HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը համայնքներին 10 մլրդ դրամ համաֆինանսավորում կտրամադրի. Սուրեն Պապիկյան

Երևանում այսօր կայացած «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն առաջիկա տարիների ընթացքում հանդիսանում  է կառավարության գերակա ուղղություններից մեկը:

Ինչպես փոխանցում է նախարարության պաշտոնական կայքը՝ այդ նպատակով կառավարությունը նախատեսում է իրականացնել համակարգային փոփոխություններ ենթադրող ռազմավարական ծրագրեր։ «ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է սուբվենցիաների տրամադրման գործընթաց, որով գործադիրը խրախուսում է համայնքներին, որպեսզի վերջիններս իրենց ընդհանուր բյուջեներում հնարավորինս աճեցնեն կապիտալ ծախսերը՝ նպատակաուղղված ճանապարհների, մանկապարտեզների և այլ հասարակական շենքերի, խմելու ու ոռոգման ջրագծերի, էներգախնայող լուսավորության համակարգերի, այգիների, հրապարակների կառուցմանը, նորոգմանը»,- ասել է նախարարը:շ

Սուրեն Պապիկյանը հավելել է, որ 2018թ ընթացքում իրականացված սուբվենցիայի փորձնական ծրագրի արդյունքներով հանրապետության 97 համայնքներից ստացված թվով 152 սուբվենցիայի ծրագրերին պետական բյուջեից տրամադրվել է 1 մլրդ 620 մլն դրամ։ Նախարարը ներկաներին նաև տեղեկացրել է, որ հաշվի առնելով համայնքների կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունն ու արդեն իրականացված ծրագրերի արդյունավետությունը, կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ընթացիկ տարում տրամադրել 10 միլիարդ դրամի համաֆինանսավորում, ինչը համայնքների կողմից իրականացվող աշխատանքների տոկոսային հարաբերակցության պայմաններում կապահովի շուրջ 20 միլիարդ դրամի կապիտալ աշխատանք։

Անդրադառնալով նախորդ տարում իրականացված ծրագրերի ընթացքում ի հայտ եկած խոչընդոտներին, բարդություններին և թերություններին՝ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ ծրագրի անխափան շարունակականությունն ապահովելու, դրա արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու նպատակով առանցքային նշանակություն ունի այս գործընթացում հանրային մասնակցության մակարդակի բարձրացումը։ «Համայնքային նշանակության ենթակառուցվածքների զարգացումը պետք է իրականացվի հանրային լսումների միջոցով՝ հասարակության տարբեր շերտերի գործնական ներգրավմամբ»,- նկատել է նախարարը և արձանագրել, որ թափանցիկ աշխատելաոճն ու հանրային հաշվետվողականությունը պետք է անկյունաքարային դառնա յուրաքանչյուր համայնքի ղեկավարի համար։ Բացի այդ, որպես համայնքային իշխանությանն առողջ հակակշիռ, նախարարի դիտարկմամբ էական նշանակություն ունի նաև համայնքային ֆինանսական միջոցների ծախսերը բնակիչների կողմից մշտադիտարկելու և խոշորացույցի տակ պահելու գիտակցումը։

Նախարարն իր խոսքում համայնքապետերի ուշադրությունն է հրավիրել համայնքների կողմից իրատեսական, չափելի զարգացման ծրագրեր կազմելու և ներկայացնելու անհրաժեշտության վրա և հորդորել, որպեսզի վերջիններս, խորհրդակցելով համայնքի ավագանու և բնակչության հետ, մշակեն համայնքի զարգացման իրական ուղղությունները նախանշող ծրագրեր:

Օգտագործելով ընձեռնված հնարավորությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրել է սույն թվականի մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի մասին և կոչ արել քաղաքացիներին, համայնքային ու մարզային բոլոր պաշտոնյաներին անմիջական մասնակցություն ցուցաբերել միջոցառմանը։ «Ես հորդորում եմ ձեզ, որ մարտի 23-ին ձեր համայնքի բնակիչների հետ դուրս գաք միջհամայնքային ճանապարհներ, քայլեք  դրանց երկայնքով մինչև մյուս համայնք:Ես անձամբ որևէ մայրուղու երկայնքով քայլելու եմ և հավաքելու եմ աղբը»,- հայտնել է նախարարը:

Ամփոփելով Սուրեն Պապիկյանը  համայնքապետերին ևս մեկ անգամ կոչ է արել բնակչության բարեկեցիկ կենսապահովման, տնտեսական ակտիվության բարձրացման և ներդրումների ներգրավման նպատակով հստակ գնահատել համայնքների կարիքները, մանրամասն մշակել զարգացման հեռանկարային ուղղությունները ու դրանց վերաբերյալ ներկայացնել սուբվենցիայի ծրագրային փաթեթներ։

Համաժողովի ընթացքում նախարարության պատասխանատուները համայնքների ղեկավարներին և տնտեսական զարգացման պատասխանատուներին հանգամանորեն ներկայացրել են սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման քննարկման և հաստատման  ընթացակարգը, պատասխանել ներկաների հարցերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter