Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ:
Նախարարությունը տեղեկացնում է, որ նիստի սկզբում հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անդամներին, որից հետո մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր:
Հանդիպման օրակարգային թեմաներից է եղել նաև հանձնաժողովի կազմում գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավման հարցի քննարկումը: Հաշվի առնելով հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունների մեծ թիվը, դիտարկվել են նրանց ներգրավման առավել արդյունավետ մի քանի տարբերակներ:
Նիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացների հետ կապված առկա իրավիճակը և հնարավոր զարգացումները:
Իր ամփոփիչ խոսքում Դավիթ Տոնոյանը կրկին անգամ կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությունը, միաժամանակ վստահեցնելով, որ հանձնաժողովի գործունեության արդունքներն ու ձեռքբերումները տեսանելի կլինեն արդեն իսկ առաջիկայում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել