HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը ստեղծում է կենդանիների վնասազերծման իր կենտրոնը

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ թափառող շները Երևանի բնակիչների համար իսկապես խնդիր են դարձել: «Դպրոց, մանկապարտեզ գնացող երեխաներն ու աշխատանքի շտապող ծնողներն ամեն օր ստիպված են կտրել անցնել անտուն շների օղակը»:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ խնդրին մասին միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կան մշտական հասցեներ: Հիմնախնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»: 

«Մշակեցինք ծրագիր և հասկացանք, որ այն պետք է իրականացվի քաղաքապետարանի ներքո գործող կազմակերպության միջոցով, որպեսզի չունենանք ռիսկեր և ապահովվի ծրագրի շարունակականությունը:Բացի այդ, չհետապնդի բիզնես նպատակ»,- նշել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա և կացարան: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար Երևան կհրավիրվեն նաև օտարազգի մասնագետներ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներից մասնագիտացված մեքենաները շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն և կստերջացնեն կենդանիներին: 

«Ներկա պահին առկա ամբողջ տեղեկատվությունն իրացնելով՝ պետք է նշեմ, որ մուտքագրված է 6000 էգ շուն, որից 4500-ն առաջին տարում կստերջացվի», - ասել է Խաչիկ Հակոբյանը:

Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:

«Մինչև մեր ենթակառուցվածքների ձևավորումը՝ նախատեսում ենք, որ աշխատանքները կիրականացնենք այլ կլինիկաների հետ համագործակցությամբ: Ծրագիրը շարունակական է և 4-5 տարում, եթե ծրագիրը նաև հարևան համայնքներում նմանատիպ լուծում ստանա, ակնկալվում է դրանց քանակը հասցնել նվազագույնի կամ միգուցե կարողանանք ունենալ թափառող շների մայրաքաղաք»,- ասել է Խաչիկ Հակոբյանը:

Օվսաննա Հովսեփյանը, որն արդեն երկար տարիներ զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ, այժմ շարունակելով իր աշխատանքը Երևանի ավագանու կազմում՝ կարծում է, որ քաղաքապետարանի ծրագիրը կարևոր է թե կենդանիների, թե քաղաքացիների համար. 

«Այսքան տարիների մեր պայքարից հետո ես առաջին անգամ թունելի վերջում լույս եմ տեսնում: Այսօր քաղաքային իշխանությունը ճիշտ ուղղության վրա է: Սպանդով խնդիրը երբեք չէր լուծվելու: Իրականում ստերջացումն այն միակ միջոցն է, որի շնորհիվ կարող ենք հասնել այն բանին, որ փողոցներում թափառող կենդանիներ չլինեն: Ստերջացված շունը չի ունենում ձագեր, չի կազմում ոհմակ, ինչն այսօր այնքան անհանգստացնում է մեր քաղաքացիներին» ,- նշել է «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter