ երկու ոչ բռնի, հուսահատ փախուստներից հետո, իմ կյանքում հայտնվեց Կին-Աղջիկը` Աստծո պարգևը իմ բոլոր տառապանքների դիմաց: Սեր և Արդարություն. սա է մեր պայքարի բանաձևը: Բոլոր գիտակից, ազնիվ ու իրենց մեջ Սեր ունեցող Մարդիկ այստեղ միայն բարին են տեսնում ու քաջալերում մեզ:

Երբ մեր ժողովուրդը իրականացրեց թավշյա, Սիրո հեղափոխությունը, հույս արթնացավ, որ, եթե սկզբում ոչ արդարադատությունը, ապա գոնե մարդասիրությունը իրականանալի կդառնա նոր իշխանությունների կողմից: Իմ ու ընտանիքիս միակ հույսն այն էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվելով օրենքի պահանջով, կցուցաբերի  մարդասիրական մոտեցում: Ավաղ: Նա մերժեց: Ներման հանձնաժողովի անդամը կամ անդամները կոպտորեն խախտեցին օրենքը` թիրախավորված հենց իմ հանդեպ: Ավելի պարզ ասած` այդ հանձնաժողովի անդամի(ների) կողմից Աղաջանովներին անօրեն կերպով գաղտնի տեղեկատվություն տրվեց, և բոլորիդ հայտնի մի փոքր խումբ ճնշումներ բանեցրեց վարչապետի վրա, ինչը ավատվեց անմարդկային ակտով: Ամենացավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը տրվեց այդ հակաիրավական, հակամարդասիրական պահանջին: Ինչպես 1996 թ-ին, այժմ դարձյալ կասկածելի ճնշումներով մեկ ընտանիքի կամքը թելադրվեց ներկայիս իշխանություններին: Բայց օրենքի համաձայն, ներում շնորհելիս հաշվի պիտի առնվեր ոչ թե տուժողի կարծիքը, որը վերին աստիճանի սուբյեկտիվ է և տվյալ պարագայում հակաիրավական, հակաօրինական և մարդասիրության, քրիստոնեության սկզբունքներին հակասող, այլ պետք է հաշվի առնվեր իմ 23 տարիների պատիժն ամենածանր, անմարդկային պայմաններում, ամուսնանալս ու ընտանիք կազմելը, բարձր առաջադիմությամբ 5 տարի բուհում սովորելս ու ավարտելս, տարիներ շարունակ բարեխղճորեն աշխատելը, 6 գրքերի, օրենսդրական առաջարկների հեղինակ լինելը, հասարակական ակտիվությունը և այլ ձեռքբերումներ, ինչպես նաև այն, որ ես փաստացի, երբ փախուստ եմ կատարել իմ ընկեր Սողոմոնի հետ, 32 օր ազատության մեջ ենք եղել ամենածանր պայմաններում, սակայն ո՛չ փախչելիս, ո՛չ էլ ազատության մեջ որևէ զանցանք չենք կատարել:

Երբ Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր, այցելեց ցմահ ազատազրկվածներին, հանդիպեցինք իմ խցում, և իրավական տեսակետից հիմնավորված ներկայացրեցի առկա խնդրները, հնարավոր լուծման տարբերակները առհասարակ մահապատիժ-ցմահ ազատազրկման անցման և 2011թ. մայիսին կատարված օրենսդրական փոփոխության վերաբերյալ, որով 15 տարվա ազատազրկման շեմը բարձրացվեց մինչև 20 տարի: Այդ փոփոխության պատճառը նա էր, որ դատարանները չհիմնավորված և անարդար խիստ`ցմահ ազատազրկման պատիժներ էին նշանակում: 2011 թվականից ի վեր՝ 8 տարվա ընթացքում ընդամենը 4 անձ է ցմահ ազատազրկման դատապարտվել, այն պարագայում, երբ մինչ այդ միայն մեկ տարվա կտրվածքով 4-5 մարդու գնդակահարության, այնուհետև ցմահ ազատազրկման էին դատապարտում: Այս օրենքը ակնհայտ կերպով ցմահներիս համար մեղմացնող էր և այն անկասկած հետադարձ ուժ պետք է ունենար: Փաշինյանը համաձայնեց իմ բոլոր հիմնավոր փաստարկներին, խոստացավ բարձրացնել այս հարցերն ԱԺ-ում: Այո՛, այն ժամանակ նա չուներ այն ուժը, որով կարողանար հանրապետական օրենսդիր մարմնում արդար օրենքներ ընդունել: Այսօր նա այդ ուժը ստացավ հեղափոխություն իրականացրած ժողովրդի կողմից, և հեղափոխության ժամանակ իմ ընտանիքը, ինչպես նաև ինձ ներում շնորհելու մարդասիրական խնդրանքով նրան դիմած 60 պատկառելի Մարդիկ` իրավապաշտպաններ, արվեսագետներ, մտավորականներ նաև փողոցներում էին հեղափոխություն իրականացնում նրա համար, որ տարիներով չլուծված խնդիրները իրավունքի ուժով լուծվեն, որ օրենքի առաջ հավասարություն լինի:

 

Բայց մեր դատարաններում որևէ հեղափոխություն չի կատարվել մինչ օրս: Վարչապետը ոչ վաղ անցյալում հայտարարում էր, թե դատական համակարգը թաղված է եղել կոռուպցիայի մեջ, դատարանները կատարել են հրահանգներ: Ի՞նչ է փոխվել այսօր: Անազնիվ, կոռումպացված դատավորները չկա՞ն այլևս: Ավելին` որևէ քննիչ, դատախազ, դատավոր նախկինում արդարադատության դեմ գործած հանցագործությունների համար պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ Զարուհին և ես գործնականում հեղափոխություն ենք անում դատաիրավական ոլորտում արդեն երկար տարիներ: Բայց երբ մարդ գլուխը բարձր, հպարտ պայքարում է և պահանջում արդարություն, ապա նրան շատ քչերն են հասկանում և ընդունում: Փոխարենը՝ գեբելսյան մեթոդներով`սուտ և կեղծիք տարածելով, փորձ է արվում մեզ` իմ կնոջն ու ինձ մեղադրել ստի և կեղծիքի մեջ: 23 տարի շարունակ Ձեզ հրամցնում էին սուտը այս քրեական գործի վերաբերյալ. ամենավառ սուտն այն էր, թե, իբր, Իոսիֆի դին մասնատվել է: Այս սուտը համառորեն տարածում էին, նաև բժշկական համալսարանի ուսանողների շրջանում: Ովքե՞ր էին տարածողները՝ այսօր բոլորդ իմացաք: Ինչու՞ էին այդպես անում, որպեսզի իմ դեմքին հրեշի դիմակ հագցնեն և ազդելով Ձեր զգացմունքների վրա` հետ պահեն արդար դատաքննության պահանջից: Թիրախավորեցին նախ և առաջ կնոջս, քանի որ հենց նա ջրի երես հանեց ճշմարտությունը նախ Սողոմոնի գործով, հետո Արթուր Մկրտչյանի գործով նոր երևան եկած հանգամանքներ բերեց, հետաքննեց բազմաթիվ գործեր, այնուհետև նաև իմ գործով ջրի երես հանեց փաստերը` Ձեզ ներկայացնելով իրողությունը՝ թե՛ դիակի մասնատված չլինելու, թե՛ նարկոտիկների հետքը, որի մասին վկայություններ կան քրեական գործում, թե՛ հատաքննության մարմնի և դատավորի ակնհայտ կեղծիքները` դանակի հարվածների, դրա վրայի հետքերի և այլնի վերաբերյալ: Այժմ մասնատելու մասին սուտը փոխարինել են հերթական այլ ստով, թե, իբր, Արամի համար էլ են պահանջել մահապատիժ: Քրեական գործում պահպանված է տուժողի օրինական ներկայացուցչի դատաքննական ցուցմունքի արձանագրությունը, որը Զարուհին ընթերցեց անգամ, երբ հարցազրույց էր տալիս Պետրոս Ղազարյանին: Աղաջանովները հենց դատավճռով իրենց որդու կոկորդը կտրող-սպանող Արամ Հարությունյանի համար ոչ միայն մահապատիժ չեն պահանջել, այլ առհասարակ ոչ մի պատիժ չեն պահանջել:

Գնանք առաջ՝ հենց Զարուհին գտավ և ցույց տվեց այն, որ նույնիսկ երբ Արամը հորինել էր քննադատության չդիմացող շահադիտական նպատակով սպանության վարկածը, Աղաջանովը գրավոր դիմել էր գլխավոր դատախազին` պահանջով` կատարել բազմակողմիանի, օբյեկտիվ քննություն, քանի որ չէր հավատացել այդ աբսուրդ վարկածին: Սակայն հենց Արամի հորեղբայրը և հայրը, այդ նամակից հետո, հանկարծ տվել են նոր ցուցմունքներ, այն մասին, որ բժշկական համալսարանի մոտ ինչ-որ մարդիկ ձեռքից ձեռք փոխանցել են դիպլոմատ, որը թաքցրել են թփերի տակ և որի մեջ ցելոֆանով փաթեթավորված եղել է սպիտակ փոշի, հավանաբար թմրանյութ ու հենց դրա հետ է կապված Իոսիֆի սպանությունը: Ահա այս ցուցմունքներից հետո` հայր Աղաջանովն այլևս Արամի անունը չի տվել և օբյեկտիվ քննության մասին իր պահանջը չի պնդել: Թմրանյութերի մասին ցուցմունքներն էլ քննիչի և դատարանի կողմից առհասարակ անտեսվել են: Ու նրա այս դիրքորոշումը շարունակվում է մինչ օրս:

Մարդկության պատմության ընթացքում անընդմեջ պայքար է տեղի ունենում չարի և բարու, կեղծիքի ու ճշմարտության, արդարի ու անարդարի միջև, և այդ պայքարը արտացոլված է նաև բազմաթիվ էպոսների ու հեքիաթների մեջ: Հիշում եմ իմ  մանկության սիրած «Ալվան ծաղիկը» հեքիաթը, որտեղ կախարդը հրեշ է դարձնում արքայազնին, որ ոչ մեկը չմոտենա նրան: Իսկ խիզախ ու բարի Նաստինկան, որ տեսել էր այդ «դիմակի» հետևում թաքցված արքայազնի հոգին, չհանձնվեց, այլ պայքարեց չարի դեմ և բոլորին ցույց տվեց ճշմարտությունը: Սիմվոլիկ է նաև մեր այս պայքարը կեղծիքի ու ճշմարտության, արդարի ու անարդարի, բարու ու չարի միջև: Տեսեք՝ անարդարն ունի բազում լծակներ, ուժեր, ստոր մեթոդներ, բայց միևնույնն է`արդարը հաղթում է: Այսօր  նորից անգիր արած ձևով փորձում են ինձ հրեշի դիմակ հագցնել: Իսկ Սերը, որն ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈՒԺ է, մարդկության պատմության ընթացքում միշտ էլ թիրախավորվել է չար մարդկանց կողմից: Հին հունական դիցաբանության մեջ ասված է, որ կինն ու տղամարդը պետք է թաքցնեն իրենց Սերը, քանի որ նրանք դառնում են նախանձի թիրախ:

Տարիներ առաջ բանտում հայթայթել էի փիլիսոփա Էպիկտետի աշխատություններից: Նրան պահում էին ստրկության մեջ և ճշմարտությունն ասելու համար ջարդել էին ոտքը: Նա շարունակում էր խոսել, և նրան կանգնեցրել էին բոլորի առջև ու փայտով հարվածում էին ջարդված ոտքին, որ ստիպեն լռել: Բայց նա հանգիստ ասում է.

-Ջարդելով իմ ոտքը ու շարունակելով հարվածել այդ ոտքիս՝ դուք ինքներդ ձեզ եք նվաստացնում, ոչ թե ինձ, դուք սպանում եք ձեր ներսի մարդուն:

Սիրելի՛ Մարդիկ, ուշադի՛ր եղեք, իմաստո՛ւն եղեք, հիշե՛ք`չարը միշտ ստոր մեթոդներով է գործում և, ամենակարևորը, հենց չարին է բնորոշ գնալ Սիրո դեմ, վարկաբեկել մարդկանց Սերը`ամենավեհ զգացմունքը:



Մեկնաբանություններ (1)

Զորիկ Պողոսյան
Կարեվոր չէ թե քանի անգամ էս ընկնում, կարեվորն այն քանի անգամ էս բարձրանում: Աստված ձեզ պահապան եվ օգնական; միայն սիրելով կարել է փշրել բոլոր պատնեշները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։