HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սրբազան հայրը շնորհավորել ու խրատել է լրագրողներին

Մամուլի օրվա կապակցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր իր մոտ' շնորհավորելու և օրհնանքը տալու մտադրությամբ: Սակայն հանդիպման ընթացքում դիտողություներն ու դժգոհությունները գերակշռեցին շնորհավորանքի ու դրվատանքի խոսքերին:

«Եթե ես ձեր հոգևոր հայրն եմ, ուրեմն իրավունք ունեմ նաև դիտողություն անելու,-ասաց հոգևոր հայրը:- Գուցե սա այն քիչ հնարավորություններից է, երբ մեծ մասիդ կարող եմ տեսնել միաժամանակ և փոխանցել իմ մտահոգությունները»:

Թեմի առաջնորդն ասաց, որ լրատվական դաշտում գործող նորաբողբոջ լրագրողների ինքնասիրահարված վարքագիծն ու ինքնաբավարավածության զգացումով գրած հոդվածներն իրեն ավելի շատ տխրեցնում են, քանի որ դիլետանտությունը ոչ մի ասպարեզում արդարացված չէ, իսկ լրատվական դաշտում' առավել ևս:

«Հոդվածները, որ ես կարդում եմ, ամբողջն այդ ոգով են գրված, մանավանդ եկեղեցվո հետ կապված խնդիրներն այնպես են քննարկում, որ մարդ զարմանում է: Չկա խնդրի խորքային վերլուծություն: Այսպիսի մի հայտնի պատմություն կա. երբ կոշկակարը նկարչին դիտողություն է անում, թե «կոշիկը ճիշտ չես նկարել», նկարիչն ուղղում է: Հաջորդ օրը գալիս է, թե «գլխարկն էլ ճիշտ չես նկարել», նկարիչն էլ թե «ստոպ, կոշկակար, կոշիկիցդ վեր մի բարձրացիր»: Ասելիքս այն է, որ քննարկում են խնդիրներ, որոնցից բացարձակ անտեղյակ են: Ես կուզենայի, որ ձեր շարքերում այդպիսի մարդիկ չլինեն: Որքան գիտակ է մարդն իր գործում, այնքան հեշտանում է դիմացինի կյանքը»,- ասաց Սրբազան հայրը:

Շնորհավորանքը' շնորհավորանք, սակայն, թեմի առաջնորդը, հանուն արդարության, որոշել էր խոսել նաև մամուլի անկատարությունից, թերություններից ու անազատությունից: Սրբազան հայրը շեշտեց, որ ինքը մշտապես եղել է ազատ խոսքի, ազատ մամուլի կողմնակից, բայց դա չի նշանակում դիլետանտիզմ, անտեղյակությամբ բուրող բառակույտերից կազմված հոդվածներ:

«Մարդը պիտի ամբողջ կյանքում աշխատի իր վրա: 12 տարի է' ես ասում եմ. «Վաղը սուրբ Զատիկ է, քրիստոնյա աշխարհը նշում է Զատիկը»: Լրագրողը գնում է, ու լսեմ, որ տեքստում ասում է. «Վաղը հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Զատիկը»: Այսինքն' այդ մարդը այս տարիների ընթացքում ոչ միայն ունակ չեղավ ճիշտը սովորելու, այլև լսելու: Շատ կուզենայի, որ դուք մշտապես աշխատեք ձեր անձի վրա, ձգտեք զարգանալ ու լինեք լավագույնը ձեր ասպարեզում»,- մաղթեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Մեկնաբանություններ (2)

Varaz Syuni in Amsterdam
HAYKAKAN Lernashxarhum-HAYKAKAN Astvatsner.
caroline
Ինչու են հայ եկեղեցու ՙհոգևորականներն՚ այսքան դժբախտ և կույր: Ո՟վ է դիլետանտիզմից խոսում, կաթողիկոսից բռնած մինեչև վերջին տերտերը կ՟ա մի պրոֆեսիոնալ հոգեւորական, այսինքն որ հավատա և երկյուղի Աստծուց: Ողերմելիներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter