HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ռեկետ պետական մակարդակո՞վ

Բնակարանների բազմակի վաճառքից տուժածների բանակը մեծանում է

Երևանի նորակառույց շենքերի կառուցապատողների որոգայթում օրեցօր նոր մարդիկ են հայտնվում: Արդեն հայտնի են մի քանի կիսակառույց շենքեր, որոնցում բնակարան ստանալու համար բնակիչները տարիներով հերթ են կանգնել: Իսկ այդ ընթացքում կառուցապատողները իզուր ժամանակ չեն վատնել՝ մեկ բնակարանը վաճառել են մի քանի անձի:

Արդյունքում ստեղծվել է մի քաոսային վիճակ. ոչ ոք չգիտի, թե ում է վաճառվել իր բնակարանը, իսկ կառուցապատողները, ինչպես բնակիչներն են ասում, «փախած են ման գալիս»: Այս պատմության հիմքը կարծես թե դրեց «Նորաշեն 2007» կոոպերատիվը, որն Աջափնյակ համայնքում փորձեց երկու շենք կառուցել, հետո, իբր, ֆինանսական խնդիրներ ծագեցին, ընկերությունն իբր սնանկացավ, բնակարաններից յուրաքանչյուրը վաճառվեց մի քանի անձի, հետո դրանք գրավադրվեցին, որպեսզի «Նորաշեն 2007»-ի ղեկավարությունը գումարներ վերցնի ու շարունակի շինաշխատանքները:

Եվ խաբեբաները՝ «Նորաշեն 2007»-ի ղեկավարները, մի շարք քաղաքացիներին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու և վաշխառության մեղադրանքով հայտնվեցին ճաղերի հետևում: Իսկ բնակիչների մի մասը դեռ չի կարողանում վերադարձնել իրենց տները:

«Նորաշեն 2007»-ի օրինակին հետևել են նաև այլ կառուցապատողներ: Վերջերս քրեական գործ հարուցվեց նաև «Գապբնակշին» ընկերության նկատմամբ, որի կողմից բազմաբնակարան շենք է կառուցվում Արամի 72-80 հասցեում: Այս դեպքում նույնպես մի բնակարանը վաճառվել է մի քանի մարդու: Բնակիչները լսել են, որ 171 բնակարանի համար 560 նախնական պայմանագիր է կնքված:

«Գապբնակշին» ընկերության ղեկավարներ Գագիկ Պապոյանն ու Սիմոն Աղազարյանը, ըստ որոշ տեղեկությունների, հետախուզման մեջ են: Սակայն խաբված բնակիչները կարծում են, որ շան գլուխն այլ տեղ է թաղված: Ըստ նրանց՝ սա պետական մարկարդակով ռեկետ է մարդկանց նկատմամբ, իսկ Գագիկ Պապոյանը՝ ընդամենը գործիք «վերևների» ձեռքին:

«Պապոյանը չէ սրա հեղինակը, նա հրաշալի գործիք է եղել: Մարդը երևի ինչ-որ պահի մի իրավական հարցում սայթաքել է, ու նրան հրաշալի օգտագործել են»,- ասում է Արամի 72-80 հասցեում կառուցվող շենքում բնակարան գնելու գործընթացից տուժած Սոնիկ Մաղաքյանը: Նույն վիճակում են հայտնվել նաև Եկմալյան 6-14 հասցեում գտնվող կիսակառույցում բնակարանի իրենց հերթին սպասող մարդիկ:

Նրանց տները ևս մի քանի անձի են վաճառվել, մարդիկ մնացել են անօթևան, սեփական միջոցներով վարձով են բնակվում: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում իրացման գոտիների բնակիչները, որոնց պետությունը պարտավորվել է տներ հատկացնել վերոնշյալ 2 շենքում: Տուժած բնակիչները դիմել են դատարան և հույս ունեն արդարադատության միջոցով վերադարձնել իրենց տները կամ գումարը: Նրանք համոզված են, որ ամեն օր խարդախները նոր պայմանագրեր են կնքում, ու օրեցօր ավելանում է տուժածների թիվը:

Երեկ նրանք հերթական անգամ բողոքի էին դուրս եկել Կառավարության շենքի մոտ: Խարդախների գործունեությունից տուժածները նամակ հանձնեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Բնակիչներին տիկին Բախշյանը խոստացավ հանդիպել շաբաթ օրը և մանրամասն քննարկել բոլոր հարցերը:

Ի դեպ, մարդիկ տեղեկացրին, որ արդեն մի քանի օր է՝ գնում են նախագահի նստավայր, սակայն իրենց կոնկրետ պատասխան չեն տալիս:

Ռոզա Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter