HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ՀՅԴ-ն կոալիցիա վերադառնալու ցանկություն չունի

«Հայացք»-ի հյուրն է ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը

- Մի փոքր կմանրամասնե՞ք ՀՅԴ-ի տնտեսական ուղղվածության ծրագրերը:

- Մեզ համար սոցիալիստական տնտեսավարումը սոցիալական շուկայական մոդելի ամբողջական իրագործումն է, այսինքն՝ թելադրողը ոչ թե շուկան է, այլ շուկան պետք է ծառայի հասարակությանը, պետությանը, քաղաքացուն: Միայն այդ դեպքում այն ձերբազատված կլինի պետական կառավարումից և խեղաթյուրվելուց: Սա է մեր հիմնարար տնտեսական քաղաքականության մոտեցումը: Հատկապես վերջին ճգնաժամը ցույց տվեց, որ այս մոտեցումը, այս մոդելը անհրաժեշտություն է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որ շուկան պետք է շնչի:

ՀՅԴ-ի համոզմամբ՝ տնտեսական քաղաքականությունը պետք է միտված լինի զբաղվածության ապահովմանը՝ իր եկամտաստեղծ տարբեր դրսևորումներով՝ կլինեն դրանք աշխատատեղերի, օրինական ներդումներից ակնկալվող եկամուտների, թե տոկոսների տեսքով: Կարևորն այն է, որ հանրությունը ներգրավվի հանրային բարիքի ստեղծման ծրագրերում: Մեր ծրագրային դրույթներից է պետության մրցունակության բարձրացումը:

Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Դաշնակցությունը եղել է այն ուժը, ում առաջ քաշած ուղղությունները հետագայում սկսել են քննարկել քաղաքական դաշտի մյուս ուժերը, այդ թվում նաև իշխանությունը: Իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ մեր ծրագրերը հետաքրքրել են նրանց, սակայն ցավում եմ, որ մեզ չհաջողվեց մինչև վերջ իրականացնել դրանք:

- 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն հանդես եկավ մի շարք հետաքրքիր և հասարակության համակրանքը վայելող ծրագրերով: Ի՞նչը խոչընդոտեց դրանց իրականացմանը:

- Երբ 2007-ի ընտրությունների նախաշեմին ՀՅԴ-ն առաջ էր քաշում կենսաթոշակների շեշտակի բարձրացման հավանականությունը, իշխանությունները թերահավատորեն վերաբերվեցին դրան՝ ասելով, թե կենսաթոշակների բարձրացումը հնարավոր կլինի միայն կախարդական փայտիկի դեպքում: Մեր առաջարկն, իհարկե, կրում էր ոչ թե մեկանգամյա, այլ պարբերական բնույթ:

Բացի դրանից՝ մենք պահանջում էինք համակարգային փոփոխություններ, որոնք այնքան անհրաժեշտ էին ռեսուրսները խնայելու առումով: Մինչդեռ իշխանությունը չգնաց համակարգային փոփոխության, ընդամենը գնաց կենսաթոշակների մեկանգամյա բարձրացման, ուստի 2009-ին կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո կոալիցիայի բոլոր նպատակներն ու ծրագրերը տապալվեցին:

- Ինչո՞ւ ՀՅԴ-ն ժամանակին չկարողացավ օգտվել նախարարական պորտֆելների իր «մենաշնորհից»:

- Երբ 2003-2008 թվականներին ՀՅԴ-ն գործում էր հիմնականում սոցիալական ոլորտում, այդ ընթացքում երկրում աղքատության ցուցանիշը կազմում էր 26%, որը կոալիցիայից մեր դուրս գալուց հետո դարձավ 56%: Խոսենք այլ ցուցանիշներից: 2009-ից հետո, երբ դուրս եկանք կոալիցիայից, մինչ այդ հիմնական կենսաթոշակը կազմում էր նվազագույն սպառողական զամբյուղի 21%-ը, ներկայումս այն 18% է, աշխատանքային միջին կենսաթոշակը 66% էր, ներկայումս՝ 42%, անապահովության ընտանեկան միջին նպաստի չափը եղել է 63%, այսօր այն կազմում է 43%, նվազագույն աշխատավարձը կազմել է նվազագույն զամբյուղի 80%-ը՝ ներկայիս 44%-ի փոխարեն: Ի վերջո, Հայաստանի անկախության պատմության 21 տարիների ընթացքում ՀՅԴ-ի՝ կոալիցիայում գտնվելու հատկապես 2004-2006 թթ. ժամանակահատվածում էր , որ Հայաստանը ժողովրդագրական առումով արձանագրեց դրական միգրացիոն հոսք:

- Դարձյալ կոալիցիայում ընդգրկվելու մտադրություն չունե՞ք:

- Ես այս ամենը թվարկեցի ոչ նրա համար, որ ՀՅԴ-ն դարձյալ ուզում է կոալիցիա գալ, ոչ: Եթե գա էլ, ապա՝ ամբողջական իշխանության, որպեսզի երկրում հաղթահարի առկա բոլոր դժվարությունները:

- Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ուղիներ եք առաջարկում:

- Քանի դեռ կառավարությունը հակված չէ համակարգային փոփոխությունների, քանի դեռ փորձում է քողարկել ճշմարտությունը, մենք հայտնվելու ենք ավելի վատ վիճակում, արձանագրելու ենք արտագաղթի սրացում, աղքատության խորացում, տնտեսական ռեսուրսի փոշիացում, Հայաստանի մրցունակության շեշտակի անկում:

Պատահական չէ, որ Հայաստանն իր արտաքին պարտքի հարաբերակցության շրջանակում համարվում է անհուսալի երկիր: Սա հնարավոր չէ քողարկել, ուստի այս իրավիճակից դուրս գալու համար վերնախավին խորհուրդ եմ տալիս իջնել իշխանական բարձունքներից և հասարակ, բայց և առողջ տնտեսական գաղափարներ ունեցող մարդկանց հետ քննարկել իրավիճակը: Սա բոլորիս երկիրն է, ու բոլորս պետք է մտահոգվենք նրա՛, մե՛ր ճակատագրով, այլ ոչ թե մտածենք իշխանությունն ամեն գնով պահելու մասին:

Անուշ Ներսիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter