HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը դրվել է քննարկման

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում քննարկման են դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը:

Այս փոփոխություններով սահմանվում է կառավարության նոր կառուցվածքը: Գործադիրի փոխանցմամբ՝ պետական կառավարման համակարգի մարմինների թիվը կրճատվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով:

Կառավարության նոր կառուցվածքով կվերացվի առաջին փոխվարչապետի ինստիտուտը:

Բացի այդ, նախատեսվում է մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել կրթության և գիտության նախարարությանը:  Այն կվերանվանվի կրթության, գիտության և մշակույթի նախարարություն:

Գյուղատնտեսության նախարարությունը կմիացվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ գործելով որպես էկոնոմիկայի նախարարություն:

Առաջարկվում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացնել տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ այն անվանելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այս նախարարությանը կփոխանցվի նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները:

Օրենքի ընդունումից հետո կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն նաև պետական գույքի կառավարման կոմիտեն և ջրային կոմիտեն, որոնց կազմում կլինեն միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ, գլխավոր քարտուղար:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանվի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Կկրճատվեն այս նախարարության բոլոր լիազորությունները և գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի ոլորտին: Միաժամանակ կավելացվի թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, քանի որ օրենքի ընունումից հետո կառավարության որոշմամբ ռազմարդյունաբերական կոմիտեի ենակայությունը կհանձնվի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:

Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին և կստեղծվի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, ով կհամակարգի  սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:

Միացվող պետական կառավարման համակարգի մարմինների քաղաքացիական ծառայողները վերանշանակվում են մինչև վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ իր համաձայնությամբ նոր մարմնում։ Վերակազմակերպման արդյունքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, այլ վերջինս վերանշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ օրենքով սահմանված կարգով։

Եթե քաղաքացիական ծառայողը չի համաձայնվում առաջարկված պաշտոնին նշանակվել, ապա քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է գրանցվել կադրերի ռեզերվում՝ առանց վերջնահաշվարկ կատարելու, որը միացման արդյունքում վարելու է արդեն այն պետական կառավարման համակարգի մարմինը, որին միացել է այդ պետական կառավարման համակարգի մարմինը։

Ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը օրենքով սահմանված կարգով կարող է կադրերի ռեզերվից համապատասխան պաշտոն զբաղեցնել վերակազմակերպման արդյունքում կազմավորված այդ պետական կառավարման համակարգի մարմնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter