HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում բարդին ընկել է ավտոմեքենայի վրա. քաղաքացին փոխհատուցում է պահանջում

Ալավերդիում խիստ վթարային վիճակում գտնվող և տապալման ենթակա 170 ծառ կա: «Ծառերի մի զգալի մասը մանկապարտեզների մոտ կամ այլ վտանգավոր տեղեր են: Դիմել ենք, որ մեզ մեթոդական ցուցում տան, թե մենք աշխատանքերը ում հետ կազմակերպենք: Չեմ էլ հասկանում Սովետական Միության ժամանակ, երբ հնարավոր էր ավելի լավ ծառատեսակներ քաղաքում դնել, բերել են բարդիներ են դրել: Դրանք էլ ինչքան ուղիղ են, վտանգավոր, այնքան էլ դեպի ներքև: Ներքին ցանցի բոլոր խցանումների պատճառը այդ բարդիներն են»,- դժգոհում է Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը:

Բարդին աղտոտումների հանդեպ առավել դիմացկուն ծառատեսակ է (կանադական, բալզամիկ, բեռլինյան): Վթարային ծառերի մեծ քանակը վկայում է, որ Ալավերդում հետխորհրդային տարիներին ոչ միայն ծառերը անխնամ են մնացել, այլ նոր ծառատունկ չի կատարվել: «Մայթերում ենք մի քանի անգամ ծառ տնկել, բայց չեն կպել»,- ասում է համայնքի ղեկավարը:

Փետրվարի 7-ի կեսօրին Ալավերդու Խուդյակով փողոցի գեղարվեստի դպրոցին հարող տարածքի շուրջ 50 մետր բարձրությամբ 5 բարդիներից մեկն ընկել է Խուդյակով 46 տան բնակիչ Արկադի Մղդսյանի OPEL ZAFIRA մակնիշի  ավտոմեքենայի վրա:

«Ավտոմեքենան 2001թ.-ի արտադրության է, մեկ տարի չկա, որ գնել եմ»,- դեպքի վայրում ասաց Արկադին:  

Ընկած ծառը փտած էր: Դեպքից հետո Արկադին դիմել է համայնքապետ Սասուն Խեչումյանին և փրկարարներին: Խեչումյանը խուսափել է դեպքի վայրում  ավտոմեքենայի տիրոջը որևէ խոստում տալ, պայմանավորվել են փետրվարի 8-ին հանդիպել համայնքապետարանում: Արկադի Մղդսյանի խոսքով՝ մասնագետի եզրակացությամբ իր ավտոմեքենայի վնասը կազմել է մոտ 500 հազար դրամ.

«Սա բնական աղետի հետևանք է, բայց հաստատ դեպքը կատարվել է ինչ-որ մեկի իր աշխատանքը ոչ պատշաճ կատարելու պատճառովԱկնհայտ է, որ այս ծառը փտած է և ժամանակին պետք է կտրվեր ու վերացվեր վթարային վիճակը: Փառք Աստծո, մեքենայի մեջ մարդ չի եղել: Ճիշտ է՝ ինձ նյութական վնաս է պատճառվել, բայց այս վտանգավոր բարդիների կողքին գտնվում է գեղարվեստի դպրոցը, որտեղ միշտ երեխաներ են ելումուտ անում: Հնարավոր է այս ծառերից մեկը ընկներ դպրոցի, կամ փողոցով անցող բնակիչների վրա: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե այդ դեպքում ինչ կարող էր լինել»,- ասաց Արկադին:

Վերջինս որոշել էր համայնքապետին հանդիպելուց հետո պլանավորել ավտոմեքենայի վնասի փոխհատուցման իր հետագա անելիքը: Հաջորդ օրը՝ հանդիպմանը, համայնքի ղեկավարը հրաժարվել է փոխհատուցել քաղաքացու վնասը, սակայն Մղդսյանը պնդում էր, որ Ալավերդու համայնքապետարանը պարտավոր էր ժամանակին հատել վտանգավոր ծառերը և ապահովել մարդկանց և քաղաքի տրանսպորտային միջոցների անվտանգությունը:

Ալավերդի համայնքի «Բարեկարգում» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Կիրակոսյանը հայտնեց, որ ինքը ծառերի անվտանգության ապահովման պատասխանատվություն չի կրում: Սասուն Խեչումյանը մեզ հետ զրուցելիս նշեց, թե քաղաքացու ասելով՝ չի կարող հասկանալ նրա ավտոմեքենային վնասի չափը: Նշեց, որ վթարային ծառերի տապալվելու մի քանի դեպք էլի են եղել՝ մի անգամ Ալավերդու հիվանդանոցի մոտ, մի անգամ Բաղրամյան թաղամասում, մի անգամ էլ Երիտասարդական փողոցում: Ս. Խեչումյանը վստահ էր, որ այդ 4 դեպքով վթարային ծառերի տապալվելը չի սահմանափակվելու:

Ընկած ծառերը նաև համայնքապետարանին են վնաս պատճառել՝ լարեր է կտրել, սյուներ է վնասել: Սասուն Խեչումյանի խոսքով՝ համայնքապետարանը իր միջոցներով վնասը վերականգնել է: Իսկ ինչ վերաբերում է այս դեպքին, համայնքապետն ասաց, որ տվյալ դեպքում քաղաքացի Ա. Մղդսյանի դիմումի իրավական մասը չի հասկանում և չի պատկերացնում, թե վնասը ինչպես է փոխհատուցվելու:

Արկադի Մղդսյանը պատրաստվում է դիմել դատարան՝ ավտոմեքենային պատճառած վնասը վերականգնելու պահանջով:

«Ծառը հենց համայնքապետարանի սեփականությունը չէ, որպեսզի մենք գույքի պատճառած վնասով վերականգնենք: Դա հանրային ծառ է, բոլորիս ծառն է: Հիմա եթե քաղաքապետարանը կտրեր, հանրությունը կասեր՝ խի է քաղաքապետը կտրել: Ո՞վ կարող է անզեն աչքով հասկանալ՝ այդ ծառի մեջը փտած է, թե՝ ոչ»,- ասաց համայնքապետը:

«Բարդին հատման ժամկետ չունի: Բարդին ընդհանրապես ներսից փտող ծառ է: Կարող է ջահել ժամանակ էլ փտել: Հաշվի առնելով Ալավերդու էկոլոգիական վիճակը՝ համայնքապետարանի համապատասխան բաժինը ամեն տարի հրավիրելու է մասնագետ, ուսումնասիրելու ծառի առողջական վիճակը, ըստ որի՝ պետք է որոշվի՝ բարդին կտրելու է, թե՝ ոչ: Ոչ մասնագետ, խելքահաս մարդն էլ կարող է հասկանալ ծառը հիվանդ է, թե ոչ: Հիվանդ, փտող բարդին գարնանը չի կանաչում»,- բացատրեց երկար տարիներ «Ջիլիզա» և Լալվար» անտառտնտեսությունների անտառապետ եղած Սերգեյ Շախկյանը:

Սասուն Խեչումյանն էլ հակադարձում է, որ համայնքապետարանը չի կարող սեփական ուժերով հատումները կազմակերպել.

«Դրանք որոշ դեպքերում արտակարգ իրավիճակային ծառեր են: Մեծ ծառերի մասնագիտական էտումը 50-60 հազար դրամից անցնում է: Եթե մենք ունենք 160 ծառ, շուրջ 10 մլն դրամի մասին է խոսքը:  Գումարները ծախսելիս մենք պետք է մրցույթներ հայտարարենք»,- ասաց Սասուն Խեչումյան:

Համայնքապետը չի մեղադրում Արկադի Մղդսյանին, որ նա փոխհատուցում է պահանջում իրենցից, սակայն միևնույն ժամանակ պնդում է, որ «ֆորս մաժորային» իրավիճակի հասցրած վնասը համայնքապետարանը չի կարող փոխհատուցել:

«Եթե մեր բանվորը գործ անելիս տար, ավտոմեքենան ջարդեր, բնականաբար, կհասկանայինք, որ մենք մեր աշխատանքային գործունեության ընթացքում վնաս ենք պատճառել, կփոխհատուցեինք, բայց տվյալ դեպքում ֆորս մաժորային իրավիճակ է»,- ասաց Ս. Խեչումյանը:

Վերջինս ասում է, որ տապալման եզրին գտնվող ծառերի հարցը լուծելու համար գումարի խնդիր չկա, և այստեղ մասնագիտական էտում կատարելու հարցն է.

«Ենթադրենք ես ունեմ 10 մլն դրամ, ես այդ ձևի կազմակերպության տեղ չգիտեմ, որ մասնագիտական առումով կարողանամ պատվիրել, չգիտեմ՝ մրցույթ հայտարարեմ, նախագիծ կազմեմ, ու դա ինչ արժե: Մենք հաշվառել ենք՝ եթե մի նախագծող կարողանա մեր պատվերը կատարել, գա 170 ծառն էլ հերթով ուսումնասիրի և մի ծառի համար կարող է անհրաժեշտ լինի ԶԻԼ մակնիշի կռան, որի մեկ ժամն արժե 30 հազար դրամ»,- ասաց Սասուն Խեչումյանը:

Անտառապետ Սերգեյ Շախկյանը մեզ հայտնեց, որ ծառերի առողջական վիճակը ստուգելն առանձնապես մեծ գումարների հարց չէ, կարելի  է նույնիսկ անվճար անել:

Մեկնաբանություններ (1)

Մինաս
Գործը շատ պարզ է ֊ ապահովագրությունը մեքենան սարքում է, հետո գործ է բացում քաղաքապետարանի վրա, իր ծախսը հետ ստանալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter