HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի վերլուծություն

Ներկայում Կառավարության ծրագիրը քննարկվում է Ազգային Ժողովում, ինչպես նաև մասնագիտական հանրության տարբեր շրջանակներում: Ծրագիրը տարբեր գնահատականների է արժանացել, հիմնականում` բացասական, իսկ նման գնահատականի պատճառ շատ դեպքերում նշվում է թվային ցուցանիշների բացակայությունը և քաղաքականության ուղղությունների ոչ հստակ լինելը:

Այս վերլուծության նպատակն է հնարավորինս օբյեկտիվ գնահատական տալ Կառավարության ծրագրին: Սրա համար ծրագիրը դիտարկվել է մի քանի տեսանկյունից:

  1. Տնտեսական արդյունավետության և սակավ ռեսուրսների տեղաբաշխման որոշակիություն:
  2. «Իմ Քայլը» նախընտրական ծրագրով սահմանված դրույթներին, քաղաքականությունների ուղղություններին և տրված խոստումներին համապատասխանություն:
  3. Ազգային Ժողովի կողմից Կառավարության գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու` այդ գործունեությունը մշտադիտարկելու և պատշաճ հաշվետվողականություն և թափանցիկություն ապահովելու հնարավորություն:

Տնտեսական արդյունավետության և սակավ ռեսուրսների տեղաբաշխման որոշակիություն 

Ցանկացած հասարակություն երեք տիպի որոշում պետք է կայացնի, երբ որոշում է, թե ինչպես տեղաբաշխի իր սակավ ռեսուրսները:

  • Առաջին` պետք է պարզի, թե ինչպես իր ռեսուրսները արդյունավետ օգտագործի, այսինքն` ձգտի իր արտադրական հնարավորությունների սահմանին:
  • Երկրորդ` պետք է որոշի, թե ինչ համակցությամբ ապրանքներ և ծառայություններ պետք է արտադրի:
  • Երրորդ` պետք է որոշի, թե արտադրված ապրանքներից և ծառայություններից ինչքան պետք է ստանա յուրաքանչյուր քաղաքացի:

Հետևյալը տնտեսագիտության հիմնարար դրույթներից է: Ռեսուրսները սահմանափակ են, ինչը նշանակում է դրանցից ավելի քիչ կա, քան մենք կցանկանայինք ունենանալ: Այդ իսկ պատճառով պետք է ընտրություն կատարվի սահմանափակ թվով տարբերակների միջև, և այս ընտրության ժամանակ պետք է գիտակցել անխուսափելի փաստը առ այն, որ ինչ-որ մի բան ավել ունենալու որոշումը կնշանակի, որ մենք մեկ այլ բան ավելի քիչ ենք ունենալու:

Այդ իսկ պատճառով, յուրաքանչյուր որոշմանը համապատասխանող ծախսը այդ որոշման այլընտրանքային ծախսն է, որը հաջորդ ամենալավ այլընտրանքի արժեքն է, որ բաց է թողնվում: Եվ օպտիմալ որոշումների կայացումը պետք է հենվի այլընտրանքային ծախսերի հաշվարկների վրա:

Սա վերաբերում է ինչպես անհատներին ու տնտեսավարողներին, այնպես էլ պետությանը:

Այլընտրանքային ծախսերի սկզբունքը որպես ռեսուրսների տեղաբաշխման օպտիմալ որոշման սկզբունք Կառավարության ծրագրում չի կիրառվել: Արդարության համար նշենք, որ այս սկզբունքը երբևէ կառավարության որևէ ծրագրում չի կիրառվել: Սրանով է նաև պայմանավորված եղել և մնում կառավարության ծրագրերում իրատեսական քաղաքականությունների ուղղություններ չսահմանելու և սակավ ռեսուրսների անարդյունավետ տեղաբաշխում ունենալու հանգամանքը:

Կարծում ենք` տնտեսագետները կհամաձայնվեն, որ Հայաստանի Հանրապետությունում ռեսուրսները արդյունավետ չեն օգտագործվում:

Դա հավաստող ցուցանիշներից է, օրինակ, գործազրկության մակարդակը, որ 20 %-ից[1] բարձր է: Սա ցույց է տալիս պետության ներսում առկա աշխատուժի, որպես ռեսուրս արժեքի ստեղծման գործընթացում ներգրավելու կարողությունը: Այստեղ հարկավոր է նաև անդրադառնալ այն հանգամանքին, որ գործազրկության մեծ չափի պատճառներից է նաև ցածր մակարդակի մասնագիտացումը: Աշխատուժի, նույնիսկ զբաղված մասի մոտ մասնագիտացման պակասը հանգեցնում է ցածր արդյունավետության և հետևաբար ցածր արտադրողականության:

Սակավ ռեսուրսների պայմաններում այլընտրանքների միջև ընտրություն անելու և առաջնահերթություններ սահմանելու կարևորությունը ավելի պարզ նկարագրելու համար բերենք մեկ այլ օրինակ: Կառավարության ծրագրում գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մասի անմշակ լինելը որպես խնդիր է դիտարկվում: Սա դիտարկվում է այն տեսանկյունից, որ Կառավարությունը գյուղատնտեսության զարգացումը կարևորում և նախատեսում է հետևյալը. «Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության առանցքը լինելու է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, արդի տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանման ծավալների ավելացումը, գյուղատնտեսականամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր տնային տնտեսությունների, գյուղացիական կոոպերատիվների, վերամշակողների և արտահանողների եկամտաբերության բարձրացումը»:

Քանի որ գյուղատնտեսության օգտագործած հիմնական ռեսուրսը հողն է, ապա սա այն սակավ ռեսուրսն է, որի շուրջ Կառավարությունը պարտավոր և ստիպված է կայացնել ռեսուրսի տեղաբաշխման օպտիմալ որոշում` հենվելով այլընտրանքային ծախսերի սկզբունքի վրա:

Այս ռեսուրսի` հողի օգտագործման հաջորդ տարբերակը, որ Կառավարությունն իր ծրագրում կարևորել է, հանքարդյունաբերությունն է: Կառավարության ծրագրում ասվում է, որ «Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով Կառավարությունը նախատեսում է [մի շարք գործողություններ, այ թվում] մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն և դրանից բխող միջոցառումների ծրագիր»:

Հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետությունում զուգահեռ չեն կարող զարգանալ (նաև փոքր տարածք ունենալու և ջրային ավազանի աղտոտման պատճառով), քանի որ մեկի զարգացումը հանգեցնում է մյուսի այլընտրանքային ծախսերի բարձրացման և նաև անարդյունավետության: Հանքարդյունաբերության` հատկապես մետաղական, զարգացումը ուղղակի հանգեցնում է տնտեսական կարևոր ռեսուրսի, այն է` հողի, ոչ միայն տվյալ տարածքում, այլ նաև հարակից մեծ տրամագծով ներգրավվածությամբ տարածքների անպիտանության:

Ավելին, ինչպես Կառավարության ծրագրում է նաև նշված, գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը չի մշակվում: Նշենք նաև, որ սրա հիմնական պատճառներից էոռոգման ջրի կամ անհասանելի կամ ոչ բավարար և/կամ թանկ լինելը: Իսկ շատ բնակավայրերում, որտեղ հարակից համայնքներում գործում է մետաղական հանքարդյունաբերություն, գետերի ջրերը աղտոտվում են և դրանք դարձնում մշակահողերը ոռոգելու համար անպիտան:

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողը շատ քիչ քանակի և կարևոր ռեսուրս է: Նաև պարենային ինքնապահովության տեսանկյունից (առ ասյօր մենք սա իրականություն չենք դարձրել) կարևորվում է հողային ռեսուրսի օգտագործման նկատմամբ առաջնահերթությունների սահմանումը: Սա հատկապես կարևորվում է, երբ մենք դիտարկում ենք Հայաստանը պատերազմող երկիր լինելու տեսանկյունից:

Նշված օրինակները բերում են այն եզրահանգման, որ Հայաստանը գտնվում է իր արտադրական հնարավարությունների սահմանից ներս ընկած տիրույթում: Հետևաբար, Կառավարության ծրագիրը, որով սահմանվում են նաև տնտեսական զարգացում ապահովող քաղաքականությունների ուղղությունները, պետք է ցուցադրեր, թե ինչպես է Կառավարությունը ընտրություն կատարելու սահմանափակ ռեսուրսների տեղաբաշխման այլընտրանքների միջև, որով երկիրը կհասնի իր արտադրողական հնարավորությունների սահմանին:

Ընդհանուր առմամբ, Կառավարության ծրագիրը առկա ռեսուրսների տեղաբաշխման տեսանկյունից պատասխաններ չի տալիս: Նշվածը ավելի պատկերավոր դարձնելու համար ներկայացնենք հետևյալը.

graphic.jpg (73 KB)

Սա ցույց է տալիս պետական բյուջեի ծախսերը, ըստ գործառնական դասակարգման, սկսած 2008 թվականից: Ներառում է նաև 2018 և 2019 թվականների պլանային ցուցանիշները (2018 փաստացի վերջնական տվյալները դեռ հրապարակված չեն): Թվերը ներկայացված են ԱՄՆ դոլարով: Որպես փոխարժեքներ վերցվել են փաստացի տարեկան միջինները, իսկ 2018 և 2019 թվականների համար, համապատասխանաբար, հետևյալ փոխարժեքները` 483 և 485:

Սա ներկայացնում է ֆինանսական այն ռեսուրսը, որով ֆինանսավորվելու է ցանկացած ծրագիր, որ Կառավարությունը կկարևորի: Հետևաբար, մեկ ուղղությամբ ծախսի ավելացում կնշանակի մեկ այլ ուղղությամբ ծախսի կրճատում: Սա նաև, սակավ ռեսուրսի առումով, կարևոր ընտրություններից մեկն է, որ ցանկացած կառավարություն ստիպված է լինելու կատարել:

Ինչպես երևում է այս պատկերում, 2019 թվականի պետական բյուջեի օրենքով պլանավորված ծախսերը կազմում են շուրջ 3 միլիարդ 400 միլիոն ԱՄՆ դոլար (485 փոխարժեքով):

Այս ծախսերի մեջ, շուրջ 312.5 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է բյուջեի դեֆիցիտը, որը ֆինանսավորվում է պետական պարտքի հաշվին: Միաժամանակ, այս նույն տարում, պետական պարտքի սպասարկման գծով նախատեսվել է ծախսել շուրջ 326 միլիոն ԱՄՆ դոլար:  Այսինքն,Կառավարությունը իր ծրագրերը իրականացնելու համար, 2019 թվականին կարող է ծախսել (եթե բյուջեի պլանը կատարվի) 3,074 միլիոն ԱՄՆ դոլար, որից շուրջ 312.5 միլիոնը լինելու է պարտք:

Այս գումարից պաշտպանության գծով ծախսերը կազմելու են շուրջ 646 միլիոն ԱՄՆ դոլար, սոցիալական պաշտպանության գծով` շուրջ 916 միլիոն ԱՄՆ դոլար, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության գծով` շուրջ 286 միլիոն ԱՄՆ դոլար և ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով` շուրջ 325 միլիոն ԱՄՆ դոլար (գրաֆիկում 651 միլիոն է, որից 326-ը պետական պարտքի գծով սպասարկումն է):

Ստացվում է, որ Կառավարությունը կրթության, առողջապահության, տնտեսական ենթակառուցվածքներում ներդրումներ անելու, շրջակա միջավայրի պաշտպանության և այլ կարգի զարգացում ապահովող ծրագրերում 2019 թվականին կարողանալու է ծախսել ընդամենը 901 միլիոն ԱՄՆ դոլար, որից ինչպես արդեն նշվեց 312.5 միլիոնը պարտքի հաշվին: Այսինքն, Կառավարությունը 2019 թվականին սեփական միջոցների հաշվին երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի համար կարողանալու է ծախսել ընդամենը շուրջ 588 միլիոն ԱՄՆ դոլար: Սրանից առողջապահության վրա նախատեսվել է ծախսել 189 միլիոն, իսկ կրթության վրա` 293:

Հետևաբար, սեփական միջոցների հաշվին կառավարությունը 2019 թվականին կարող է ծախսել ընդամենը 106 միլիոն ԱՄՆ դոլար Կառավարության ծրագրում նշված հավակնոտ, սակայն ոչ հստակ քաղաքականությունների շուրջ գործողություններ իրականացնելու համար: Եվ այս սակավ ռեսուրսի չափը առաջիկա հինգ տարիներին շատ չի փոխվելու, նաև` ելնելով կառավարության պլանավորած 5% ՀՆԱ աճի թիրախավորմամբ (նշված է առնվազն հինգ տոկոս):

Այս վարժությունը ցույց է տալիս, թե ինչքանով է կարևոր առաջնահերթությունների որոշումը, սակավ ռեսուրսների օգտագործման ուղղությունների ընտրության հարցում այլընտրանքային ծախսեր սկզբունքի կիրառումը, որը Կառավարության ծրագրում արտացոլված չէ:

Վերոնշյալները այն ծախսերն են, որ ի սկզբանե հնարավոր չի լինելու կրճատել (պաշտպանություն, կենսաթոշակ և սոցիալական նպաստներ, պարտքի սպասարկում, կրթություն, առոջապահություն, հասարակական կարգ, դատարաններ, պետական մեքենայի գործունեություն և հանրային ծառայություններ): Ի լրումն, սրանք նաև աճման միտում ունեն և ինչպես երևում է բերված պատկերում, այս ծախսերը հետզհետե աճել են` հիմնականում ի հաշիվ կրթությանը և առողջապահությանը ուղղվող միջոցների, որոնց ուղղությամբ 2019-ին պլանավորած գումարները դեռ մնում են շատ ավելի փոքր, քան դրանք կազմում էին 2008 թ.: Սա նշանակում է, որ հետագայում նույնպես Կառավարությունը խիստ սահմանափակված է լինելու իր գործառույթներում և պարտադրված է լինելու ընտրություն անել այս սակավ ռեսուրսների շրջանակներում:

Իհարկե, կան ծախսերի արդյունավետության բարձրացման եղանակներ, օրինակ` զրո հիմքով բյուջետավորումը, որը հնարավորություն է տալիս շարունակական և արդյունք չապահովող ծախսերից ազատվել: Սրա հաշվին հնարավոր կլիներ ծախսեր նվազեցնել, նույնիսկ վերոգրյալ կենսական նշականության ոլորտներից, որոնք, ինչպես արդեն նշվեց, ի սկզբանե անխուսափելի ծախսեր են: Սակայն, կառավարությունը իր ծրագրի Հանրային ֆինանսների կառավարման բաժնում անդրադարձ չի կատարում սրան և չի նշում, թե ինչպիսի քաղաքականություն է վարելու բյուջեի, այսինքն` ծախսերի պլանավորման ոլորտում առկա բազում թերացումները շտկելու ուղղությամբ, որոնք նաև ռեսուրսների վատնման են տանում: Այս բաժնում չի նշվում, օրինակ, մեկ այլ կարևոր գործառույթի` ներքին հսկողության համակարգի ներդրման մասին, որը նույնպես կարող է ռեսուրսների օգտագործումն ավելի արդյունավետ դարձնել:

«Իմ Քայլը» նախընտրական ծրագրով սահմանված դրույթներին, քաղաքականությունների ուղղություններին և տրված խոստումներին համապատասխանություն

Քաղաքական ուժը, իշխանության գալով, պարտավոր է իր նախընտրական ծրագրում ներկայացված պարտավորությունները և քաղաքականությունների ուղղությունները արտացոլել իր Կառավարության ծրագրում:

Կառավարության ծրագրի վերջին էջում գրված է հետևյալը` «Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը»դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի դեկտեմբերի 9-իարտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն: Կառավարությունը վճռական է՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրականացնել տնտեսական հեղափոխություն»:

Երբ նախընտրական ծրագիրը համեմատում ենք Կառավարության ծրագրի հետ, պարզ է դառնում, որ նախընտրական ծրագրում արտացոլված էական թիրախներ տեղ չեն գտել Կառավարության ծրագրում: Սրա պատճառներից մեկը միգուցե այն գիտակցումն է, որ նախընտրական ծրագրով տրված խոստումներից շատերը ի սկզբանե իրագործելի չեն` հաշվի առնելով նաև ռեսուրսների սակավությունը և կառավարության ու պետական մեքենայի ցածր արդյունավետությունը:

Ստորև աղյուսակում ներկայացված են մի քանի կարևոր սոցիալ-տնտեսական թիրախներ, որ սահմանվել էին «Իմ քայլը» քաղաքական խմբակցության նախընտրական ծրագրում, սակայն որոնք Կառավարության ծրագրում տեղ չեն գտել:

Նախընտրական ծրագրում տեղ գտած որոշ սոցիալ-տնտեսական թիրախներ Կառավարության ծրագրում նշված թիրախների ներկայացվածություն
Առաջնային է լինելու դեպի արտադրական կենտրոններ տանող մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհների բարեկարգումը: 2023 թվականինմարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհների 70 եւ ավելի տոկոսը լինելու է բարեկարգ վիճակում: Կառավարության ծրագրում ներկայացված չէ:
Տեղական ճանապարհների 40 եւ ավելի տոկոսը լինելու է բարեկարգված:  Ամեն մի բնակավայր ունենալու է առնվազն մեկ՝ տարվա բոլոր եղանակներին անցանելի եւ անվտանգ ճանապարհ, որը իրեն կմիացնի այլ կենտրոնների հետ: Կառավարության ծրագրում ներկայացված չէ:
2023 թվականին հանրապետության համայնքների մոտ 70 տոկոսը ունենալու է կենտրոնական ճանապարհային ցանցին միացնող առնվազն մեկ լավ վիճակում գտնվող ճանապարհ: Կառավարության ծրագրում ներկայացված չէ:
2022 թվականին գործարկելու ենք տարեկան 4 մլն մարդ սպասարկման հզորությամբ օդանավակայան:
Պետական բյուջեից առողջապահության ծախսերը վերը նշված պայմաններում առաջիկա երեք տարիներին կայունացնելու ենք ՀՆԱ-ի 2 տոկոսի, իսկ հինգ տարիներին` ՀՆԱ-ի 3 տոկոսի սահմաններում:
Կառավարության ծրագրում ներկայացված չէ:
Մինչեւ 2023 թվականը աղքատությունը իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով:

Կառավարության ծրագրում ներկայացված չէ:
Հետևյալ ձևակերպումն է տրվել` առանց թիրախների. «Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը»:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարներն ուղղելու ենք շրջակա միջավայրի պաշտպանության նորարարական այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են ազդակիր համայնքում սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերը` հատկապես կարեւորելով ազդակիր եւ հարակից համայնքներում աշխատատեղերի ավելացումը: Կառավարության ծրագրում ներկայացված չէ:
Հանրային կառավարման համակարգի ախտորոշման հիման վրա սահմանելու ենք ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները եւ վարչապետի աշխատակազմում ձեւավորելու ենք հատուկ մարմին, որը համակարգելու է ոլորտային բարեփոխումները:  Արդյունքում դանդաղ եւ ոչ արդյունավետ պետական մեքենան դարձնելու ենք դինամիկ եւ արագ արձագանքող՝ ավելորդ բյուրոկրատական ընթացակարգերի կրճատման եւ էլեկտրոնային կառավարման համակարգի հետագա զարգացման միջոցով: Կառավարության ծրագրում ներկայացված չէ:

Ի լրումն աղյուսակում ներկայացվածների, կան նաև այլ թիրախներ և քաղաքականությունների ուղղություններ բնութագրող գործառույթներ, որ նախընտրական ծրագրում առկա են, սակայն տեղ չեն գտել Կառավարության ծրագրում:

Ազգային ժողովի կողմից Կառավարության գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու` այդ գործունեությունը մշտադիտարկելու և պատշաճ հաշվետվողականություն և թափանցիկություն ապահովելու հնարավորություն

Կառավարության ծրագիրը գործիք է առաջիկա հինգ տարվա քաղաքականությունների հիմնական ուղղությունները ներկայացնելու համար` ինչպես նշված է Սահմանադրության մեջ, բայց ոչ միայն: Դա նաև հնարավորություն պետք է տա քաղաքացիներին և նրանց ներկայացնող Ազգային Ժողովին հսկողություն իրականացնել Կառավարության գործունեության նկատմամբ առ այն, թե ինչքանով են իրականություն դառնում քաղաքական ուժի նախընտրական խոստումները:

Կառավարության ծրագիրը գործիք է, որի միջոցով Ազգային Ժողովը պետք է մշտադիտարկում իրականացնի և նաև Կառավարությունից վերջինիս գործունեության ընթացքի և արդյունքների մասին պատշաճ հաշվետվողականություն ապահովի: Այս առումով, Կառավարության ծրագիրը ունի թերացումներ: Ինչպես նշեցինք այս վերլուծության նախորդ երկու բաժիններում, ծրագիրը չունի հստակ սահմանված առաջնահերթություններ և հետևաբար չունի սակավ ռեսուրսների օգտագործման նախընտրելի ուղղություններ, ոլորտային քաղաքականությունների տեսանելի շրջանակներ սահմանված չեն և վերջապես քաղաքական ուժի նախընտրական ծրագրով հրապարակված կարևոր թիրախներ իրենց արտացոլումը չեն գտել սրանում: Սրանով պայմանավորված՝ Ազգային ժողովը չի կարողանալու արդյունավետ իրականացնել այնպիսի կարևորագույն գործառույթներ, ինչպիսիք են` Կառավարության գործունեության նկատմամբ մշտադիտարկում, հաշվետվողականության ապահովում և վերահսկողություն:

Դիտարկենք սա նաև ՀՀ օրենսդրության տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 151-ի 1-ին կետի համաձայն. «Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը»:

Հոդված 152-ի 1-ին կետի համաձայն. «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը»:

Կառավարության ծրագրի օրինակելի ձև և/կամ դրա կազմման ուղեցույց ու չափանիշներ որևէ իրավական ակտով սահմանված չեն: Հեղափոխությունից առաջ կազմվող ծրագրերը ժամանակի ընթացքում ձեռք էին բերել որոշակի կառուցվածք, ձևաչափ և տեղեկատվության շարադրման որոշակի մոտեցումներ, որոնք, իրենց թերություններով հանդերձ, կառավարության ծրագրերին մասամբ որոշակիություն էին հաղորդում: Դրանք ամբողջովին բացակայում են ներկա ծրագրում:

ՀՀ կառավարության 2018 թվականի  հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշմամբ սահմանվել է Կառավարության աշխատակարգը: Այս աշխատակարգի 4-րդ կետը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո կառավարությունը եռամսյա ժամկետում հաստատում է կառավարության գործունեության, որպես կանոն, հնգամյա միջոցառումների ծրագիրը»: Իսկ 6-րդ կետը սահմանում է, որ «Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում նշվում են դրանց իրականացման կոնկրետ պատասխանատուները` ըստ ժամկետների և ֆինանսավորման աղբյուրների: Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում ներառվում են օրենսդրական կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր մշակելու միջոցառումներ, ինչպես նաև կառավարության ծրագրով նախատեսված նպատակների, ուղղությունների ու թիրախների կատարմանն ուղղված այլ միջոցառումներ»:

Այս որոշման 7-րդ կետով սահմանվել է նաև, որ «Նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը վարչապետի աշխատակազմ են ներկայացնում կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված՝ նախորդ տարվա միջոցառումների կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն»: Իսկ այս որոշման 9-րդ կետի համաձայն՝ «Վարչապետի աշխատակազմն ընթացիկ տարվա ավարտից հետո մինչև մարտի 15-ը նախապատրաստում և վարչապետին ներկայացնում է տեղեկանք կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի այդ տարվա միջոցառումների կատարման մասին՝ հիմք ընդունելով սույն աշխատակարգի 7-րդ կետում նշված տարեկան հաշվետվությունները»:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Կանոնակարգ սահմանադրական օրենքի Հոդված 127-ի 1-ին կետի համաձայն՝ «Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց»: Միաժամանակ, այս սահմանադրական օրենքի Հոդված 122-ի 2-րդ կետի համաձայն՝ «Մշտական հանձնաժողովները Կանոնակարգի 112-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրենց իրավասությունների շրջանակում կարող են տեղեկություններ պահանջել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ»:

Վերոնշյալն ի սկզբանե սահմանում է Կառավարության ծրագրի ձևավորման և դրա կատարման շուրջ հաշվետվողականության ապահովման որոշակի օրենսդրական շրջանակ:

Սակայն, ինչպես երևում է ներկայացված դրույթներից, կառավարության ծրագրի կառուցվածքի բովանդակության, իրականացման նկատմամբ մշտադիտարկման և հաշվետվողականության պարտադիր իրականացման ենթակա չափանիշներ և դրույթներ սահմանված չեն: Ազգային ժողովին, նշված օրենսդրական նորմերի համաձայն, ներկայացվելու է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց, որի ընդունման կամ չընդունման և/կամ դրանից բխող հետևանքների մասին օրենսդրությունը հստակ սահմանումներ չի տալիս:

Սա նշանակում է, որ ծրագիրը այն տեսքով, ինչ հիմա է, Կառավարությանը ապահովելու է գործողությունների մաքսիմալ ազատություն, չի սահմանափակելու նրան չնախատեսված քաղաքականություններ և գործառույթներ իրականացնելու հարցում, քանի որ ինչպես ներկայացրինք այս վերլուծության նախորդող բաժիններում այս ծրագիրը հստակ քաղաքականության ուղղությունների շրջանակներ, առաջնահերթություններ և թիրախներ չի սահմանում:

Այս ամենով պայմանավորված` Ազգային ժողովը այս ծրագրի ընդունմամբ չի կարողանալու արդյունավետ վերահսկողություն իրականացնել Կառավարության գործունեության նկատմամբ և չի կարողանալու հանրությանը վստահեցնել, որ քաղաքական ուժի նախընտրական ծրագրով տրված խոստումները իրականություն են դառնում:

Վերջում մեկ այլ դիտարկում անենք կառավարության ծրագրի առնչությամբ միջազգային լավագույն փորձի առումով:

Մասնագիտական հանրության կողմից կառավարության այս ծրագրի շուրջ կայացող քննարկումներում երբեմն հնչում են տեսակետներ, որ կառավարության ծրագրերի սահմանված ձևեր և չափանիշներ ոչ մի երկրում չկան, և քաղաքական ուժերը ազատ են իրենց գործողություններում՝ որոշելու իրենց քաղաքականությունների ուղղությունները:

Սրա առնչությամբ նշենք, որ զարգացած շատ երկրներ կառավարության ծրագրերի նկատմամբ սահմանում են հստակ չափանիշներ, և ոչ միայն դրանց կառուցվածքի և բովանդակության մասով, այլ նաև դրանց կատարման և արդյունքների հաշվետվությունների բովանդակության և չափորոշիչների մասով: Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը 1993 թվականին ընդունել է օրենք (անգլերեն` Government Performance and Results Act of 1993), որով սահմանվում են հստակ չափորոշիչներ և դրույթներ Կոնգրեսի հաստատմանը ներկայացվող ծրագրերի նկատմամբ: Ուշագրավ է այս օրենքի ընդունման հիմնավորումը, որը կարծում ենք նաև վերագրելի է Հայաստանին: Դրանում ասվում է հետևյալը.

  1. Ֆեդերալ ծրագրերում առկա կորուստները և անարդյունավետությունը նսեմացնում են ամերիկյան ժողովրդի վստահությունը Կառավարության նկատմամբ և նվազեցնում են Ֆեդերալ Կառավարության կարողությունը հանրային կենսական կարիքները պատշաճ հասցեագրելու համար:
  2. Ֆեդերալ կառավարիչները ծրագրերի արդյունավետությունը բարելավելու հարցում ոչ բարենպաստ դիրքում են` ծրագրերի նպատակների հստակ սահմանումներ չլինելու և դրանց կատարողականների մասով ոչ բավարար տեղեկատվություն ունենալու պատճառով:
  3. Կոնգրեսի քաղաքականություններ մշակելու, ծախսային որոշումներ և ծրագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարողությունները լրջորեն սահմանափակվում և տուժում են ծրագրերի կատարողականների ևարդյունքների նկատմամբ ոչ բավարար ուշադրություն դարձնելու պատճառով:

[1]ԱՎԾ պաշտոնական տվյալներ, հաշվարկված է տնտեսապես ակտիվ բնակչության`աշխատուժի, թվաքանակի նկատմամբ: Հաշվարկն՝ ըստ նոր մեթոդաբանության:

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter