HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«ԳԹԿ-ի մասնագետը կրթական համակարգը դարձրել է խաղալիք իր ձեռքում». Դավիթ Գյուրջինյանը՝ նախաքննական նոր բիզնեսի մասին

Լեզվաբան, հայերենագետ, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն առաջարկել է այս տարի 9-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի ավարտական քննությունն անցկացնել նոր կարգով. փոխադրություն գրելու փոխարեն աշակերտներն այս տարի լրացնելու են թեստ՝ հարցարան, կենտրոնացված կարգով։ Քննության այս փոփոխությունն առիթ է դարձել, որ շուկայում հայտնվեն «Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի տարբեր ժողովածուներ։

Դ. Գյուրջինյանը հանդիպման ժամանակ վրդովված էր, ասաց, որ շտեմարանային բիզնեսին նմանվող նոր փուլ է սկսվում. «Շատ վատ բան եղավ, հնար լիներ, ասեի՝ ես հրաժարվում եմ իմ առաջարկությունից։ Մենք երկրորդ ճակատն ենք բացել՝ կոռուպցիայի, պետական մարմնի վարկաբեկման, կրթական համակարգն այսպես մատների վրա խաղացնելու»։

2018թ. ամռանը՝ Համահայկական կրթական համաժողովի ժամանակ, Դավիթ Գյուրջինյանը բարձրաձայնել է 12-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի ընդունելության քննությունների համար տպագրվող, շեշտում է, արատավոր շտեմարանների մասին։ Ասել է, որ քննության այլ կառուցվածք, գաղափար ունի, որը հրապարակվել էր դեռևս 2015թ.-ին, կիրառվել է համահայկական օլիմպիադաների ժամանակ, և աշակերտների գիտելիքները ստուգելու արդեն իսկ փորձված տարբերակ է։

Ընթերցողներին հիշեցնենք, որ այժմ «Հայոց լեզվի» ընդունելության քննության վերջնական հարցարանը շտեմարաններից դուրս առաջադրանքներ չի պարունակում։ Այդ պատճառով շտեմարանները լույս տեսնելուց հետո կարճ ժամանակում սպառվում են։ Այդ գրքերի համահեղինակների մեջ կան մարդիկ, ովքեր աշխատում են Գնահատման և թեստավորման կենտրոնում։ Ստացվում է, որ ԳԹԿ-ն, որը տարիներ շարունակ կազմակերպում է ընդունելության քննությունները, շատ նպաստավոր պայմաններ է ստեղծել հենց իր մասնագետների համար, ովքեր գումար են աշխատում այս գրքերի տպագրությունից։

Դավիթ Գյուրջինյանն առաջարկում էր մի հարցարան, որը ներառում է ոչ միայն ընտրովի պատասխաններով առաջադրանքներ՝ ենթակա մեքենական ստուգման, այլև հարցեր, որոնք ենթադրում են հակիրճ շարադրանք։ Դ. Գյուրջինյանի առաջարկը, որը սկզբնապես վերաբերել է ավագ դպրոցի շրջանավարտների քննություններին, ամենայն հավանականությամբ գործող շտեմարանները հանելու էր շուկայից։

Քննությանը պատրաստվելու համար բավարար էր լինելու միայն գործող ուսումնական ծրագիրը, և վերջնական քննության առաջադրանքները մինչև քննությունը չէին հրապարակվելու։ Որոշվում է, սակայն, այս տարբերակը  առայժմ կիրառել ոչ թե բուհական, այլ ավարտական քննության ժամանակ:

«Մեր խնդիրն էր ունենալ քննության վերահսկողություն, գնահատականի հավաստիություն․․․ Ես նախատեսում էի 12-րդ դասարանի համար այդպիսի մի բան անել, որովհետև ամենամեծ խայտառակությունն այնտեղ էր, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դա տեղափոխվեց 9-րդ դասարան։ Եվ հիմա տեսաք, թե ինչ ունեցանք. 12-րդ-ը չեղավ, որից սկսվել էր խոսակցությունը, և 9-րդ-ն էլ ... Անբարեխիղճ մարդիկ անակնկալ մատուցեցին հանրությանը», - ասում է Դավիթ Գյուրջինյանը

Շուկայում հայտնվել են թեստերի ժողովածուներ. դրանցից մեկի հեղինակը ԳԹԿ-ի մասնագետ է

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունում է Դավիթ Գյուրջինյանի առաջարկած տարբերակը՝ 9-րդ դասարանի ավարտական քննության համար։ Հարցարանի նմուշը Գնահատման և թեստավորման մասնագետների հետ համատեղ մշակվում և հրապարակվում է ԳԹԿ-ի կայքում, որից հետո շուկայում հայտնվում են տարբեր ժողովածուներ՝ նախատեսված արդեն ավարտական քննությունների համար։

«Ես ենթադրում էի և նաև ասացի քննարկումներից մեկի (ԳԹԿ-ի մասնագետների հետ քննարկումների մասին է խոսքը- Մ.Մ.) ժամանակ, որ հնարավոր է՝ գրաշուկան պղտորեն որոշ մասնագետներ, և ծնողները ապակողմնորոշվեն, որակյալ-անորակ առնեն, օգտագործեն, բայց չէի մտածի, որ ԳԹԿ-ի մասնագետը դա կանի: Ես զգուշացրել եմ իրենց, որ հանկարծ չանեք այսպիսի բան, մարդը լսում է և անում հակառակը», - ասաց Դավիթ Գյուրջինյանը։

Ժողովածուներից մեկի հեղինակը Գնահատման և թեստավորման կենտրոնի հայոց լեզվի մասնագետ Միրցա Հալաջյանն է։ Նա այն մասնագետն է, ով, որպես ԳԹԿ-ի ներկայացուցիչ, Դավիթ Գյուրջինյանի հետ քննարկել է հարցարանի կառուցվածքը։

«Ոչ միայն քննարկել ենք, Միրցա Հալաջյանը աշխատակցել է, հատկապես, որ մեքենական ստուգմամբ պիտի լիներ, ինքը լավ առաջարկություններ էլ է արել, բայց մի դրվագով ես զգացի, որ իր մտքինը այլ է, անազնիվ մի բան կա», - պատմում է Դավիթ Գյուրջինյանը։ ԳԹԿ-ի կայքում հրապարկված հարցարանի նմուշը մոտ երկու ամիս քննարկելուց հետո Դավիթ Գյուրջինյանը նամակագրությամբ Միրցա Հալաջյանից ստանում է բոլորվին այլ բովանդակությամբ մի հարցարան։

«Ասում եմ՝ սա ինչ է, ասում է՝ ես եմ մշակել Ձեր նմուշի հիման վրա։ Ասում եմ՝ լսի՛ր, դու էդքան ուժեղ մասնագե՞տ ես, որ երկու ամիս նամակագրությամբ, հանդիպումներով քննարկում ենք հարցարանը, ամեն տառի, տողի վրա մտածում, որ նա անխոցելի լինի, լավը լինի, ծրագրին համապատասխանի և այլն, հիմա դու ինքնուրույն էդպիսի բա՞ն ես անում։ Պարզվում է, որ ԳԹԿ-ի չակերտավոր բարեխիղճ մասնագետը այդ ընթացքում զուգահեռ, հապշտապ սարքում է այսպիսի մի բան, որի նպատակն ակնհայտ է՝ ապակողմնորոշել ուսուցչությանը, աշակերտությանը, իր դերը կարևորել և թելադրել պայմաններ։ Եվ նա կրթական համակարգը դարձրել է խաղալիք իր ձեռքում», - ասում է Դավիթ Գյուրջինյանը։

Միրցա Հալաջյանը գիրքը կոչվում է «Ավարտական թեստերի ժողովածու»։ Դ. Գյուրջինյանը նախ խնդրահարույց և ապակողմնորոշող է համարում ժողովածուի վերնագիրը, քանի որ աշակերտները կարող են մտածել՝ դրանք այն թեստերն են, որ լինելու են վերջնական քննությանը։ Գրքի կազմի վրա նշված չէ, որ դրանք միայն նմուշներ են։ Միայն գրքի ներսում՝ երկրորդ էջի վրա գրված է. «Գրքույկում զետեղված են թեստի 10 նմուշներ և դրանց առաջադրանքների պատասխանները»։

«Ենթադրենք, մեկը 9-րդ դասարանցու ծնող է, կարդում է՝ Միրցա Հալաջյանը՝ ԳԹԿ-ի հայտնի Միրցա Հալաջյանը, գրել է ավարտական թեստերի ժողովածու։ Ի՞նչ պիտի մտածի: Ուսուցիչներն էլ, ծնողներն էլ երամներով գնում են այս գիրքը գնելու՝ մտածելով, որ սա հենց քննության թեստն է, որովհետև այդ է առաջին ազդակը», - ասում է Դավիթ Գյուրջինյանը։

Կրթության և գիտության նախարարությունն օրեր առաջ հայտարարեց, որ վերջին շրջանում շուկայում հայտնված «Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի տարբեր ժողովածուները չեն հրատարակվել ԿԳՆ երաշխավորությամբ։ Նախարարությունն արգելեց դրանց օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Հայտարարության մեջ նշված չէր, թե որ ժողովածուի մասին է խոսքը, բայց այն հրապարակելու դրդապատճառը ԳԹԿ-ի աշխատակից Միրցա Հալաջյանի գիրքն է։

«Վերնագրում գրված էր՝ թեստերի ժողովածու. մենք մտավախություն ունեինք. այլ բան է, որ ասում ենք՝ նմուշների ժողովածու, այլ բան՝ թեստերի ժողովածու։ Վերնագիրը մի քիչ խաբուսիկ էր, տպավորություն կարող է ստեղծվել, որ դա վերջնական թեստերի ժողովածուն է, որից մայիսին քննություն են հանձնելու։ Հիշում եք՝ բուհերին պատրաստվելու համար շտեմարաններ կան, որոնց առաջադրանքները հաստատ լինում են նաև թեստի ժամանակ, մեր հայտարարության ուղերձն էր նաև՝ այդ ժողովածուները, որոնք դուք գնում եք պարապելու համար, միանշանակ չեն լինելու քննության ժամանակ, մենք շեշտել ենք, որ դրանք բացառապես նմուշային են»,- ասաց կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը։

Նախարարության այս հայտարարությունն, ըստ էության, պատասխանատվությունից ազատում է ԳԹԿ-ի մասնագետին՝ ծնողների և աշակերտների հնարավոր բողոքներից, թե ինչու քննության թեստը չի ընտրվել հրապարակված ժողովածուից։ Ազատում է մի փուլում, երբ այս գրքերն արդեն իսկ լայն սպառում են ունեցել:

Մյուս կողմից, ԿԳ-ի հայտարարությունը չի կանխում նախաքննական բիզնեսը: Աշակերտները և ուսուցիչները շարունակում են փնտրել այդ ժողովածուները գրախանութներից և գնել։ Բիզնեսն իրենց հերթին զարգացնում են նաև գրախանութի աշխատակիցները։ Նրանցից մեկին հարցնում եմ՝ ինչով պարապեմ քննությանը, ասում է՝ մի քանի ժողովածուներ կան, «դրանցից մեկից կլինի թեստը»։

Շուկայում հայտնվել է նաև Դավիթ Գյուրջինյանի գիրքը՝ առանց իր իմացության

«Էդիթ պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը 500 տպաքանակով վերահրատարակել է Դավիթ Գյուրջինյանի 2015թ. այն ժողովածուն, որի հիման վրա, բայց կառուցվածքային փոփոխություններով, կազմվել է այս տարվա քննության հարցաթերթը։

Դավիթ Գյուրջինյանը պաշտոնապես տեղեկացնում է, որ գիրքը հրատարակվել է՝ առանց իրեն տեղյակ պահելու, առանց իր համաձայնության. «Այդ գրքում նույնիսկ վրիպակներ կան, այդ վրիպակներով էլ վերահրատարակել են: Ու սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան անմաքուր է դաշտը»:

Գրքի «Երկու խոսք» անունով նախաբանը շփոթեցնում է. «Հայոց լեզվի հարցարանների այս նոր ժողովածուն մեծապես կնպաստի հիմնական դպրոցի ավարտական (9-րդ դասարանի) քննությանը նախապատրաստվելուն...»։ Քանի որ գրքում նշված չէ, որ դա հին՝ 2015թ. ժողովածուի վերահրատարակություն է, տպավորություն է, որ խոսքն այս տարվա քննության մասին է։ Մինչդեռ վերջնական հարցարանը, որը հրապարակվել է ԳԹԿ-ի կայքում, կառուցվածքով ևս տարբեր է ժողովածուի հարցարաններից:

Դավիթ Գյուրջինյանն ասում է, որ հիմա արդեն, երբ գիրքը հրատարակվել և ուղարկվել է շուկա, անիմաստ է նույնիսկ պահանջել հրատարակչից գրքերը հետ կանչել. դրանք կան նաև «սև շուկայում», և իրավիճակն այլևս անվերահսկելի է:

Ինքը՝ Մկրտիչ Կարապետյանը, հաջողված գործարարի հանգստությամբ պարզապես տեղեկացրեց, որ, այո, առանց համաձայնության վերահրատարակել է գիրքը: «Այդ գիրքը 2015թ.-ին էինք հրատարակել, ուղղակի մի քանի օր առաջ նույնությամբ 2015թ. գիրքը տպել ենք: Հա, ինքը տեղյակ չի եղել: Ուղղակի մարդիկ ասեցին՝ կարող եք նորից տպել, որոշ քանակ տպեցինք փորձնական»,- ասում է Մ. Կարապետյանը։ Փորձը հաջողված է:

Գրախանութներում կան հայերենի քննության այլ ժողովածուներ ևս, բայց Միրցա Հալաջյանի և Դավիթ Գյուրջինյանի այս երկու գրքերը հատկապես լավ են սպառվում։ Աշակերտները և ուսուցիչները, ենթադրվում է, կողմնորոշվում են՝ ըստ հեղինակի:

Դավիթ Գյուրջինյանը, իր առաջարկը «գործարար մասնագետներից» փրկելու համար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին վերջին հանդիպումներից մեկի ժամանակ առաջարկել է հետ բերել քննության նախորդ կարգը՝ փոխադրությունը, սակայն պարզվել է, որ օրենսդրությունն այս փուլում թույլ չի տալիս դա անել։

«Սպորտսմեն» աշակերտները. ԳԹԿ-ի մասնագետն իր արարքում հանցանք չի տեսնում

ԳԹԿ-ի հայոց լեզվի մասնագետ Միրցա Հալաջյանն ասում է, որ իր ժողովածուն հրապարակելու հիմնական շարժառիթը հասարակական պահանջն էր։ Նշում է, որ ամսիներ շարունակ բազմաթիվ զանգեր է ստացել, հիմնականում՝ ուսուցիչներից. «Հարցնում են՝ ինչո՞վ պարապենք, ինչո՞վ երեխաներին վարժեցնենք, որովհետև թեստը նաև վարժանք է պահանջում։ Եթե պահանջարկ չկա, թող ձեռք չբերեն, ո՞վ է իրենց ստիպում, ո՞վ է պարտադրում, այդ ժողովածուի վրա գրվա՞ծ է, որ եթե դրանից չօգտվեք, չեք կարող քննություն հանձնել»։

Հարցին, թե ինչու է պահանջարկին արձագանքել գիրք հրատարակելով, այլ ոչ թե նրանց ուղղորդել դեպի դասագրքեր, պատասխանում է. «Դասագիրքը տալիս է գիտելիք առ այն, որ երեխան տարբերի գոյականը ածականից, թեստը տալիս է հնարավորություն՝ կարողանալ այդ հարցերին պատասխանել թեստային առաջադրանքի շրջանակներում»։

ԳԹԿ-ի կայքում հրապարակված մեկ թեստը, ըստ Հալաջյանի, բավարար չէր քննության առաջադրանքներին վարժվելու համար. «Մենք ուզում ենք՝ մի քանի տեքստ լինի, տեքստի վերաբերյալ շատ առաջադրանքներ լինեն, որքան շատ, այնքան լավ։ Գիտե՞ք՝ հիմա դուք ինչ եք ասում մոտավորապես. ենթադրենք, սպորտսմենը մի անգամ ծանրությունը բարձրացրեց, բավարար է, թող գնա մրցույթին, ինչո՞ւ է օրեր շարունակ պարապում, միևնույն է, բարձրացնելու մեխանիզմը գիտի»։

Դավիթ Գյուրջինյանը շեշտում է՝ նմուշը կազմելու ժամանակ հստակ խոսակցություն և զգուշացում է եղել, որ որևէ դեպքում շուկայում չեն հայտնվելու այսպիսի ժողովածուներ: Միրցա Հալաջյանը հերքեց, որ նման պայմանավորվածություն են ունեցել: «Բոլորովին,- ասում է, - ինչպե՞ս կարող է այդպիսի քննարկում լինել, դա ո՞վ կարող է խոստանալ, թե ինքը ինչ է պատրաստվում անել երկու ամիս հետո կամ հինգ ժամ հետո, և ո՞վ ում կարող է պարտադրել, որ անպայման պիտի կազմվի կամ իրավունք չունի կազմելու»։  

Դիտարկմանը, որ որպես ԳԹԿ մասնագետ, կարող էր ուսուցիչներին ուղղորդել կազմել համանման թեստեր արդեն տպագրված նմուշի օրինակով և դասագրքերի նյութով, Մ. Հալաջյանը պատասխանում է. «Ես [կազմել եմ] ավելի փորձառու ձևով, ավելի ճիշտ ձևերով, ի՞նչ խնդիր կա էդտեղ, և արդյո՞ք դա հանցանք է թեստերի ժողովածու գրելը։ Ձեր հարցադրումները մի քիչ լավը չեն, ի՞նչ է նշանակում՝ ասեմ դուք (նկատի ունի ուսուցիչներին.-Մ.Մ.) կազմեք, իսկ ինչո՞ւ ես չկազմեմ»։

Գնահատման և թեստավորման կենտրոնը չի երաշխավորել այս գիրքը, նաև որևէ տեղ նշված չէ, որ Միրցա Հալաջյանը ԳԹԿ-ի աշխատակից է։ Միրցա Հալաջյանի կարծիքով, այդպիսով, ԳԹԿ-ի անունը չի շահարկվում, իր այնտեղ աշխատելու հանգամանքը չի ապակողմնորոշում քննության պատրաստվողներին։ Դիտարկմանը, որ նույն հանրությունը՝ ուսուցիչներն ու աշակերտները, իրեն, միևնույն է, արդեն գիտեն շտեմարանների տպագրությունից, Մ. Հալաջյանը արձագանքեց՝ դե իսկ ինչ կարող է անել, եթե իրեն ճանաչում են։

ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը հավաստիացրեց, որ այս ժողովածուների՝ շուկայում հայտնվելուց հետո իրենք վերահսկելու են քննության վերջնական հարցարանի կազմման գործընթացը։

«Մենք զրուցել ենք ԳԹԿ-ի տնօրենի հետ, զգուշացրել, խնդրել և հորդորել ենք, որպեսզի ներգրավված փորձագետի կողմից հրապարակված թեստերը հանկարծ չլինեն քննությանը, որովհետև մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ չեն լինելու։ Ամեն դեպքում, մենք այդ օրերին վերահսկելու ենք բնականաբար», - Լուսինե Առաքելյան։

Դավիթ Գյուրջինյանի կարծիքով՝ ժողովածուի հրապարկումից հետո պետք է առհասարակ Միրցա Հալաջյանին չընդգրկել վերջնական հարցաթերթի կազմման աշխատանքներում։ Ըստ Դ. Գյուրջինյանի՝ եթե հստակ խոսակցությունից հետո Միրցա Հալաջյանն այժմ անում է հակառակը, ապա վստահ չի կարելի լինել, որ վերջնական հարցարանում բացառվելու են նրա ժողովածուի առաջադրանքները:

առաջին լուսանկարը՝ Դ. Գյուրջինյանի ֆբ էջից, հեղինակ՝ Business Concept

Մեկնաբանություններ (4)

Ալվարդ
Որտեղից կարող ենք գնել
Արփինե
Որ գրքով կարող ենք պարապել ։Շուկայում 3 գրքեր կան
Մարինե Մադաթյան
Հարգելի Ռուբեն Ներսիսյան, Շնորհակալություն մեկնաբանության համար։ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը մեզ հետ զրույցում պաշտոնապես հայտնել է, որ ավարտական քննության հարցաթերթը ներառելու է առաջադրանքներ միայն գործող ուսումնական ծրագրի շրջանակներում, այսինքն՝ դասագրքերից։ Այդ մասին մեզ հայտնել է նաև Դավիթ Գյուջինյանը, ով առաջարկել է քննության հարցաթերթի կառուցվածքը։ Այնուամենայնիվ վերջանական հարցարանում ներառված առաջադրանքների պատասխանատուն Գնահատման և թեստավորման կենտրոնն է։ Հարցաթերթի նմուշը, կառուցվածքը հայտնի է և հրապարակվել է ԳԹԿ-ի կայքում։ Այն տեղադրել ենք հոդվածում, կարող եք նայել հետևյալ հղմամբ (http://www.atc.am/files/2019%209-rd%20das/uxecuyc/Hayoc%20lezu%20%209-rd%20uxecuyc-2018-19.pdf):
Ռուբեն Ներսիսյան
Ճիշտ կլինի այսուհետ ԿԳ-ն ոչ մի շտեմարան կամ քննական հարցերի ժողովածուներ չերաշխավորի պաշտոնական ձևով, հայտարարի, որ քննությունները լինելու են դպրոցական ծրագրի շրջանակներում, քննություններից առաջ տալով մի նմուշ հարցաթերթիկի կառուցվածքի վերաբերյալ: Կարծում եմ, որ նման մոտեցման դեպքումմի երկու տարվա ընթացքում արդյունքները տեսանելի կլինեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter