
Մոսկվայում քննարկվեց Թեղուտի անտառների ոչնչացման խնդիրը. Հայաստանը կկորցնի 15,4 մլրդ դոլար
Հունվարի 27-ին, հայ երիտասարդների կանչին ի պատասխան, ռուսաստանաբնակ երիտասարդները հավաքվեցին՝ քննարկելու Թեղուտի անտառների ոչնչացման հարցը: Էկոլոգիական ակցիան, ի պաշտպանություն հիասքանչ անտառի, բացառիկ և վերացող բուսատեսակների, կենդանատեսակների, չէր կանխատեսում ոչ լեփ-լեցուն դահլիճ, ոչ առանձնապես սուր հարցեր և բանավեճեր:
Բացի դրանից՝ կազմակերպիչները հայտարարեցին, որ կողմ են անտառի պաշտպանությանը, ոչ թե դեմ են ինչ-որ մեկին, ու որևէ քաղաքական պահանջ առաջ չեն քաշում, առավել ևս թույլ չեն տա վիրավորանքներ հնչեցնել Հայաստանի իշխանությունների հասցեին:
Նկատի ունենալով դեմագոգների սերը՝ վերածել կառուցողական քննարկումը ֆարսի և անտեղի քաղաքականացման՝ կազմակերպիչները նախապես կազմել էին ելույթների ծրագիրը, նախապատրաստել էին փաստաթղթերից մեջբերումներ, տեսանյութեր և լուսանկարներ:
Պարզվեց՝ այդ ամենն ապարդյուն չէր արված: Առաջին անակնկալը մասնակիցների կազմն էր: Խնդրին արձագանքեց ոչ միայն Մոսկվայի հայ երիտասարդությունը, այլև ռուսներ ու տարիքով մեծ հայեր, որոնք հիմնականում պասիվ են նման միջոցառումների նկատմամբ:
Երկրորդ անակնկալը. կային ներկայացուցիչներ բոլոր հայկական երիտասարդական կազմակերպություններից, իսկ կազմակերպությունների ղեկավարները չկային՝ միջոցառումը համարելով ոչ այնքան կարևոր: Ավելին, նրանք արգելել էին հրապարակել միջոցառման հրավերն իրենց սոցիալական ցանցերի էջերում:
Երրորդը. զարմացրեց Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերության ներկայացուցչի հայտնվելը: Ավելի ճիշտ՝ այն մարդու, որն իրեն այդպես ներկայացրեց և հայտարարեց, թե ինքը «պետք է ելույթ ունենա»:
Երիտասարդը, չգիտես ինչու, շատ երկար չէր հասկանում, որ կա ելույթ ունենալու կարգուկանոն, որ նա պետք է հարգի միջոցառման ծրագիրը և քաղաքակիրթ աշխարհում հայտնի վարքագծի կանոները: Սակայն նրան կվերադառնանք ավելի ուշ:
Չորրորդ՝ ամենատհաճ անակնկալը հավաքվածների համար դարձավ Թեղուտում տիրող իրավիճակը: Ներկայացված նյութերը ոչ միայն ցնցում էին էկոլոգիական վտանգների մասշտաբով, քանի որ ոչնչացված անատառի տեղում առաջարկում են սեյսմիկ անկայուն գոտում կառուցել պոչամբար՝ 500 մլն տոննա զանգված ունեցող հեղուկ թունավոր թափոններով և 600 մլն տոննա այլ թափոններով, այլև ծագեց այդ ամենի դիմաց ֆինանսական օգուտի հարցը:
Հանքարդյունահանողները Թեղուտում ծրագրել են արդյունահանել միայն մոլիբդեն և պղինձ, մինչդեռ 17 մլն տոննա ծծումբ և 14,76 մլն տոննա երկաթ շլակի տեսքով պետք է թափվեն պոչամբար: Այսպիսով, մասնագետների կանխատեսումներով, Հայաստանի Հանրապետությունը կկորցնի 15,4 մլրդ ամերիկյան դոլար:
Դահլիճը սկսեց վրդովվել, և այստեղ Թեղուտի հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչը նոր անակնալ մատուցեց: Դուրս պրծնելով դահլիճի կենտրոն՝ նա սկսեց ակտիվ ժեստիկուլյացիայով, գոռգոռոցով և հայոց լեզվով մեղադրել կազմակերպիչներին և Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստներին սուտ խոսելու համար:
Գոռգռալուց հետո «ճշտախոսը» որոշեց հպարտ հեռանալ, սակայն կազմակերպիչները և դահլիճը նրան խնդրեցին մնալ: Ավելին, տեղեկացրին, որ նա կարող է մասնակցել քննարկմանը՝ համաձայն միջոցառման ծրագրի: Սակայն նրա հիստերիկ պահվածքը դժվար թե անկեղծ էր, իսկ դահլիճը լքելը, ընդհակառակը, շատ արդարացված, քանի որ եթե կազմակերպիչները ստում էին, ապա ՄԱԿ-ի՝ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կազմում գտնվող Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն նույնպես ստել է:
Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ տրված փաստաթղթերն անվավեր ճանաչելու մասին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած հռչակագրում առաջ քաշված պահանջները ևս դասվում են նույն շարքին: Ստախոսներ են նաև ոչ արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ կուսական անտառը ոչնչացնող ծրագրի դեմ իրենց վրդովմունքն արտահայտող ԵԽԽՎ անդամները:
Սուտասաններ են նաև Սերժ Թանկյանը, Վարդան Պետրոսյանը, Ռուբեն Հախվերդյանը, ովքեր սատարում են Թեղուտի պաշտպանության խմբին: Այս և նմանատիպ այլ հարցերին պատասխանելուց խուսափելու համար հանքարդյունաբերող կազմակերպության ներկայացուցիչը միջոցառման կեսից դիմեց փախուստի:
Մինչ հեռանալը նա գոռաց իրենց էլեկտրոնային հասցեն, սակայն այդ կայքում, իհարկե, ոչինչ չկար ասված բնապահպանների, իրավապաշտպանների, միջազգային կազմակերպությունների արտահայտած վրդովմունքի մասին: Բացի դրանից՝ այնտեղ ներկայացված տվյալներից պարզ դարձավ, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը ծրագիր է, որն առաջնորդվում է «ազգային գաղափարով»:
Հատկապես զարմացրեց այն, որ կոմբինատի կառուցողները ուզում են ստեղծել էկոլոգիապես և տեխնոլոգիապես առաջատար արտադրություն և միևնույն ժամանակ վստահեցնում են, որ ստեղծում են աշխատանքային պայմաններ հատուկ Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների համար:
Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ ժամանակակից ավտոմատացված արտադրություն է, որտեղ աշխատում են ոչ թե բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ, այլ սովորական գյուղի բնակիչներ: Թե՞ այս գյուղերի բնակիչներն ավարտել են տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատություններ: Իրենց սովորական աշխատանքի փոխարեն գյուղացիներին, առանց այլընտրանքի հնարավորության, կառաջարկեն կատարել ցածր վճարվող ոչ մասնագիտական աշխատանք: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն լքել տարածքը:
Սակայն վերադառնանք անակնկալներին: Քննարկումից հետո համացանցում հայտնվեցին տարօրինակ հաղորդագրություններ: Անակնկալն այն էր, որ փորձ էր արվում Թեղուտի անտառների պաշտպանի հետ հանդիպումը վերածել քաղաքական միջոցառման: Իհարկե, ոմանց ձեռնտու է ամեն ինչ հենց այդպես ներկայացնել և կոծկել մեր ազգի բնությանը և պատմամշակութային արժեքներին վերաբերող հարցը:
Հատկապես տարօրինակ են Թեղուտի անտառների պաշտպանության խմբի ակտիվիստ Եղիա Ներսեսյանին սևացնելու փորձերը: Եվ իսկապես, ո՞վ է այդ Եղիան և ինչպե՞ս է համարձակվել խախտել ավանդույթները: Եկել է Մոսկվա, ոչ մեկի վրա ցեխ չի շպրտում, ապրիլ ամսին, Ցեղասպանության թեման օգտագործելով, համերգներ չի կազմակերպում գումարներ վաստակելու համար, «աստղերի» հետ ռեստորաններում չի հանդիպում, այլ երիտասարդությանն առաջարկում է հավաքվել և միավորվել մեր Հայրենիքի ազգային ժառանգության գաղափարի շուրջ: Այդ Հայրենիքի ցավը և այն պաշտպանելու խնդրանքն էր նա բերել Հայաստանի իր ընկերներից:
Ի դեպ, Եղիան հայրենադարձ է, ով թողել է իր տունը Սիրիայում, որպեսզի ընտանիքով բնակվի Հայրենիքում: Իսկ Մոսկվա գալով՝ նա Ռուսաստանի երիտասարդությանը ծանոթացրեց Հայաստանի երիտասարդության հետ: Ամեն օր երիտասարդները շփվում էին սկայպի միջոցով և հասկանում՝ որքան միասնական է իրենց սերը դեպի Հայրենիքը:
Վլադիմիր Պետունց
իրավաբան
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել