HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձվի շուկայում մրցակցային օրենսդրության խախտման դեպքեր չեն բացահայտվել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր հրապարակեց ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքները, որը սկսվել էր Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին՝ մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրված իրացվող ձվի ծավալների նվազման առնչությամբ:

Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը, տոնական օրերին՝ դեկտեմբերի 28-ից 31-ը մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրել էր, որ չնայած պահանջարկի առկայությանը, օրվա որոշակի ժամերի հավկիթի ցուցափեղկերը փաստացի դատարկ են: Քանի որ այս շուկայում կան խոշոր տնտեսվարողներ, ապա, ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու համար Հանձնաժողովը դիմել է վերջիններին ՝պահանջելով ներկայացնել տեղեկատվություն ձվի արտադրման եւ իրացման ծավալների, ինչպես նաեւ գնային քաղաքականության, վերաբերյալ։ Պահանջվող տեղեկատվությունը  ամբողջությամբ ստացվել է, որի ուսումնասիրությունից պարզվել է հետևյալը.

Խոշոր ընկերությունների արտադրական ծավալներն աճել են 12 տոկոսով

Ձվի արտադրության ոլորտում խոշոր ընկերությունների համեմատական մասնաբաժիններով առաջատար են «Արաքս Թ/Ֆ» (50 տոկոս), «Աշտարակ ձու» (23 տոկոս) «Լուսակերտ» (15 տոկոս) և «Արզնու տոհմային ԹՏԽ» (12 տոկոս) ընկերությունները։ Նշված ընկերությունների կողմից 2018 թվականին արտադրվել է 192.8 միլիոն հատ ձու ինչը շուրջ 12 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա  ցուցանիշը։  Քանի որ պահանջարկի նվազման խնդիրը առաջացել էր 2018 թվականի դեկտեմբերին, ապա ընդգծենք, որ միայն այդ ամսում արտադրվել է շուրջ 18.3 միլիոն  հատ ձու՝ նախորդ տարվա 15.8 միլիոնի  փոխարեն։

Բացի վերոնշյալ խոշոր ընկերություններից, տվյալ ոլորտում գործունեություն են իրականացնում նաև շուրջ 20 փոքր և միջին ընկերություններ:

Արտադրական ծավալների աճին զուգահետ տեղի է ունեցել ներմուծման ծավալների կտրուկ նվազում

Հանձնաժողովը գրությամբ դիմել է նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությանը՝ ներկրված խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:  Ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ  2018-ին տեղի է ունեցել ներկրված ձվի ծավալների խիստ էական նվազում: Այսպես. 2017 թվականի ընթացքում ներմուծում իրականացնելու համար եղել է  35 ներմուծման հայտ, որից բավարարվել է 25-ը։ Մինչդեռ 2018 թվականին առկա 25 հայտերից  բավարարվել է ընդհամենը 1-ը: Այսինքն, փաստացի մերժվել է ներկրման 24 հայտ, ինչի արդյունքում  նախորդ տարիների շուրջ 9 միլիոն ձվի փոխարեն, 2018-ին    ներմուծվել է ընդամենը  302 հազար 400 հատ ձու: Արդյունքում, եթե 2017-ի  դեկտեմբերին շուկա է  հանվել շուրջ 29 միլիոն հատ, ապա 2018-ի դեկտեմբերին այդ ցուցանիշը նվազել է շուրջ 3 միլիոնով, ինչն էլ Ամանորի նախաշեմին վաճառքում առկա  ծավալների որոշակի խնդիր է առաջացրել։

Չնայած առաջարկի նվազմանը, գնային էական փոփոխություններ չեն արձանագրվել

Հանձնաժողովը կատարել է նաև գնագոյացման ուսումնասիրություններ,  պարզելու՝ արդյոք  առաջարկի նվազումը հանգեցրել է գնի փոփոխության: Համադրված տվյալները փաստում են, որ  ինչպես խոշոր արտադրողների, այնպես էլ խոշոր առևտրային ցանցերի մոտ էական գնային փոփոխություններ չեն արձանագրվել: Բացառապես ձվի որոշ տեսակների գծով ( N 03 խոշոր ) արձանագրվել է գների բարձրացում՝ 3-5 դրամի սահմաններում:

Մրցակցային օրենսդրության խախտման դեպքեր չեն բացահայտվել

Ըստ Հանձնաժողովի գնահատականի, տոնական օրերին արձանագրված խնդրի հիմնական պատճառը առավելապես պայմանավորված է եղել ներմուծման ծավալների զգալի կրճատմամբ, ինչն էլ պահանջարկի կտրուկ աճին զուգահեռ հանգեցրել է վաճառքի ծավալների նվազման:  Ուսումնասիրության ավարտի պահին խոշոր արտադրողների և մանրածախ սուպերմարկետների կողմից մրցակցային օրենսդրության խախտման և չարաշահման դեպքեր չեն բացահայտվել: Այնուամենայնիվ Հանձնաժողովը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել բարձր կենտրոնացվածություն և սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաները՝ հակամրցակցային երևույթների կանխարգելման և հնարավոր չարաշահումների բացահայտման նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter