HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Արյունոտ, կեղտոտ «Արզնի»-ի ձվեր՝ առանց ժամկետի և մակնշման․ ընկերության ներկայացուցիչն ասում է՝ իրենց ապրանքը չէ

Այսօր «Հետք»-ի ընթերցողներից մեկը մեզ հայտնել է, որ Էջմիածնի խանութներից մեկում վաճառվում են առանց արտադրման և պիտանելիության ժամկետի «Արզնի» ապրանքատեսակի ձվեր։ Ավելին, դրանք կեղտոտ են, արյունոտ, իսկ մի քանիսի վրա կա հավի ծերտ։

Պիտանելիության ժամկետի վերաբերյալ մեր ընթերցողի հարցին խանութի աշխատակիցները պատասխանել են, որ ապրանքը «թարմ է, երեկ են ստացել»։

Խանութում եղել է մոտ 10 նմանատիպ տուփով ապրանք (տուփում՝ 6 ձու)։

«Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»՝ 2011թ. սեպտեմբերի 29-ի կառավարության N 1438 Ն որոշման համաձայն՝ ձվերը լինում են երկու տեսակի՝ Ա և Բ։

Ա կարգի ձվերը նախատեսված են մարդու կողմից անմիջական սպառման համար, իսկ Բ կարգի ձվերն օգտագործում են սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում, քաղցրավենիքի արտադրամասերում և այլն։ Ա կարգի ձվերի յուրաքանչյուր միավորի վրա պետք է լինի մակնշում։

«Արզնի» անվանումով վաճառվող ձվերը մակնշված են՝ իբրև «Թարմ ձու», ըստ նույն՝ N 1438 Ն որոշման ստացվում է, որ այն Ա դասի ձու է, այսինքն՝ «I առաջին» կամ «Էքստրա» տեսակի։ 

Մակնշման մեջ նաև գրված է, որ ձվերի պահպանման ժամկետը 0-20° C ջերմաստիճանում 7 օր է՝ «դիետիկ ձվի» դեպքում և -25 օր՝ «սեղանի ձվի» դեպքում, իսկ թե տուփի մեջ ինչ տեսակի ձու է, հայտնի չէ, քանի որ ձվերի վրա գրություն չկա։

Բացակայում է նաև որևէ ամսաթիվ՝ «Պիտանի է մինչև ․․․» գրության հատվածում։

Դարձյալ ըստ նույն որոշման՝  ձվերի կճեպը պետք է լինի մաքուր, առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի և բծերի․

«Աղտոտված կճեպով ձվերը ենթակա են թռչնաբուծարանում լվացման` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով թույլատրված սինթետիկ լվացող միջոցներով: Լվացված ձվերը պետք է տեսակավորվեն առանձին»,- նշված է N 1438 Ն որոշման մեջ։ 

«Չեն թույլատրվում իրացման այն ձվերը և ձվամթերքը, որոնք․․․ 3) չունեն․․․անհայտ պիտանելիության ժամկետ

4) չունեն մակնշվածք արտադրանքի յուրաքանչյուր միավորի (չփաթեթավորված ձվի համար) վրա կամ սպառողական տարայի, պիտակի, մանեկապիտակի, թերթ-ներդրակի և (կամ) ուղեկցող փաստաթղթերի մեջ (փաթեթավորված արտադրանքի համար) բացակայում է տեղեկատվությունը»

մեջբերում 1438-Ն որոշումից

Բացի կառավարության որոշմանը չհամապատասխանելը, ապրանքը խախտում է ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդային արտադրանքի անվտանգության մասին»),  ՄՄ ՏԿ 022/2011  («Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով») տեխնիկական կանոնակարգերի պահանջները, ինչպես նաև՝  «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը՝ ինչպես մակնշման, այնպես նաև՝ անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման մասով։

«Արզնի» թռչնաբուծարանի ներկայացուցիչ Վահեն, ով ներկայացավ որպես ընկերության մարկետոլոգ, մեզ հայտնեց, որ չնայած որ ձուն տուփերում մարդիկ են դասավորում, բայց անհնար է, որ իրենք կեղտոտ և ոչ մակնշված ձու հանեն վաճառքի։

«Ես զարմացա․ մեր մոտից էդպիսի ձվեր դուրս չեն գալիս։ Լավ է, որ հայտնեցիք, կիմանանք՝ ով է մեր անվան տակ էդպիսի ձու վաճառում։ Մենք չունենք ձու, որ մակնշված չլինի։ Մենք պահեստից ի սկզբանե դուրս չենք թողնում ոչ մի հատիկ ձու՝ առանց մակնշման»,- ասաց նա։

Մեր այն հարցին՝ բացառում է արդյոք, որ խանութում հայտնված և նման խախտումներ ունեցող ձվերն իրենց ընկերության ձվերը «Արզնի» ընկերության ձվերն են, մարկետոլոգը վստահորեն երաշխավորեց որ այո, «առանց մակնշման ձու իրենք չունեն»։

Նա նաև կասկած հայտնեց՝ հնարավոր է, որ իրենց ապրանքն ուղղակի կեղծում են՝ խնդրելով հայտնել խանութի հասցեն՝ ստուգելու՝ իրենց ապրանքն է իսկապես մատակարարվել, թե ոչ։

«Շատ հնարավոր է, որ տուփերը հին տուփեր լինեն, փողոցից էժան ձու առնեն, դնեն տուփի մեջ ու խանութում վաճառեն, բայց տուժի «Արզնի» թռչնաբուծարանը, որ չի մակնշել ձուն։ Ամեն ինչ հնարավոր է,»,- եզրափակեց նա։ 

Խանութի տնօրենը մեզ հետ զրույցում, սակայն, հաստատեց, որ իրենք աշխատում են «Արզնի» թռչնաբուծարանի հետ և ձուն իրենցից են վերցնում՝ հավելելով, որ այսօր ձվի բաժնի աշխատակիցներից մեկի ծնունդն է եղել, մակնշման մասով, գուցե, մի փոքր անուշադիր են եղել։ Նա նաև հայտնեց, որ կխոսի ընկերության ներկայացուցիչների հետ՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար։

Նշենք, որ «Արզնի» ընկերության մարկետոլոգի հետ զրույցից հետո մենք այցելել ենք խանութ, սակայն ապրանքերն արդեն ցուցափեղկից հանված էին։ 

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս, եթե կոնկրետ խանութի հասցեն մենք ընկերության ներկայացուցչին չէինք հայտնել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter