HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախարար Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը կմիջնորդի դատարանին՝ հրավիրել հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանին՝ Միքայել Մինասյանի հորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատարանին կմիջնորդի, որպեսզի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը հրավիրվի դատարան՝ ցուցմունք տալու:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր նշանակված  էր Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի հայցով դատական նիստ, որի ընթացքում Գևորգ Գյոզալյանը հայտնեց նման միջորդություն ներկայացնելու անհրաժեշտության մասին և դատարանից ժամանակ խնդրեց՝ այն գրավոր ներկայացնելու համար:

Հացվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը, սակայն, դատարանում հայատարարեց, որ քաղաքացիական գործով անձին կարող են միայն առաջարկել որպես վկա ցուցմունք տալ, նրան, ըստ էության, չեն կարող պարտադրել ու նշեց, որ Արա Մինասյանը չի ներկայանա: Գյոզալյանն, այնուամենայնիվ, միջնորդություն կներկայացնի:

Նշենք, որ Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրում կատարված ենթադրյալ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Բժշկական կենտրոնում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով՝ ուղիղ եթերը վերնագրելով «տուշոնկեքի մասին»: Արա Մինասյանը քաղաքացիական հայցով պահանջում է, որպեսզի հերքվի Արսեն Թորոսյանի կողմից հրապարակայնորեն արված հետևյալ արտահայտությունները:

1. Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում։ Այսինքն մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու։

2. Չի դադարում էդ թալանը և այսպես ասած` վատնումը։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն–ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը՝ 400 քանի միլիոն։ Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել:

3. 8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ։

4. Ավելին ասեմ, հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից։ Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց։

5. Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ։

6. Նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է ամեն մեկի համար 150-200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ։

7. 99 %-ով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից»:

Գևորգ Գյոզալյանն այսօր դատարանում պնդեց, որ իր վստահորդի արած արտահայտությունները գնահատողական դատողություններ են, և ուղղված չեն կոնկրետ Արա Մինասյանի դեմ։

Ըստ Գյոզալյանի՝ Արսեն Թորոսյանը քաղաքական գործիչ է, պետք է հաշվետու լինի հասարակությանը և հենց հաշվետվություն ներկայացնելու շրջանակում է, որ տեղեկատվություն է մատուցել հանրությանը:

«Իմ վստահորդը որևէ մեկին չի վիրավորել առհասարակ, առավել ևս՝ Արա Մինասյանին»,- ասաց Գևորգ Գյոզալյանը:

«Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի խոսքով, սակայն, Թորոսյանի խոսքերն ուղղված են եղել հենց Մինասյանի դեմ: Ըստ Գրիգորյանի՝ պաշտոնատար անձ հանդիսացող Արսեն Թորոսյանը իրավունք չունի նման արտահայտություններ անել, նույնիսկ եթե ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ընթացքի մեջ գտնվող քրեական գործ կա:

«Ես կարծում եմ, որ պաշտոնատար անձն իրավունք չունի կատարել նման արտահայտություններ նախքան դատավճիռը, նույնիսկ եթե քրեական գործն ընթացքի մեջ է, դա դեռ կառավարության անդամի համար բավարար չէ՝ անձի մեղավորությունը հաստատված համարող արտահայտություն կատարելու համար։ Եթե խոսվում է նրա մասին, որ «դրսում բանդան ցույց է անում, որ բանդայի պարագլուխն աթոռից չզրկվի», հասկանալի է, թե ում նկատի ունեն, քանի որ բոլորը գիտեն, թե ում և ինչի համար էին այդ օրերին ցույց անում: Եթե խոսվում է չարաշահումների մասին, այդ համատեքստում ակնհայտ է, որ մնացած բոլոր արտահայտությունները ևս ուղղված են իմ վստահորդի դեմ»,– ասաց Վահագն Գրիգորյանը:

Նշենք, որ Արա Մինասյանին՝ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելուց հետո հիվանդանոցի աշխատակիցները ցույց էին անում ու պահանջում նրան վերականգնել պաշտոնում:

Քաղաքացիական հայցով Արա Մինասյանը Արսեն Թորոսյանից նյութական պահանջ չունի, միայն պահանջում է, որ  նա Facebook-ի ուղիղ եթերի միջոցով հերքի զրպարտություն հանդիսացող տվյալները և ուղիղ եթերը վերնագրի «Ներողություն եմ խնդրում Արա Մինասյանից», իսկ դրա անհնարինության դեպքում հերքում տպագրի ոչ պակաս, քան 1000 տպաքանակ ունեցող մամուլում:

Դատական նիստին այսօր ներկա էր նաև ներկայացուցիչ՝ բժշկական կենտրոնից: Գևորգ Գյոզալյանը վերջինիս հարցեր ուղղեց՝ պարզելու, թե ով է բժշկական կենտրոնում վերահսկում այս կամ այն գործառույթի օրինականությունը:

Ինչպես պարզվեց ներկայացուցչի տված պատասխաններից, Արսեն Թորոսյանի մատնանշած հաշվետվությունները պետպատվերի համար կազմելու, պետբյուջեից գումար գանձելու, բժշկական կենտրոնի գնումները կատարելու գործառույթների հետ Արա Մինասյանն անմիջական առնչություն չունի:

Դատարանն այսօր նիստը հետաձգեց և մինչև դատաքննության փուլ անցնելը նշանակվեց մեկ նախնական դատական նիստ:

Նիստի ավարտին Գևորգ Գյոզալյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես կարող է հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանը գալ դատարան՝ ցուցմունք տալու: Ի պատասխան՝ Գյոզալյանն ասաց, որ ինքն այդ հանգամանքի մասին տեղյակ է և գտնում է, որ դա ևս մեկ ազդակ է դատարանի համար, որպեսզի հետևություններ անի:

Գյոզալյանը ևս մեկ անգամ նշեց, որ նախարարը նպատակ չի ունեցել թիրախավորելու Արա Մինասյանին: Հարցին՝ ինչ է նկատի ունեցել Արսեն Թորոսյանը «բանդայի պարագլուխ» ասելով, Գյոզայանը պատասխանեց, թե այս, ինչպես նմանատիպ այլ արտահայտություններ օգտագործվում են փոխաբերական իմաստով:

Դիտարկմանը, որ «բանդայի պարագլուխ» արտահայտությունը դրական չի ընկալվում հասարակության կողմից, Գյոզալյանը պատասխանեց, որ հաճախ ինքն էլ իր խոսքում շատ սուր արտահայտություններ է օգտագործում, բայց ոչ թե նրա համար, որ խնդիր ունի ինչ-որ մեկին վիրավորելու, այլ պարզապես շեշտադրում է անում, որպեսզի  հանրության ուշադրությունը հրավիրի:

«Եթե իմ վստահորդը որևէ մեկին նկատի ունենար, ապա չկասկածեք, ուղղակի կասեր»,- նշեց Գևորգ Գյոզալյանը:

Նշենք, որ կողմերի միջև այս պահին հաշտության եզրեր չկան: Պատասխանողի կողմը պնդում է, որ Թորոսյանն Արա Մինասյանին չի թիրախավորել, մինչդեռ հայցվոր կողմը վստահ է՝ թիրախավորվել է հենց Արա Մինասյանը: Լրագրողների հետ զրույցում Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը շեշտեց, որ իրենց կողմից նյութական որևէ պահանջ չի ներկայացվել, այսինքն՝ այնպես չէ, որ հայցվոր կողմն, օրինակ, կարող է հրաժարվել նյութական պահանջից և փոխարենը որևէ փոխզիջման գնա նաև պատասխանող կողմը:

Ըստ Գրիգորյանի՝ հաշտությունը պետք է լինի այնպիսի տեսքով, որ կողմերից ոչ մեկն իրեն պարտված չհամարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter