
«Սասնա ծռերի» գործը կքննվի դռնբաց. դատարանը վերանայեց իր որոշումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը վերանայեց «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու որոշումը:
Նիստի մեկնարկին Արայիկ Խանդոյանի կնոջ՝ Անուշ Խանդոյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը միջնորդեց դատարանին վերանայել նախորդ նիստին դռնփակ քննելու վերաբերյալ իր որոշումը և հնարավորություն տալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկա գտնվել դատական նիստին:
Դատարանը միջնորդությունը բավարարեց՝ միևնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ կայացված որոշումն օրինական է. նիստը դռնփակ քննելու որոշում է կայացվել՝ հասարակական կարգը պահպանելու նկատառումով և հաշվի առնելով ոչ միայն նախորդ նիստի, այլ դատական այլ նիստերի ընթացքում քաղաքացիների վարքագիծը:
Մակյանը նշեց, որ կախված նրանից, թե հետագայում ինչ վարքագիծ կդրսեւորեն քաղաքացիները, դատարանը կաշկանդված չի լինի նորից վերանայելու իր որոշումը:
Նշենք, որ նախորդ դատական նիստին, երբ դատարանում ցուցմունք էին տալիս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, դահլիճում պարբերաբար մթնոլորտը լարվում էր, և դատավորը որոշեց նիստն անցկացնել դռնփակ և դահլիճում թույլատրել միայն լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությունը:
Մեկնաբանել