HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԲ. Գնաճը հիմնականում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում

2019 թ. հունվարի 29-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Օլեգ Աղասյանը: 

ԿԲ լրատվական ծառայության հաղորդմամբ, Խորհրդի նիստը սկսվեց հունվարի 29-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ 2018 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որը պայմանավորվել է բացառապես սեզոնային ապրանքների գների փոփոխություններով, մասնավորապես՝ «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերում գներն աճել են համապատասխանաբար 12.5% և 25.2%-ով, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է շուրջ 1.8 տոկոսային կետ: Այդուհանդերձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գները շարունակում են մնալ ցածր մակարդակում, ինչի հետևանքով տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%՝ շուրջ 1.0 տոկոսային կետով ցածր կանխատեսված ցուցանիշից: Միաժամանակ, գնահատվող թույլ ներքին պահանջարկով պայմանավորված՝ շարունակում է նվազել նաև բնականոն գնաճը, որը դեկտեմբերի վերջին կազմել է 2.6%:

Խորհուրդն անդրադարձավ ձևավորված տնտեսական միջավայրին. նշվեց, որ  2018 թ. չորրորդ եռամսյակի փաստացի արդյունքների համաձայն, պահպանվել է տնտեսական ակտիվության թուլացման միտումը՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի և հանքարդյունաբերության ենթաճյուղի թողարկման ծավալների նվազմամբ: Այս պարագայում տարեկան տնտեսական աճը գնահատվում է 5.0%-ի շրջակայքում, որին գերակշռող նպաստում ունեն արդյունաբերության և ծառայությունների ոլորտները: Դրան համապատասխան, չորրորդ եռամսյակում ներքին պահանջարկը ևս մնում է թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության զսպողական բնույթով (չորրորդ եռամսյակի հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 3.6 տոկոսային կետ զսպող) և մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ:

Խորհրդի նիստում ներկայացվեցին արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն չորրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական աճի տեմպերի որոշակի դանդաղում ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում, ինչն ուղեկցվել է նաև ապրանքահումքային միջազգային շուկաներում ցածր գնաճային միջավայրի պահպանմամբ: Միաժամանակ, առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները:

Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվեց, որ թե՛ նախորդ տարվա վերջին և թե՛ այս տարվա սկզբին շուկայի տարբեր հատվածներում դիտվել են հիմնականում կայուն միտումներ, և տոկոսադրույքները պահպանվել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկման էին ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կամ իջեցնելու տարբերակները: Հաշվի առնելով սպասվածի համեմատ ձևավորված ցածր գնաճային միջավայրը և առաջիկա ամիսներին դրա պահպանումը` պայմանավորված որոշ գնանկումային ռիսկերի դրսևորմամբ և արտաքին ու ՀՀ տնտեսություններից սպասվող ոչ գնաճային ազդեցություններով, ԿԲ խորհուրդը նախապատվությունը տվեց դրամավարկային պայմանների խթանման չափի մեծացմանը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում ավելի երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գների կայունության ապահովման համար։ Արդյունքում՝ ակնկալվում է, որ գնաճը հիմնականում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով 4% ցուցանիշի շուրջ:

Խորհուրդն անդրադարձավ նաև առկա գնաճային ռիսկերին, որոնք առավելապես նվազման ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Նշված ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter