Սուրբ Սարգսի տոնի միջոցառումների ժամանակացույց
Ս. Սարգսի տոնախմբություն` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո
Փետրվարի 4-ին` ժ. 15.30-ին, Արարատյան Հայրապետական թեմը սիրով հրավիրում է «Սիրահարների այգի»` մասնակցելու աննախադեպ տոնախմբության: Տեղի կունենա համերգային ծրագիր, ներկա կլինի Ս. Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորը` նվերներով և այլ անակնկալներ: Մուտքն ազատ է:
Այլ տոնական միջոցառումների ժամանակացույց.
Փետրվարի 1-ին և 2-ին տոնական միջոցառումներ Երևանի զորամասերում` երգչախմբերի, պարախմբերի, թատերախմբերի մասնակցությամբ:
Փետրվարի 3-ին` ժ. 16.00-ին, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ տեղի կունենա տոնական միջոցառում: Ներկաներին կբաժանվեն նվերներ և բացիկներ:
ժ. 15.00-ին` Նոր Նորքի թաղապետարանի հարակից պուրակում կկազմակերպվի տոնական միջոցառում, որից հետո մասնակիցները խաչերթով Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի կգնան, որտեղ օրհնության կարգից հետո ևս տեղի կունենա տոնական համերգ:
Փետրվարի 4-ին` ժ. 11.00-ին, Ս. Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, և տեղի կունենա երիտասարդների օրհնության կարգ (եկեղեցիները բաց կլինեն մինչև ուշ երեկո):
Ժ. 13.00-ին`ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում: Բացումը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիկսպոս Կճոյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հասցե`Աբովյան 13:
Ժ. 14.00-ին` ցուցահանդես Ազգային ակադեմիայի պատկերասրահում: Բացումը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիկսպոս Կճոյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հասցե` Բաղրամյան 24:
Սուրբ Սարգիս Զորավար
Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս Զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 4-ին:
Ս. Սարգիսն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում:
Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեություն: Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսն աստվածային հայտնությամբ հրաման է ստանում հեռանալ կայսրության սահմաններից:
Իր որդի Մարտիրոսի հետ ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստան՝ Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:
Շապուհը սիրով ընդունում է Սարգսին և նրան նշանակում զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը ընդունում են քրիստոնեությունը: Սակայն Շապուհը Սարգսից պահանջում է պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարը մերժում է նրան և կործանում է բագինը:
Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է որդին` Մարտիրոսը: Սարգիսը բանտարկվում է և գլխատվում, որից հետո նրա մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսի հավատարիմ 14 զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:
Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
Առաջավորաց պահք
Ս. Սարգսի տոնին համընկնում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված տարվա առաջին` Առաջավորաց պահքը (այս տարի հունվարի 30-ից փետրվարի 3-ը ներառյալ):
Ինչպես ավանդում է պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին նախքան մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայի հետ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլև, ինչպես պահանջում է Աստծո կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր գործած մեղքերի համար:
Ս. Սարգիսը` երիտասարդների և սիրո բարեխոս
Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն` Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլև սիրո հարցերում:
Հայաստանում տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող սուրբ է և արագահաս բարեխոս: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Ս. Սարգսի մասին ավանդապատումներ, աղոթքներ, տեղեկություններ կարող եք ստանալ Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքից:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել